Մատչելիության հղումներ

Զինված ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքի ճանապարհներից. Արման Թաթոյան


Զինված ադրբեջանցիները պետք է հեռանան Սյունիքի ճանապարհներից, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որ նոր է ավարտել մարզային այցելությունը:

«Ազատություն». - Դուք Սյունիքից նոր եք վերադարձել: Եթե ընդհանուր գնահատեք վիճակը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, արդյոք կա՞ տագնապի, վախի, ապագայի հանդեպ անորոշության զգացում, և ի՞նչ ծավալի է դա, եթե կա:

Արման Թաթոյան. - Այս այցը նպատակ ուներ ուսումնասիրել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները փակվելու ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդկանց վրա ազդեցությունը մարդու իրավունքների տեսանկյունից, հատկապես հարակից բնակավայրերի:

Այսպես կոչված` սահմանային ու մաքսային վերահսկողություն, որ սահմանվել է, ինչպես հայտարարվել է պաշտոնապես, բացարձակ հիմքերից զուրկ, և նաև արդյունքում փակվել են ճանապարհները, զինված ծառայողներն էլ վերահսկողություն են իրականացնում:

«Ազատություն». - Այսինքն` տեսականորեն անհնար եք համարում, որ հայը գնա, անձնագիրն այնտեղ ցույց տա:

Արման Թաթոյան. - Այս պահին զինված ծառայողներն այնտեղ ներկա են, և մենք շատ ավելի դեպքեր արձանագրեցինք, որ նույնիսկ բաց եղած ժամանակ մեր քաղաքացիների նկատմամբ որքան անօրինականություններ են նրանք կատարել, բայց այստեղ նաև գլխավոր հարցն այն է, որ նրանց անօրինական արարքների հետևանքով գիտակցաբար, դիտավորյալ, որովհետև նրանք շատ լավ գիտեն` ինչ հետևանքներ են հասցնում, առաջացել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներ, և ամբողջը դրա հետևանքն է:

Այստեղ ես չէի ասի, որ ինչ-որ խուճապի տրամադրության, չի կարելի այդպես վերաբերվել, բայց մենք պետք է խնդիրը ճիշտ հասկանանք, որովհետև այդ ճանապարհների վիճակի դիտարկելիությունից, անվտանգությունից սկսած լուրջ խնդիրներ կան: Այդ երկու ճանապարհն էլ, այսպես կոչված` այլընտրանքայինը, որ հայտարարվել և առաջարկվում է, և հիմա միջոցներ են ձեռնարկվում, որ կառուցվի թե Ճակատենի, թե Կապանից դեպի Ճակատեն և գյուղերը, թե նաև դեպի Որոտան, Բարձրավան և Շուռնուխ, ու այնտեղ մենք Նոր Առաջաձոր էլ ունենք, այդ գյուղերը տանող ճանապարհները, երկուսն էլ մարդու անվտանգության լրջագույն սպառնալիքների տակ են, և կյանքի իրավունքն էլ ոտնահարված է: Երկու ճանապարհներն էլ ուղիղ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից, ընդ որում մի տեղում չի, գրեթե ամբողջությամբ դիտարկվում են:

Այդ այլընտրանքային, այսպես կոչված, ճանապարհի գաղափարը, որ այդքան շատ խոսվում է, շատ լավ է` մենք ունենանք այլընտրանքային ճանապարհներ, երկրի համար, կոմունիկացիաների համար լավ է, բայց այլընտրանքային ճանապարհներն ինչ ազդեցություն են գործում, երբ որ նույն կերպ դիտարկվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից: Ավելին` Կապանից Ճակատեն գնացող ճանապարհը, որը դիտարկվում է անտառի միջով, որ անցնում է, նաև մարդիկ վկայեցին, որ 90-ական թվականներին նաև թիրախավորել են ադրբեջանական զինված ուժերը, և այդտեղ դարձյալ տեղակայված են եղել, այդ թվում` դիպուկահարներով:

«Ազատություն». - Պատերազմի ժամանակ:

Արման Թաթոյան. - Այո, 90-ականների թվականները, դեռ մինչև հեռանալը այդտեղից եղել են:

«Ազատություն». - Բայց միայն դիտարկելն արդյոք նշանակում է, որ այդ ճանապարհներն այնպես, ինչպեք Դուք եք ներկայացնում, գործածության համար պիտանելի չեն, վտանգավոր են, որովհետև կարող են բերել օրինակ` Տավուշի օրինակը, ասենք` Բաղանիսի ճանապարհն էլ չէ՞ նշանառության տակ է 30 տարի:

Արման Թաթոյան. - Որովհետև ադրբեջանական զինված ուժերն իրականում այդտեղ, որ ներկա են, սպառնալիքն այդտեղից է գալիս. թշնամանքի պայմաններում, այս քաղաքականության, որ ադրբեջանական իշխանություններն այսքան խորացրել են` ֆաշիզմի, ծայրահեղության հասնող, ամեն օր ատելություն է տարածվում և խրախուսվում:

Բացի այդ, մենք պետք է նկատի ունենանք, որ այս զինված ծառայողները, ովքեր այնտեղ ներկա են, չեն պատժվել իրենց արարքների համար: Սրանք այն ծառայությունների ծառայողներն են, որոնք խոշտանգել, գլխատել ու դաժան վերաբերմունքի են արժանացրել մեր հայրենակիցներին:

«Ազատություն». - Պարո՛ն Թաթոյան, Դուք ունե՞ք այդպիսի փաստեր, որ դրանք հենց այդ զինվորականներն են: Այսպիսի հայտարարությունները կարող են իսկապես վախ ներշնչել մարդկանց:

Արման Թաթոյան. - Խոսքը վախի մասին չէ, մենք պետք է խնդիրը ճիշտ հասկանանք և ճիշտ պայքարենք խնդրի դեմ: Իրականում այս ծառայությունները, ես հատուկ զեկույցներով, ապացույցներով ցույց եմ տվել, որ այս, սահմանապահ ծառայությունն է այստեղ, սահմանապահ ծառայությունն էլ է այդ նույն դաժանությունն իրականացրել, խոսքը անհատ անձանց չի վերաբերում անուն-ազգանուններով, այլ այն ծառայությունները, որտեղ ներկա են: Շուշիում եղավ չէ՞ այդ ողբերգական դեպքը, այդ հանցագործությունը, որ կատարեցին. փողոցի մեջտեղում օրը ցերեկով գնդակահարեցին մարդուն, մյուսներին վիրավորեցին: Պատժվե՞լ են նրանք դրա համար կամ պատերազմի ժամանակ տեղի ունեցածի համար պատժվե՞լ են, ոչ էլ իշխանություններն են պատժվել: Դրա համար մեր գլխավոր խնդիրը պետք է լինի նրանց հեռացնելն այդ ճանապարհներից:

XS
SM
MD
LG