Միացյալ Նահանգներում մեղադրանք է առաջադրվել նախագահ Ջո Բայդենի որդուն՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հանթեր Բայդենին մեղադրում են, մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերին ատրճանակ ձեռք բերելիս ստելու համար, թե թմրանյութեր չի օգտագործում։ Թեև, ինչպես նշել է նրան մեղադրանք առաջադրած հատուկ դատախազ Դեյվիդ Վայսը, նա այդ ժամանակ պայքարել է կոկաինից կախվածության դեմ։
Հատուկ դատախազը պնդում է, որ ԱՄՆ նախագահի որդին թմրանյութ օգտագործելիս հրազեն է ունեցել։ Բայդեն կրտսերին վերագրվող երկու գործողություններն էլ, ինչպես պարզաբանում է CNN-ը, դաշնային հանցագործություններ են։
Ըստ The New York Times-ի՝ եթե Հանթեր Բայդենը մեղավոր ճանաչվի իրեն առաջադրված մեղադրանքներում, նրան սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում և 750 հազար դոլար տուգանք։