Մատչելիության հղումներ

Վաշինգտոնյան բանակցություններից հետո ի՞նչ առաջընթացի մասին են խոսում Երևանն ու Բաքուն


ԱՄՆ - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն և Ջեյհուն Բայրամովը բանակցում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնենի միջնորդությամբ, Վաշինգտոն, 10-ը հուլիսի, 2024թ.
ԱՄՆ - Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն և Ջեյհուն Բայրամովը բանակցում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնենի միջնորդությամբ, Վաշինգտոն, 10-ը հուլիսի, 2024թ.

Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից երկու օր անց էլ ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ Բաքուն Միրզոյան-Բայրամով-Բլինքեն բանակցություններից մանրամասներ չեն հաղորդում:

Մինչ այդ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է վստահեցնում՝ բանակցություններն ընթացել են կառուցողական մթնոլորտում, բայց կոնկրետ համաձայնությունների մասին Սարգիս Խանդանյանը նախընտրեց չխոսել: Միայն նշեց՝ պաշտոնական Երևանը, ինչպես հրապարակային հայտարարություններում, այդպես էլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած բանակցություններին, պատրաստակամություն է հայտնել ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն Ադրբեջանն, ըստ նրա, լրացուցիչ նախապայման է առաջ քաշում:

«Հրապարակային այդ նախապայմանն է հնչեցնում Ադրբեջանի ղեկավարությունը, ինչը որևէ կերպ չի կարող դառնալ բանակցությունների քննարկման առարկա, որովհետև դա նախ ներքին հարց է: Այո, Հայաստանում իսկապես կա նոր Սահմանադրության հարց, բայց դա որևէ կապ չունի Հայաստան - Ադրբեջան կարգավորման գործընթացի հետ», - ասաց Խանդանյանը:

Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարց բարձրացրե՞լ է վերջին բանակցություններում

Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Բաքուն Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը բարձրացրել է վերջին բանակցությունների ընթացքում, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասաց՝ տեղեկություններ չունի:

Հուլիսի 10-ի եռակողմ հանդիպումից հետո Երևանն ու Բաքուն միայն հաղորդեցին՝ կողմերը նշել են խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գրանցած առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները: Թե ի՞նչ առաջընթացի մասին է խոսքը, պարզ չէ։

Ամեն դեպքում Երևանն ու Բաքուն տևական ժամանակ է՝ փոխանակում են պայմանագրի նախագիծը, բայց առանցքային հարցերի համաձայնեցման մասին որևէ հայտարարություն չեն արել: Արդյոք ամերիկյան կողմի միջնորդությամբ վերջին հանդիպմանը հաջողվե՞լ է համաձայնեցնել Հայաստանի համար առանցքային հարցերը՝ տարածքային ամբողջականության ճանաչում՝ Ալմաթիի հռչակագրի հիման վրա և ենթակառուցվածքների ապաշրջափակում՝ ինքնիշխանության փոխադարձ հարգմամբ: Սարգիս Խանդանյանն այս դեպքում էլ փակագծեր չբացեց, բայց պնդեց՝ փաստաթղթում առաջընթաց կա:

Սարգիս Խանդանյան, արխիվ
Սարգիս Խանդանյան, արխիվ

«Երբ մենք ասում ենք, որ փաստաթուղթը հնարավոր է վերջնականացնել, նկատի ունենք, որ մնացել են որոշակի ձևակերպումների հարցեր: Եվ երբ որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը կգան համաձայնության, իսկ դա հնարավոր է անել շատ արագ, սա Ադրբեջանի քաղաքական կամքի հարցն է, որովհետև Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատել դրա վրա, ապա շատ հավանական կլինի, որ ամենամոտ, սեղմ ժամկետներում հնարվոր կլինի խաղաղության պայմանագիրը ստորագրել: Սկզբունքների շուրջ ձևակերպումներն անշուշտ կարևոր են, և դրանք պետք է տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, որպեսզի աներկբա արտահայտեն կողմերի քաղաքական պայմանավորվածությունը», - ասաց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

Եթե տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բանավոր պայմանավորվածություններ ձեռք են բերել Պրահայում, հետո Բրյուսելում, ապա ճանապարհների ապաշրջափակման մասին կողմերը հստակ համաձայնության մասին չեն հաղորդել, հրապարակային հայտարարություններում Երևանի և Բաքվի դիրքորոշումները տարբերվել են: Ադրբեջանը պահանջել է առանց մաքսային վերահսկողության ճանապարհ Սյունիքով դեպի Նախիջևան, իսկ Հայաստանից հակադարձել են՝ երթուղիների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա միմյանց ինքնիշխանության հարգմամբ: Այս հարցը շարունակո՞ւմ է մնալ բանակցությունների օրակարգում:

«Ապաշրջափակման թեման բանակցություններում շարունակում է քննարկվել»

«Այս փուլում կարծես թե ապաշրջափակման վերաբերյալ շատ հրապարակային խոսակցություն չկա, բայց բանակցություններում այդ թեման շարունակում է քննարկվել: Ամեն դեպքում, իմ կարծիքով, առաջնահերթ է խաղաղության պայմանագրի ստորագրումը և դրանից հետո արդեն էդ դետալներին անդրադառնալը: Բայց դա շատ կարևոր հարց է, որովհետև հնարավոր չէ կայունություն և խաղաղություն պատկերացնել՝ ունենալով փակ սահմաններ ու ճանապարհներ», - ասաց Խանդանյանը:

Ավելի քան երկու տարի է՝ Երևանն ու Բաքուն փորձում են հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այս ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը պարբերաբար փոխել է բանակցային տրամաբանությունը՝ սկսած ձևաչափից մինչև բովանդակային հարցեր: Նաև այդպես Բաքուն կարողացավ երկու ամսվա ընթացքում հետ ստանալ 4 գյուղերը: Հայաստանի բանակցողները թեև նշում էին, թե խաղաղության պայմանագիր կստորագրվի, եթե ի թիվիս այլ հարցերի նաև սահմանազատման սկզբունքն ամրագրվի փաստաթղթում, այդուհանդերձ Տավուշում հատվածական սահմանազատումն իրականացվեց առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, այժմ էլ հայտնի չէ՝ սահմանազատման վերաբերյալ դրույթ պայմանագրի նախագծում կա, թե՝ ոչ։

Ադրբեջանն էր առաջարկում դելիմիտացիայի գործընթացն առանձնացնել խաղաղության պայմանագրից: Պահանջած գյուղերը ստանալուց հետո սահմանազատումը շարունակելու մասին Բաքվից որևէ հայտարարություն դեռ չկա: Սահմանված ժամկետում անգամ համատեղ աշխատանքի կանոնակարգը չհամաձայնեցվեց: Փոխարենը՝ այժմ էլ Բաքուն հետևողական առաջ է մղում Հայաստանի հիմնական օրենքը փոխելու հարցը: Իշխող ուժի ներկայացուցիչն ասում է՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում ոգևորություն չի ցուցաբերում:

«Գուցե հիմա բարձրացնում են Սահմանադրության հարցը, վաղը մեկ այլ հարց բարձրաձայնեն, բայց էդտեղից ակնհայտ է, որ դա ոչ թե իսկապես խնդիր է, այլ ցանկություն չկա խաղաղության պայմանագիր ստորագրելու», - ընդգծեց Սարգիս Խանդանյանը:

Մինչ վաշինգտոնյան բանակցությունները նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր հայտարարել՝ մեկ ամսում խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկին Բաքուն դրական չի արձագանքել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG