Մատչելիության հղումներ

Իրանը կողմ է Նախիջևան-Սյունիք ճանապարհի գործարկմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո․ Սոբհանի


Թեհրանը կողմ է ճանապարհների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո, հակառակը՝ միջազգային իրավունքի դեմ է, «Ազատության»-ը տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է Իրանի դիրքորոշումը Բաքվի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» հարցում։

Դեսպանը նախ ընդգծեց՝ Ադրբեջանի նեկայացրած պահանջների շուրջ որոշում կայացնողը Հայաստանն է, բայց միևնույն ժամանակ շեշտեց՝ Իրանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ հետևյալն է՝ Թեհրանը կողմանակից է, դեմ չէ սահմանային ապաշրջափակմանը։

«Դուք հարևան եք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, միշտ չեք կարող թշնամության մեջ լինել, և մի օր կլուծեք այդ հարցերը նրանց հետ։ Եվ բնական է, որ երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները կբացվեն։ Մենք կողմ ենք հաղորդակցային ուղիների բացմանը՝ Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Եվ սա պետք է վերաբերի տարածաշրջանի բոլոր երկրներին», - ասաց դեսպանը։

Սոբհանին հիշեցրեց՝ Իրանն այսօր Նախիջևանի հետ սահման ունի, և Ջուլֆայից կարող է երկաթգծով միանալ Երևանին, և ճանապարհով՝ Շատախտիից Երասխին։

«Երթուղին շատ կկարճանա։ Այսինքն՝ Մեղրիից Երևան մոտավորապես 6 ժամվա ճանապարհ է, իսկ Շատախտից մինչև Երասխ ու Երևան երևի մեկ ժամից էլ քիչ կլինի։ Այսինքն՝ եթե բացվի ճանապարհը, բոլորը կօգտվեն։ Սա ոչ միայն արևելք-արևմուտք, այլև հյուսիս -հարավին է վերաբերում։ Բայց ապաշրջափակումն այդ բոլորը պետք է ներառի իր մեջ՝ երկրների ազգային ինքիշխանության շրջանակներում», - ասաց դեսպանը՝ շեշտելով՝ ոչ ոք թույլ չի տալիս, որ իր տարածքում իր օրենքները չպահպանվեն, դա միջազգային իրավունքի դեմ է և չպետք է այստեղ որևէ դիվիդենտ ստեղծվի։ Եվ օգուտն էլ պետք է վերաբերի բոլորին։

Անցած տարեվեջին Բաքուն հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցք»-ը կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։ Սակայն, այս տարեսկզբից Ադրբեջանը հարցը կրկին օրակարգ է բերել՝ պնդելով, թե Հայաստանը պետք է Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրի՝ առանց մաքսային ու սահմանային վերահսկողության։

Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի գործում»

«Ազատություն». - Այն, որ Դուք նշում եք, որ պետք է հարգվի ինքնիշխանությունը, այդ մասին նաև Հայաստանն է խոսում, առաջարկելով «Խաղաղության խաչմերուկը»։ Բայց Ռուսաստանը պնդում է, թե նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Նախիջևան-Սյունիք այդ հատվածը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։ Եվ այժմ արդեն կան տեղեկություններ, որ այդ գործառույթը կարող է վստահվել որևէ եվրոպական կամ միջազգային կազմակերպության։ Իրանի համար այս տարբերակներից ո՞րն է առավել ընդունելի։

Սոբհանի. - Ես արդեն ասացի մեր դիրքորոշումը՝ մենակ կողմ ենք, որ լինի Հայաստանի տարածքային ինքնիշխանության ներքո։ Այն համաձայնագիրը, ինչի մասին Դուք նշեցիք, դրանում առկա պայմանավորվածությունների մի մասն այլևս գոյություն չունի։ Դուք միայն այդ պայմանավորվածությունների մի մասն եք ասում։ Սա մի համաձայնագիր է, որը նաև ուրիշ հարցեր է ընդգրկել։ Այդ հարցերի մեջ եղել են Ղարաբաղը, Ղարաբաղի և Հայաստանի կապը, Լաչին-Շուշի կապը։ Դրանք հիմա չկան, որ ուզենանք դրանց հղում անել։ Հիմա իրականում չկա գործնական առումով գոյություն ունեցող փաստաթուղթ։

«Ազատություն». - Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ չի գործում այդ փաստաթուղթը։

Սոբհանի. - Այո՛, դա չի գործում։ Եվ այդ պայմանավորվածությունների մի մասն արդեն գոյություն չունի։ Եվ մնացածն էլ, բնականաբար, գոյություն չունեն։

«Մեր կարմիր գիծը Հայաստանի հետ մեր սահմանի խզումն է»

«Ազատություն». - Պարոն դեսպան, նշեցիք, որ կողմ եք, որ այդ ճանապարհները ապաշրջափակվեն, կարո՞ղ ենք ասել, որ Իրանը կողմ է, որ ապագայում, Բաքուն Սյունիքով դուրս գա Նախիջևան։ Մենք գիտենք, որ Բաքուն այդ կապը հիմա ապահվում է Իրանի միջոցով։ Դուք, այսինքն, որևէ խնդիր ձեր շահերի հետ կապված չեք տեսնո՞ւմ այս հարցում։ Հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ սա Իրանի համար կարմիր գիծ է։

Սոբհանի. - Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լիելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի։ Այսինքն՝ այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ։ Սա է մեր կարմիր գիծը։ Մնացած ապաշրջափումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգեն Հայաստանի օրենքները։ Դուք շատ եք անդրադառնում այդ հարցին, նրանք մի բան ասում են, դուք այնքան եք անդրադառնում այդ հարցին, որ ուռճացնում եք։ Նրանք զբաղեցրել են ձեզ մի նախադասությամբ։ Նայեք, եթե մի երկիր ուրիշ երկրից դիվիդենտ է ուզում, արդյո՞ք պատրաստ է ինքն էլ դիվիդենտ տալ այդ երկրին։ Երկրները միմյանց հետ խոսում են, որ դյուրացնեն իրենց հարաբերությունները, բայց չեն թողնի, որ իրենց ազգային ինքիշխանությունը խախտվի, ուրիշները մտնեն իրենց տարածքի մեջ, և դա լինի իրենցը։ Եթե Հայաստանն ուզենար, որ նման բան պատահեր, նման գին չէր վճարի։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG