Զելենսկին խոստացել է՝ Ռուսաստանը կատարվածի համար պատասխան կտա
Ռուսական զորքերն այսօր առավոտյան երկու բալիստիկ հրթիռներով հարվածել են Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Պոլտավա քաղաքին, նախնական տվյալներով՝ զոհվել է 47, վիրավորվել՝ ավելի քան 200 մարդ։ Սա զոհերի և վիրավորների թվով ռուսական զորքերի ամենախոշոր հարձակումներից մեկն է արդեն երկու տարուց ավելի շարունակվող լայնածավալ պատերազմում։ Նախագահ Զելենսկին խոստացել է՝ Ռուսաստանը կատարվածի համար պատասխան կտա։
«Ռուս տականքն անպայման պատասխան կտա այս հարվածի համար։ Եվ մենք նորից ու նորից ասում ենք բոլորին աշխարհում՝ ովքեր կարող են կանգնեցնել այս ահաբեկչությունը, ՀՕՊ համակարգեր և հրթիռներն անհրաժեշտ են Ուկրաինայում, այլ ոչ թե ինչ-որ տեղ պահեստում: Հեռահար հարվածներ, որոնք կարող են պաշտպանել ռուսական ահաբեկչությունից, անհրաժեշտ են հիմա, ոչ թե որոշ ժամանակ անց: Ամեն ուշացում, ցավոք, մարդկային կորուստ է նշանակում», - հայտարարել է նա։
Ըստ BBC-ի ուկրաինական ծառայության՝ հրթիռակոծության թիրախում է եղել Պոլտավայի ռազմական ուսումնական հաստատություններից մեկը։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում է, որ երբեմնի բարձրահարկ շենքերից միայն փլատակներ են մնացել։ Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել։
Երեկ ուշ երեկոյան էլ ռուսները հրթիռակոծել էին Զապորոժիեի հյուրանոցներից մեկը, միևնույն ընտանիքից զոհվել են 38-ամյա մայրն ու 8 տարեկան որդին, 12-ամյա աղջիկն ու հայրը՝ վիրավորվել։ Աղջիկը ծանր վիճակում է։
Ռուսներն առաջ են գնում Պոկրովսկի ուղղությամբ
Ռուսներն առաջ են գնում ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի ուղղությամբ, որտեղով անցնում են ուկրաինական բանակի մատակարարման ուղիները։ Ըստ տեղից ստացվող տեղեկությունների՝ այժմ ռուսները գտնվում են քաղաքից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա: Երեկ նախագահ Պուտինն էր հայտարարել, թե բանակը Դոնեցկի մարզում ռեկորդային արագությամբ է առաջ գնում. - «Մենք առաջխաղացման նման արագ տեմպ չենք ունեցել, առաջ ենք գնում օրական ոչ թե երկու-երեք հարյուր մետրով, այլ կիլոմետրերով»։
Անկախ աղբյուրներից այս տեղեկությունները անհնար է հաստատել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավիճակն Ուկրաինայում Ռուսաստանի հիմնական թիրախի շուրջ «բարդ է». Սիրսկի
Ինչո՞ւ ուկրաինական բանակը որոշեց Ռուսաստան ներխուժել
Արևմտյան փորձագետները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ Դոնեցկում պաշտպանական գծերն ուժեղացնելու փոխարեն ուկրաինական բանակը որոշեց Ռուսաստանի տարածք ներխուժել։
«Կիևի այդ քայլը մի քանի նպատակ ուներ, առաջինը՝ խառնել բոլորի խաղաքարտերն այս պատերազմում», - «Ազատության» "Настоящее время" ծրագրի եթերում ասել է գերմանական «Բիլդ» (Bild) թերթի ռազմական վերլուծաբան Յուլիան Ռյոպկեն։
«Մենք տեսնում ենք, որ այսօր հենց Ռուսաստանի տարածքում Ուկրաինան վերահսկում է Բեռլինի չափ տարածք։ Նպատակներից մեկը, իմ կարծիքով, այն է, որ ամերիկյան ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում Կիևն ինչ-որ բան ունենա սակարկության համար», - հավելել է նա։
Ռուսաստանը հայտարարում է, թե խաղաղ կարգավորման որևէ տարբերակ չի քննարկի, քանի դեռ ուկրաինական բանակը դուրս չի եկել Կուրսկից։ Սա ևս մեկ ցուցիչ է, որ պատերազմը դեռ երկար կարող է շարունակվել, հատկապես որ սեփական ռեսուրսներից բացի, արևմտյան կոշտ պատժամիջոցների տակ գտնվող Մոսկվային օգնում են նաև դաշնակիցները՝ Հյուսիսային Կորեայից մինչև Իրան։
Բլումբերգը (Bloomberg), մասնավորապես, հղում անելով եվրոպացի անանուն պաշտոնյաներին հայտնում է, որ Թեհրանը շուտով Ռուսաստանին կմատակարարի բալիստիկ հրթիռներ՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։ Reuters-ը այդ մասին դեռ օգոստոսին էր հաղորդել։ Սակայն թե ինչ տեսակի զինատեսակի մասին է խոսքը, առայժմ հստակ չէ։