«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) ղեկավար Էդմոն Մարուքյանն ու օրերս գրավի դիմաց կալանքից ազատված Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն իրար մեղադրում են իշխանությունների հետ գործարքի գնալու և Վանաձորում տեղական իշխանության մարմինների աշխատանքը կաթվածահար անելու մեջ։
Երկու օր առաջ նախկին համայնքապետն էր բանտից դուրս գալուց հետո լրագրողներին ասել, թե Էդմոն Մարուքյանն իշխանությունների պահանջով ընտրությունների արդյունքները վիճարկել ու կասեցրել է համայնքի ղեկավար ընտրելու ավագանու գործողությունները։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ի պատասխան ասում է՝ նախկին համայնքապետն է իշխանությունների հետ գործարքի գնացել՝ արդեն 10 ամիս դատարանները Վանաձորի ավագանուն համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունն են տվել, բայց ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն օգտվել դրանից։ Վանաձորում դեռ ժամանակավոր կառավարում է։
«Արգելանքը վերացրել են 2023թ. սեպտեմբեր ամսից, սակայն ընդդիմադիր խմբակցություններն ինչ-որ գործարք ունեն, ինձ թվում է, իշխանության հետ, այդ գործարքի շրջանակներում այդպես էլ չեն ցանկանում նիստ գումարել։ Բայց, որպեսզի պատասխանեն մարդկանց, թե ինչու նիստ չէին գումարում նիստ, ասում են՝ «Լուսավոր Հայաստանը» դատի է տվել։ Պատկերացնո՞ւմ եք՝ 23թ. սեպտեմբերից կարող են նիստ գումարել, ընտրել քաղաքապետ, բայց չեն անում։ Հիմա քանի որ ազատության մեջ է, սպասում ենք, թող ինքը հենց հիմա նիստ գումարել տա, եթե գործարք չկա, թող հենց հիմա նիստ գումարել տա և ընտրվի քաղաքապետ», - ասաց Մարուքյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում քաղաքական ուժերը միմյանց են մեղադրում համայնքի ղեկավարի ընտրությունը տապալելու հարցում
2 տարի 7 ամիս բանտում անցկացրած Մամիկոն Ասլանյանն այսօր արդեն ազատության մեջ է։ Արդյոք նրա գլխավորած դաշինքը կնախաձեռնի համայնքի ղեկավարի ընտրություն, նախկին համայնքապետն այսօր էլ չի հստակեցնում։ Երկու օր առաջ լրագրողներին ասել էր՝ տուն կգնա, կգնահատի իրավիճակն ու որոշում կկայացնի։ Այսօր «Ազատության»-ն ասաց՝ դեռ որոշում չունի։
«Առանց կանխատեսելու իմ գործողությունները, որ դրանք կունենան որևէ դրական արդյունք, ես այդ գործողությունների մեջ չեմ մտնելու, որպեսզի որևէ կերպ չստվերեմ իմ անցած ճանապարհն ու ուղին, հետևաբար այս պահին դեռևս որոշումների կայացման փուլում եմ», - նշեց Ասլանյանը։
ԼՀԿ-ն ու Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը դեռ 2016-ից քաղաքական հակառակորդներ են, չնայած 2021-ի Վանաձորի ավագանու ընտրություններին երկուսն էլ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» դեմ՝ ընդդիմադիր դիրքերից էին պայքարում համայնքի ղեկավարի պաշտոնի համար։ Հանրապետական կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը 2016-ին մեծ աղմուկով համայնքապետ դարձավ։ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի եղբայրը, որ համայնքապետ դառնալու շանսեր ուներ, այդպես էլ չընտրվեց։ ԼՀԿ-ն դա մանդատագողություն անվանեց, հասավ մինչև Սահմանադրական դատարան, միևնույնն է՝ պարտվեց, ավագանիում ընդդիմություն դարձավ։ 5 տարի անց դերերը փոխվեցին՝ «Լուսավոր Հայաստանը» բավարար ձայներ չստացավ, ավագանուց դուրս մնաց, Մամիկոն Ասլանյանն էլ ոչ միայն Վանաձորում ընդդիմություն դարձավ, այլև կալանավորվեց կոռուպցիոն հանցանքների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինձ ոչ մի առաջարկություն չի եղել, ես էլ գործարքի գնացող չեմ. Մամիկոն Ասլանյան
Այժմ դատական գործընթացներն ընտրությունների արդյունքների մասով ավարտված են, ԼՀԿ-ն Վանաձորի ավագանիում մանդատ ստանալու որևէ հնարավորություն չունի։ Մամիկոն Ասլանյանն էլ բանտից դուրս գալուց հետո կշարունակի՞ պայքարը, թե՞ ոչ, հայտնի չէ։
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը դեռ ամիսներ առաջ էր բարձրաձայնում, թե Վանաձորում իշխանությունը յուրացված է, սահմանադրական կարգը՝ տապալված։ Այսօր կրկնեց՝ կառավարությունն անգործություն է ցուցաբերում, ավագանու խմբակցություններն իրենց քաղաքական դրդապատճառներով լուռ են։
«Ցայտուն օրինակն է, թե ինչպես են մանդատ ստացած, քվե ստացած ուժերն ուղղակիորեն իրենց քաղաքական և անձնական շահերով պայմանավորված ոչ նպատակահարմար քայլեր իրականացնում՝ խախտելով մի ամբողջ համայնքի բնակչության ընտրական իրավունք», - նկատեց նա։
Մամիկոն Ասլանյանի թիմակիցները նույնպես ո՛չ իրավական, ո՛չ էլ քաղաքական որևէ գործողություն չեն ձեռնարկել։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի վերջին հրապարակային հայտարարությունը մեկուկես տարի առաջ է եղել, երբ նրանց թիմակիցներից երկուսն առանձնացան իրենց քաղաքական ուժից ու դադարեցնելով բոյկոտը՝ սկսեցին մասնակցել իշխանական ուժերի նախաձեռնած նիստերին։ Արդյոք թիմն այդ ժամանակ մասնատվեց, ու նվազեցրին Մամիկոն Ասլանյանի համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունները, այդպես էլ չմեկնաբանեցին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորում շարունակվող կառավարման ճգնաժամի հանգուցալուծումը չի երևում
Այսօր էլ պարզ չէ՝ Մամիկոն Ասլանյանը համայնքապետի ընտրություն նախաձեռնելու դեպքում ավագանիում կունենա՞ բավարար ձայներ, արդյո՞ք նրա բոլոր թիմակիցները կքվեարկեն նրա օգտին։ 2021-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ Մամիկոն Ասլանյանը համայնքի ղեկավար ընտրվելու լուրջ շանսեր ուներ։