Միրզոյանը չի կարծում, թե Երևանն ու Բաքուն պատրաստ են այժմ անկլավ-էքսկլավների հարցը քննարկել

«Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին անկլավ-էքսկլավների հարցը քննարկելու», - այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր Միրզոյանից, որ եթե Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների օրակարգ բերի սահմանազատումն անկլավ-էքսկլավների հատվածում շարունակելու առաջարկ, հայկական կողմի դիրքրոշումը ո՞րն է լինելու՝ իրավիճակը թողնե՞լ այնպիսին, ինչպիսին կա, թե՞ փոխանակում իրականացնել։

«Չեմ կարծում, թե երկու երկրները պատրաստ են այս պահին այդ հարցը քննարկելու։ Մեթոդը և աշխարհագրորեն տեղը, որ ընկալում կա երկուստեք շարունակել աշխատանքները, մի փոքր այլ են և պակաս ռիսկային», - պատասխանեց Միրզոյանը։

Ճշտող հարցին, թե այնուամենայնիվ որտեղի՞ց կշարունակեն սահմանազատումը, Միրզոյանը պատասխանեց․ - «Հիմա, եթե ասեմ Հայաստանի ամենահյուսիսային կետից, կամ ամենահարավային կետից, կամ X գյուղից, դա շատ բան չի փոխելու Ձեր հարցի կոնտեքստում, Դուք անկլավներից եք հարցնում։ Ես ասում եմ՝ այդպիսի պայմանավորվածություն չկա։ Ճիշտ հակառակը՝ ընդհանուր առմամբ կա ընկալում, որ հարցերը, այդ թվում՝ այդ, տարբեր հեռանկարներ մտքում ունենալով՝ քննարկել ավելի ուշ փուլերում»։

Մեկ այլ հարցի, թե սահմանազատումը կարո՞ղ է շարունակվել Հայաստանի օկուպացված տարածնքերից, արտգործնախարարը պատասխանեց․ - «Ես այս փուլում, ի շահ սահմանազատման գործընթացի և ի շահ աստիճանական կայունացման, ավելի պակաս պոտենցիալ հակասությունների բերող կամ սրող տեղից կշարունակեի սահմանազատումը, բայց սա սահմանազատման հանձնաժողովների որոշելիքն է»։

Բաքուն ու Երևանն այսօր հայտարարել են, որ հունվարին նախատեսվում է սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը։

2024-ի գարնանը Տավուշի հատվածի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո կողմերը վավերացրին սահմանազատման կանոնակարգը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն, թե առաջիկայում որ հատվածներն են սահմանազատվելու:

«Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի», - այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հանձնաժողովի անդամների հանդիպման օրն ու վայրը չհստակեցնելով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունը հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին


Մանրամասները տե՛ս այստեղ