Ծանր հանցանքների համար մեղադրվող որդուն ներում շնորհելու Ջո Բայդենի որոշումը սուր քննադատության է արժանացել: Ընդ որում՝ Միացյալ Նահանգների հեռացող նախագահին քննադատում են ինչպես հանրապետականները, այնպես էլ նրա կուսակից դեմոկրատները: Նշում են, որ այդ քայլը վատ նախադեպ է ստեղծում և խարխլում է ԱՄՆ արդարադատության նկատմամբ վստահությունը:
Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենի քայլը արդարադատության չարաշահում է համարել:
Բայդենը, որը նախորդիվ քանիցս հայտարարել էր, թե չի անի նման բան, որդուն ներում շնորհելով՝ փաստացի չպահեց իր իսկ խոստումը։ Նա իր որոշումն արդարացրել է՝ պնդելով, թե որդուն ընտրողաբար են հետապնդել և անարդարացիորեն թիրախավորել են իր քաղաքական հակառակորդները:
Սպիտակ տունը ևս շտապել է արդարացնել Բայդենի որոշումը՝ հայտարարելով, թե նախագահը մտավախություն ուներ, որ իր քաղաքական հակառակորդները հետագայում կշարունակեին հետապնդել Հանթերին:
Ուշագրավ է, որ Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը նախկինում բազմիցս պնդել էր, թե նախագահը ներում չի շնորհի որդուն, այդ թեմայով հարցերին տալով հետևյալ պատասխանները.
«Ոչ: Հենց նոր պատասխանեցի, որ ոչ»:
«Ես շատ հստակ եմ ասել, որ նախագահը չի պատրաստվում ներում շնորհել նրան»:
«Նորից պետք է ասեմ, որ պատասխանը, այդուհանդերձ, ոչ է: Պատասխանը ոչ է, կլինի ոչ, և այլ բան չունեմ ավելացնելու: Ներում կշնորհի՞ նա իր որդուն: Ոչ»:
«Կարող եմ ասել նախագահի անունից: Նա ասել է, որ ներում չի շնորհի իր որդուն: Բավարարվենք այսքանով»:
54-ամյա Հանթեր Բայդենը մեղադրվում է 1.4 մլն դոլարի հարկ վճարելուց խուսափելու մեջ, ինչի համար կարող էր դատապարտվել մինչև 17 տարվա ազատազրկման: Մյուս մեղադրանքը վերաբերում է զենք գնելու հետ կապված օրենքի խախտմանը, ինչի համար նախատեսված է մինչև 25 տարվա ազատազրկում:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովի հանրապետական նախագահ Ջեյմս Քոմերը հայտարարել է, թե Ջո Բայդենը «սկզբից մինչև վերջ ստել է իր ընտանիքի կոռումպացված ազդեցության, առևտրային գործունեության մասին»: «Նա ոչ միայն կեղծ պնդում է արել, թե երբեք չի հանդիպել որդու օտարերկրյա գործարար գործընկերների հետ, և որ իր որդին ոչ մի վատ բան չի արել, այլ նաև ստել է, երբ ասել է, թե ներում չի շնորհի Հանթեր Բայդենին», - ասել է Քոմերը:
ԱՄՆ նախագահի որոշումը քննադատել են նաև նրա կուսակիցները: Կոլորադոյի դեմոկրատ նահանգապետ Ջարեդ Փոլիսն ասել է, որ չնայած որպես հայր, անշուշտ, հասկանում է իր որդուն օգնելու Բայդենի բնական ցանկությունը, սակայն հիասթափված է, որ նախագահն իր ընտանիքը վեր է դասել երկրից:
Արիզոնայից Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գրեգ Սթենթոնն, իր հերթին, ասել է, թե հարգում է նախագահին, բայց կարծում է, որ նա սխալ է հասկացել իրավիճակը: «Սա քաղաքական դրդապատճառներով հետապնդում չէր: Հանթերը հանցագործություններ է կատարել և դատապարտվել է երդվյալ ատենակալների կողմից», - ընդգծել է նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել որդուն՝ Հանթեր Բայդենին