Գործարքը կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ. Միլլեր
«Մենք այլևս զիջելու բան չունենք, մի բան ունենք զիջելու, եթե ուզում են, թող վերցնեն, գնան՝ Նիկոլ Փաշինյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմությունից այսպես արձագանքում են պաշտոնական Վաշինգտոնի հայտարարությանը, թե խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է ծանր փոխզիջումներ։
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ «ծանր փոխզիջումների» մասին է խոսքը։ Ամերիկացի պաշտոնյան միայն նշել է, թե վաշինգտոնյան եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց են գրանցել, բայց համաձայնագիր դեռ չկա, և Վաշինգտոնը չի հանգստանա, մինչև համաձայնություն չլինի։
«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է ծանր փոխզիջումներ․ ՄիլլերԱյս հայտարարությունը հետևում է անցած շաբաթվա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցություններին, որից հետո կողմերը որևէ կոնկրետ պայմանավորվածության մասին չհաղորդեցին։
Պաշտոնական Երևանն առայժմ չի արձագանքել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի այս հայտարարությանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» նույնպես որևէ պարզաբանում ստանալ չի հաջողվել, թե ինչ «ծանր փոխզիջումների մասին է խոսում ամերիկյան կողմը։
Զիջումները վերաբերում են «Զանգեզուրի միջանցքին». ընդդիմության գնահատականը
«Ես նույնպես այդ հարցն ունեմ՝ էլ ի՞նչ ունենք զիջելու, որ չենք զիջել», - ասում է խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որն այս հարցի պատասխանն ունի. - «Դա Միլլերից մի օր առաջ Էրդողանն էր ասել՝ «Զանգեզուրի միջանցքն» է՝ այսպես կոչված։ Ադրբեջանը պարտադրում է այդ ճանապարհը բացել, Նիկոլ Փաշինյանն էլ որպեսզի այսպես կոչված՝ «միջանցք» չզիջի, պարտադրանքից փորձի դուրս գալ, մոգոնեց իր «Խաղաղության խաչմերուկը», որն էլի ամեն ինչ բերեց և կիզակետեց այդ 47 կիլոմետրի վրա։ Այդտեղ է հիմա Ադրբեջանի ատամը, դա են ուզում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կլինի խաղաղ համաձայնագրի վերջնական քայլը». ԷրդողանԱյն, որ «ծանր փոխզիջումը» վերաբերում է նաև այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին», համակարծիք է նաև խորհրդարանական ընդդիմադիր «Պատվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինչ վերաբերում է կոնկրետ հնարավոր զիջումներին և մասնավորապես Հայաստանին, ապա երկու հիմնական բան կա, որ տեսանելի է գոնե հրապարակային հայտարարություններից. առաջինը միջանցքային տրամաբանությունն է, որը, կարծում եմ, ամենածանր գործընթացն է», - «Ազատության»-ն ասաց նա։
«Նույն ձևի Միացյալ Նահանգները մշտապես հայտարարել է, որ պաշտպանում, սատարում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, բայց 21-22թթ. ընթացքում Ադրբեջանը ներխուժեց և օկուպացրեց տարածքներ, որոնք ակնհայտորեն որևէ կասկած չեն առաջացնում, որ դրանք Հայաստանի Հանրապետության տարածքներն են», - հավելեց նա։
Ճշտող հարցին, թե այսինքն՝ կարո՞ղ են փոփոխվել մոտեցումները, պատգամավորն արձագանքեց. - «Իրականում, նույնը վերաբերում է Արցախի հարցին»։
Ընդդիմությունն անթույլատրելի է համարում Հայաստանի և Ադրբեջանի առջև հավասարապես ծանր փոխզիջումներ դնելու ամերիկյան կողմի մոտեցումը։ Արթուր Խաչատրյանն ու Տիգրան Աբրահամյանը նկատում են՝ Հայաստանն է անցած չորս տարիների ընթացքում անհամաչափ զիջումների գնացել, մինչդեռ Բաքուն որևէ փոխզիջում չի արել։
«Արցախի Հանրապետությունն այս իշխանությունները զիջեցին, Ադրբեջանին տարածքներ զիջեց։ Հիմա որպեսզի Ադրբեջանի պահանջին՝ փոխել Սահմանադրությունը, կարողանա ենթարկվի, մի հեքիաթ են մոգոնել՝ նոր Հայաստան, իրական Հայաստան, որ այդ սոուսի տակ Սահմանադրությունը փոխեն։ Դպրոցի դասագրքերը փոխեցին, էլ ի՞նչ ունի Հայաստանը զիջելու։ Այլևս որևէ բան Հայաստանը չունի զիջելու», - նշեց Արթուր Խաչատրյանը։
«Ադրբեջանը բանակցային գործընթացի առարկա լինող հարցերի շուրջ, նաև որոշների դեպքում շանտաժի և ընդհուպ ագրեսիայի միջոցով է հասել, և այս պարագայում դա անտեսել և կողմերին բերել, միևնույն հարթության մեջ գնահատել և ակնկալիքներ ձևավորել, կարծում եմ, անթույլատրելի է», - շեշտեց Տիգրան Աբրահամյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը վերստին խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին
Վարչապետ Փաշինյանը բազմիցս է շեշտել՝ Հայաստանը կողմ է ճանապարհների ապաշրջափակմանը, բայց Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ առաջարկելով Բաքվին «Խաղաղության խաչմերուկ»-ով առաջ շարժվել։ Բաքուն մինչդեռ պահանջում է, որ Ադրբեջանը Սյունիքով կապվի Նախիջևանի հետ առանց որևէ մաքսային և սահմանային վերահսկողության։
ԱՄՆ պետքարտուղարը դեռ այս ապրիլին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը հայտարարեց, որ աջակցում են Հայաստանի վարչապետի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ընդգծելով՝ տարածաշրջանային ինտեգրացիան Հայաստանի անվտանգության և բարգավաճման բանալին է։
Ի դեպ, խաղաղության հասնելու ճանապարհին «դժվարին փոխզիջումների» մասին ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը խոսել էր նաև անցած տարի օգոստոսին՝ Արցախի վրա ադրբեջանական ռազմական ագրեսիայից ուղիղ մեկ ամիս առաջ։ 2023-ի սեպտեմբերին Արցախը հայաթափվեց, իսկ արդեն այս տարի Հայաստանը Ադրբեջանին վերադարձրեց Բաքվի պահանջած 4 գյուղերը։ Չնայած հայտարարված առաջընթացին՝ արդեն երկու տարի բանակցվող խաղաղության պայմանագիրը դեռ իրականություն չի դարձել։