Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ կստորագրվի խաղաղության համաձայնագիր. Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմ դը Վաալը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող «Սև այգի» գրքի հեղինակն է, կարծում է՝ հավանականությունը 50:50 է:
«Ես ենթադրում եմ, որ այստեղ երկու մեծ հարց կա. առաջինը՝ արդյո՞ք կարելի է համաձայնություն ձեռք բերել, և երկրորդը՝ որքանո՞վ այն կայուն կլինի: Կարծում եմ՝ դեռ 50:50 է, երբ խոսքն այս տարի համաձայնություն ձեռք բերելու մասին է», - նշեց Դը Վաալը:
Ըստ փորձագետի, թեև մինչ այս որոշակի առաջընթաց նկատվել է, օրինակ, անցած տարի Ադրբեջանը որոշ հայ բանտարկյալների ազատ արձակեց, Հայաստանը որոշեց վետո չկիրառել և թույլ տալ Բաքվում անցկացնել COP-29 գագաթնաժողովը, որոշ չափով առաջ շարժվեց նաև սահմանազատման հարցը, բայց Բաքուն այժմ նոր նախապայման է առաջ քաշում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, և դա շատ բարդ հարց է Երևանի համար:
«Ենթադրում եմ՝ մյուս խնդիրն այն է, որ նույնիսկ եթե մենք խոսում ենք կարգավորման համաձայնագրի մասին, որոշ բաներ այնտեղ չեն լինի: Օրինակ, ներկայումս, ինչպես ես եմ հասկանում, տեքստում ոչինչ չկա հաղորդակցությունների մասին՝ Սյունիքով դեպի Նախիջևան տանող երթուղու մասին, այն, ինչ Ադրբեջանը անվանում է «Զանգեզուրի միջանցք»։ Դա, հավանաբար, համաձայնության մեջ չի լինի: Այսպիսով, դա շատ բարդ խնդիր է, որը դեռ պետք է լուծվի: Ու էլի կան շատ մարդասիրական հարցեր, բանտարկյալների հարցը, էլի պարզ չէ՝ բոլորը կլուծվեն, թե՝ ոչ: Այսպիսով, կարծում եմ, որ գուցե ինչ- որ համաձայնագիր լինի մոտ ապագայում, սակայն միևնույն ժամանակ ամեն ինչ չափազանց դժվար է», - ընդգծեց Թոմ դը Վաալը:
Չնայած Հայաստանը խաղաղության պայմանագիրը մեկ ամսում ամբողջացնելու ու ստորագրելու պատրաստակամություն է հայտնել, Երևանից նշում են՝ Ադրբեջանն է գործընթացը ձգձգում, վերջերս էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայ - ադրբեջանական համաձայնության նոր ձևաչափ է առաջ քաշում՝ հիմնական սկզբունքների նախաստորագրում՝ դարձյալ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պայմանով։
«Եթե ստորագրվի, դա կարող է մի շրջանակային համաձայնագիր լինել»
Ըստ Թոմ դը Վաալի՝ ամեն դեպքում, եթե ապագայում ինչ-որ բան էլ ստորագրվի, ապա դժվար թե կողմերը մեծածավալ համաձայնագիր ստորագրեն, որը կընդգրկի բոլոր հարցերը. նման փաստաթղթերը չափազանց ծավալուն են, դրանց վրա սովորաբար բազմաթիվ աշխատանքային խմբեր երկար չարչարվում են և այժմ ակնհայտ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կուտակված բազմաթիվ պատմական հարցերը դժվար արագ լուծվեն, ուստի եթե ստորագրվի, ըստ փորձագետի, դա կարող է մի շրջանակային համաձայնագիր լինել՝ ընդհանուր սկզբունքներով, սակայն սատատան միշտ մանրուքներում է:
