Մատչելիության հղումներ

Արծվաշենը՝ դատարկ, տները փլվում են, հարևան գյուղերի ադրբեջանցիները հայերի վերադարձը չեն ուզում․ բաքվեցի լրագրողի ռեպորտաժը


Արծվաշենը ադրբեջանական վերահսկողության տակ, արխիվ
Արծվաշենը ադրբեջանական վերահսկողության տակ, արխիվ

Հայկական անկլավ Արծվաշենը դատարկ է, անտեր մնացած տները փլվում են, գյուղն ադրբեջանցիներով չի բնակեցվել, կողքի գյուղերի բնակիչներն իրենց ոչխարներն են բերում արածեցնում Արծվաշենին պատկանող տարածքներում, որն իրենց համար արոտավայր են դարձրել, ու չեն ցանկանում, որ հայերը վերադառնան։

Ընդհանուր առմամբ այսպիսի պատկեր է բաքվեցի լրագրող Ֆաթիմա Մովլամլիի նյութում, որը հրապարակվել է JAMnews տարածաշրջանային հարթակում։ Գետաբեկի շրջանի Շինըխ գյուղի բնակիչ 53-ամյա Վելին ասել է, որ իր ընտանիքը կերակրում է այստեղ անասուններ պահելու միջոցով, և միայն ինքը չէ՝ շրջակա գյուղերի մարդիկ նույն կերպ են ապրում՝ աշխատանք չկա, գործազրկություն է, դժվարությամբ են հաց վաստակում։

«Եթե այս գյուղը չլինի, մենք կկորցնենք մեր գոյության վերջին հնարավորությունը։ Ստիպված կլինենք վերցնել մեր ընտանիքներն ու հեռանալ այստեղից», - ասել է անասնապահ Վելին։

Լրագրողը պատմում է, որ Արծվաշենի մուտքի մոտ մի քանի մարտական հենակետ կա, ինչ-որ վերահսկողություն կա, սակայն տեղացիներին չեն ստուգում, իրեն էլ չեն ստուգել, հարևան գյուղի բնակիչներից մեկն ուղեկցել է իրեն, ծանոթի տեղ են դրել։ Շրջապատում քիչ մարդիկ են եղել, մի քանի անասնապահ ու հող մշակող է տեսել։

Արծվաշենը, որ ադրբեջանցիները Բաշքենդ են անվանում, Հայաստանի նախկին Կրասնոսելսկի շրջանի ամենամեծ ու հարուստ գյուղն էր։ Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին՝ 1992 թվականի օգոստոսի սկզբին այստեղ տեղի ունեցած մարտերի արդյունքում ադրբեջանցիները գրավեցին Հայաստանի սահմանից 30 կիլոմետր հեռու ընկած գյուղը։ Արծվաշենը նախկինում անկլավ չի եղել, այն լեզվակի պես խորացած էր Ադրբեջանի տարածքում, հետո լեզվակը կտրվել է, ու գյուղը Խորհրդային Հայաստանի անկլավ է դարձել Խորհրդային Ադրբեջանի տարածքում, իսկ հիմա արդեն 32 տարի գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

90-ականների սկզբներին Գետաբեկի շրջանի գործկոմի ղեկավար Սալեհ Ռուստամլին ասել է, որ հայ բնակչության հեռանալուց հետո գյուղն ամբողջությամբ ամայացել է։ Նրա ասելով՝ ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագայում այնտեղ որևէ բնակեցում չի եղել։ «Սա վկայում է այն մասին, որ մենք գյուղը չեն վերցրել օկուպացիայի նպատակով։ Դա անհրաժեշտ էր անվտանգության համար» , - նշել է Գետաբեկի շրջանի նախկին ղեկավարը։

Հայ - ադրբեջանական կարգավորման բանակցություններում այս պահին թեև անկլավների հարցը սեղանի վրա չէ, սակայն այդ թեման շոշափվում է։ Սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ի նիստում կողմերը պայմանավորվել են շարունակել սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը տարբեր առիթներով մի քանի անգամ խոսել է հայերի վերահսկողության տակ գտնվող ութ գյուղերը վերադարձնելու անհրաժեշտության մասին, որոնցից չորսն անկլավներ են, մյուս չորսը՝ էքսկլավներ, վերջինների մասին ասելով, որ դրանք պետք է վերադարձվեն անվերապահորեն։ Այս պահին Տավուշի մարզի սահմանին ընկած ադրբեջանական չորս գյուղերի տարածքները վերադարձվում են, երկու կողմերի մասնագիտական խմբերը տեղում սահմանազատում են իրականացնում։

Անկլավների հարցում ըստ էության երկու տարբերակ կա․ դրանք կա՛մ վերադարձվում են, կա՛մ տարածքների փոխանակում է կատարվում։ Ադրբեջանցի քաղաքագետների մի մասի կարծիքով՝ ամենահարմար տարբերակը փոխանակումն է։

Անկլավների հարցում, Հայաստանի տարածքում ադրբեջանական չորս, իսկ Ադրբեջանի տարածքում հայկական մեկ գյուղերի հարցը լուծելու համար ադրբեջանցի քաղաքագետները գտում են, որ ամենահարմար տարբերակը տարածքների փոխանակումն է։

«Եթե նույնիսկ մնացած չորս գյուղերը, որոնք մենք պահանջում ենք, մեզ վերադարձնեն, ադրբեջանցիների համար այնտեղ ապրելը խնդիր կլինի, որովհետև մենք ստիպված ենք լինելու Հայաստանով գնալ-գալ։ Նույն կերպ, եթե նույնիսկ հիպոթետիկորեն ենթադրենք, որ Արծվաշենը փոխանցվի Հայաստանին, հայերը ստիպված կլինեն ճանապարհն անցել Ադրբեջանով։ Ուստի կարծում եմ՝ ապագայում այդ հարցի լուծումը հնարավոր է տարածքների փոխանակման միջոցով», - ասել է «Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն՝ հավելելով, թե չորս գյուղերի վերադարձից հետո շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը կարագանա։

<Հանրապետական այլընտրանք> կուսակցության (ReAL) առաջնորդներից Նաթիկ Ջաֆարլիի կարծիքով՝ եթե կողմերը տարածքների փոխանակման գնան, ապա անկլավների հարցը հավանաբար կլուծվի ամենավերջում։ «Եթե այդ հարցը լուծվի տարածքների փոխանակման հայեցակարգով, ինչը միանգամայն հնարավոր է, ապա դա առանց սահմանադրական բարեփոխումների հնարավոր չէ իրականացնել, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի սահմանադրություններով տարածքային փոփոխություն հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Այնպես որ, ինձ թվում է՝ սա մի հարց է, որը կարելի է լուծել ամենավերջում», -ասել է Ջաֆարլին։

Արծվաշենից ռեպորտաժը բաքվեցի լրագրողն ավարտում է կրկին խոսելով հասարակ գյուղացու հետ։ Մոտակա Դյուզրասուլլու գյուղ տանող ամայի ճանապարհին 65-ամյա Թալիա Մամեդովան ասել է, որ եթե հայերը վերադառնան, ոչ մի լավ բան չի լինի։ «Հայերի մասին լսողն այստեղ չի գա։ Մի խոսքով՝ հայերի ներկայությունն այստեղ մեզ խեր չի բերի»,- ասել է Արծվաշենի հարևան ադրբեջանական գյուղի բնակիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG