Կառավարությունն այսօր լռելյայն համաձայնություն տվեց հայ - ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու նախաձեռնությանը։
Օրենքի նախագիծը Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում էր։ Կրթության, ճանապարհաշինության ու այլ հարցերի շուրջ ավելի քան մեկ ժամանոց քննարկումից հետո միայն վարչապետ Փաշինյանը որոշեց պարզաբանել՝ ինչո՞ւ չքննարկեցին հա յ- ադրբեջանական սահմանազատման սկզբունքներն ամրագրող նախագիծը. - «Մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ Կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ, տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է: Քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան Ազգային ժողովում, իսկ բացասական դիրքորոշման դեպում արդեն դա լրիվ ուրիշ պատմություն է»:
Այսօրվա որոշումից հետո արդեն գործադիրը կդիմի Սահմանադրական դատարան պարզելու՝ արդյոք կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Մայր օրենքին: Այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի: Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:
Կանոնակարգը օգոստոսի 30-ին՝ սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Այդ ժամանակ գործադիրը բացատրում էր, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:
Մինչ Հայաստանը փաստացի սկսել է կանոնակարգի միջպետական վավերացման ընթացակարգը, Բաքուն, ըստ «Ազատության» ադրբեջանական ծառայության, մինչև այս պահը փաստաթուղթը չի հրապարակել՝ միայն հաստատել են, որ նման փաստաթուղթ կա՝ առանց հավելյալ մանրամասների:
Նախորդ դեպքերում հանդիպում-պայմանավորվածությունների մասին կողմերը միաժամանակ էին հաղորդում:
Փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ եղե՞լ է միաժամանակյա հրապարակման պայմանավորվածություն, արդյոք դա խախտվե՞լ է և ինչո՞ւ։ Հարցին բանավոր չպատասխանեցին, հորդորեցին գրավոր դիմել։
Համենայնդեպս Երևանը պայմանավորվածության խախտումներից դեռ չի խոսել:
«Եկեք կենտրոնանանք աշխատանքի վրա, ոչ թե աշխատանքի ընթացքում առաջացած պրոբլեմների վրա». - ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի կոչն է՝ ի պատասխան հարցի՝ մտահոգիչ չէ՞, որ Բաքուն Երևանի օրինակով չի հրապարակել կանոնակարգը։
«Ինչ-որ մի բան տեղի է ունեցել, չէ՞, որ երկու կողմերը համաձայնվել են հրապարակեն, հիմա Բաքուն չի հրապարակում». - ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը չի բացառում, որ Բաքուն ձգձգի հաստատման գործընթացը, իսկ սահմանազատումն առանց փաստաթղթի շարունակի։
«Քաղաքացիական պայմանագրից» Արման Եղոյան չբացառեց նման սցենարը, չնայած երկու երկրներն ապրիլի 19-ին իրենց ստորագրություններն այլ ձևակերպման տակ են դրել՝ որ սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ անկլավ-էքսկլավները ներառյալ, պետք է շարունակվի կանոնակարգի հաստատումից հետո։
«Հայաստանի իշխանությունները առանց որևէ իրավական հիմքի, առանց օրենքի, այսինքն՝ ապօրինաբար, Ադրբեջանին մեր ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքներ են հանձնել 2020 թվականին՝ Շուռնուխում, և 24 թվականին՝ Կիրանցի հատվածում: Այնպես որ, Ադրբեջանը կարող է չվավերացնի և առանց էդ թղթի էլի շարունակաբար Հայաստանից զիջումներ կորզի, Նիկոլ Փաշինյանն էլ կարող է գնա ինչ-որ տարածք, փակ հանդիպում անի, ասի՝ եթե չտանք, կռիվ կլինի», - նշեց Արթուր Խաչատրյանը:
«Գետնի վրա կարա մի ինչ-որ հատվածում էլի շարունակվի, բայց ամբողջական որպես փաթեթ՝ իհարկե ճիշտ կլինի, որ հրապարակվի, հաստատվի, նոր արդեն ըստ դրա շարունակվի», - ասաց Արման Եղոյանը:
Իշխանությունը հակասական հայտարարություններ է անում նաև Ալմա-Աթայի հռչակագրի մասին պայմանավորվածությունների վերաբերյալ. երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովւի նախագահ Սարգիս Խանդանյանը պնդում էր՝ Ալմա-Աթայի հռչակագրի դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնությունը կայացել է, այսօր նրա կուսակից Արման Եղոյանը՝ հակառակը, որ Բաքուն խուսափում է այդ հռչակագրին հղումից։
«Ենթադրում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ սահման ֆիքսել, իսկ մենք ցանկանում ենք Սովետական Միության փլուզման պահին եղած սահմանները ֆիքսել», - նշեց Եղոյանը՝ լրագրողի դիտարկմանը՝ «Դուք հիմա խոսում եք Ալմաթին խաղաղության պայմանագրում չհամաձայնեցնելու մասին», արձագանքելով. - «Չէ, ես խոսում եմ ընդհանրապես՝ բոլոր փաստաթղթերը»:
Հայ - ադրբեջանական սահմանազատման՝ անցած շաբաթ ստորագրված կանոնակարգում նշվում է, որ հանձնաժողովները որպես սկզբունք կհիմնվեն Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Բայց նաև ձևակերպում կա, որ եթե խաղաղության համաձայնագրում այլ սկզբունք ամրագրվի, այն կարող է գերակա լինել Ալմա-Աթայի համեմատ։