«Փաստացի այն, ինչի մասին մենք խոսում ենք, ըստ էության, շրջանակային համաձայնագիր է: Դա համաձայնագիր է, որը հիմնականում սահմանում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման պայմանները։ Այնպես որ, այդ առումով, ես չեմ կարծում, որ սկզբունքների մասին համաձայնագիրը շատ խնդրահարույց կլինի, բայց հարցը՝ մանրամասներն են, իմ կարծիքով, այ այդտեղ արդեն խնդրահարույց շատ կետեր ի հայտ կարող են գալ, քան ընդհանուր սկզբունքներում», - նշեց Դը Վաալը:
Այսինքն՝ հնարավո՞ր է արդյոք, որ նույնիսկ ընդհանուր սկզբունքների շուրջ համաձայնության հանգելուց հետո Ալիևը դրանք մի կերպ մեկնաբանի, իսկ Նիկոլ Փաշինյանը լրիվ այլ կերպ, հարցին Թոմ դը Վաալն արձագանքեց. - «Այն, ինչի մասին ասում եք, ցույց է տալիս, որ կա նաև ընդհանուր անվստահություն։ Եվ ես կարծում եմ, որ դա է պատճառը, որ հայկական կողմի համար կարևոր է նաև միջազգային ինչ-որ ներգրավվածություն ունենալը: Եվ դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը կսատարեր խաղաղ գործընթացին: Այստեղ էլ ակնհայտորեն կան արևմտյան շահեր։ Եվ հետո կա մեկ այլ հարց, թե ո՞րն է Ռուսաստանի դերը, ո՞րն է Ռուսաստանի շահն այստեղ։ Այնպես որ, իհարկե, ընդհանուր կոնտեքստը այնքան էլ լավը չէ։ Բայց միևնույն ժամանակ՝ չեմ կարծում, որ որևէ մեկը՝ Հայաստանը կամ Ադրբեջանը, ցանկանում են նոր մեծ հակամարտություն։ Կարծում եմ, որ հավանաբար լավ նորությունն այն է, որ ոչ ոք շահագրգռված չէ պատերազմով»։
Իսկ արդյո՞ք միջազգային միջնորդներն ինչ -որ դերակատարություն կունենան: Ադրբեջանը պնդում է, թե իրենց ոչ մի միջնորդ էլ պետք չէ, որ միջնորդները մշտապես խանգարել են և խանգարում են: Բայց արդյո՞ք հնարավոր է որևէ համաձայնագիր առանց միջնորդների և խաղաղություն առանց երաշխավորի... Ըստ Թոմ դը Վաալի՝ իհարկե ցանկացած հակամարտությունում իդեալական սցենար է, եթե հակամարտող կողմերը միմյանց հետ կարողանան պայմանավորվել, սակայն դա իդեալական տարբերակում, մինչդեռ կյանքում հակամարտությունների մեծ մասը պահանջում են երրորդ կողմի միջնորդություն:
Դը Վաալի կարծիքով՝ լավագույն սցենարը Հայաստանի և Ադրբեջանի դեպքում երկու կառավարությունների միջև երկկողմ գործընթացում շրջանակային համաձայնությունն է, իսկ մանրամասներն արդեն մշակվեն միջազգային փորձագիտական աջակցությամբ՝ լինեն դրանք տրասնպորտային հարցերը, որտեղ միջազգային շահ կա, թե սահմանազատման հետ կապված խնդիրները, որոնք մանրամասն աշխատանք են պահանջում:
«Լավատեսական սցենարն այն է, որ երկկողմ գործընթացը հասնի ինչ-որ համաձայնության ու հետո միջազգային հանրությունը աջակցի և լրացնի բոլոր մանրամասները, միգուցե նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև լինի: Բայց ես ենթադրում եմ, որ կրկին այստեղ դեռ շատ հարցեր կան, թե իրականում ինչ է ուզում Ադրբեջանը, որն ակնհայտորեն այժմ առավել ուժեղ կողմն է: Որքանով են նրանք խաղաղություն ուզում, թե իրականում ցանկանում են, որ վիճակը, որտեղ չկա խաղաղություն, շարունակվի, որպեսզի փորձեն ավելին ստանալ Հայաստանից», - ասաց փորձագետը: