Մատչելիության հղումներ

Խաղաղության համաձայնագիրը կողմերից պահանջում է ծանր փոխզիջումներ․ Միլլեր


ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլեր, արխիվ

Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպման ժամանակ կողմերն առաջընթաց գրանցել են, բայց համաձայնագիր դեռ չկա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը չի հանգստանա մինչև համաձայնություն չլինի։

Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, Միլլերը չի մանրամասնել։ Սակայն նշել է, որ Երևանն ու Բաքուն երկար ճանապարհ են անցել ու անհավանական առաջընթաց գրանցել։

«Խաղաղության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկու երկրների և տարածաշրջանի համար՝ բերելով խաղաղություն, կայունություն, տարածաշրջանին անվտանգություն», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ շեշտելով՝ Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղության պայմանագրի առաջ մղման հարցում։

«Մենք իսկապես կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց այն կողմերից պահանջում է որոշ բարդ ընտրություններ և ծանր փոխզիջումներ: Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում», - ասել է Միլլերը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի եռակողմ հանդիպումը։ Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հասնելու վերջնական համաձայնության, թեև եռակողմ հանդիպումից հետո ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածության կամ արդյունքի վերաբերյալ այդպես էլ որևէ հայտարարություն չի հնչել։

Երևանն առաջարկել է Բաքվին մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, իսկ Ադրբեջանի արտգործնախարարը Վաշինգտոն մեկնելուց առաջ կրկին հիշեցրել է խաղաղության պայմանագրի ստորագրման համար Բաքվի գլխավոր նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։

Վերջին շրջանում Բաքուն խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման է համարում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ խնդրահարույց համարելով, որ Մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում խոսվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։

Երևանը պարբերաբար հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է և Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապակցելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG