Պուտինը ժամանում է Մոնղոլիա
Կարմիր գորգ, Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ Խանի անձնական պահակախմբի հագուստով զինվորական շարասյուն․ Ռուսաստանի առաջնորդին Մոնղոլիայի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանդիսավոր արարողությամբ դիմավորեցին։ Ու որևէ նշան չի հուշում, թե Մոնղոլիան կկատարի Միջազգային քրեական դատարանի առջև ստանձնած պարտավորությունը և կձերբակալի Վլադիմիր Պուտինին, ում 18 ամիս առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալելու միջազգային օրդեր տվեց՝ ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ մեղադրելով։
Ձեռնաշղթաների փոխարեն գովեստի խոսքեր, ծաղկեփունջ, երկրի նախագահ Ուհնաագիյնա Հուրելսուհան անձամբ էր եկել Ուլան Բատորի կենտրոնական հրապարակ՝ Պուտինին դիմավորելու։
Մոնղոլիան «ծանր հարված» է հասցրել միջազգային քրեական իրավունքին. Կիևի արձագանքը
Սա Պուտինի առաջին ուղևորությունն է Միջազգային քրեական դատարանի անդամ երկիր այն բանից հետո, երբ դատարանը նրան ձերբակալելու հրաման տվեց։ Այցից առաջ Ուկրաինան Մոնղոլիային կոչ էր արել Պուտինին հանձնել Հաագայի դատարանին։
Մոնղոլիան «ծանր հարված» է հասցրել միջազգային քրեական իրավունքին՝ հրաժարվելով ձերբակալել Պուտինին. Ուկրաինայից եկավ առաջին արձագանքը։
«Մոնղոլիան թույլ է տվել մեղադրվող հանցագործին խուսափել արդարադատությունից՝ դրանով իսկ կիսելով պատասխանատվությունը ռազմական հանցագործության համար։ Մենք կաշխատենք գործընկերների հետ, որպեսզի դա հետևանքներ ունենա Ուլան Բատորի համար»,- Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Գեորգի Տիխինն է գրել X-ում։
Եվրամիությունը, սակայն, դեռ ավելի վաղ մտահոգություն ուներ, որ Մոնղոլիան չի դիմի այդ քայլին ու չի կատարի դատարանի պահանջը։ Մտահոգության պատճառն այն էր, որ Պուտինի այցն առաջին հերթին վատ իրավիճակի մեջ է դնում Հռոմի ստատուտը ստորագրած Մոնղոլիային, մի երկիր, որ ծովի ելք չունի և մեծապես կախված է Ռուսաստանի վառելիքից։
«Մոնղոլիան, ինչպես բոլոր մյուս երկրները, իրավունք ունի զարգացնելու իր միջազգային կապերը՝ ելնելով իր շահերից։ Բայց միևնույն ժամանակ Մոնղոլիան 2002 թվականից ի վեր Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետություն է՝ դրանից բխող բոլոր իրավաբանական պարտավորություններով»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Նաբիլա Մասրալին՝ ընդգծելով՝ թեև միջազգային դատարանի անդամները պարտավոր են կալանավորել կասկածյալներին, եթե կալանավորման օրդեր կա, սակայն դատարանը չունի իր որոշումների կատարման մեխանիզմ։
Դատարանի որոշումն «անօրինական է». Մեդվեդև
Պուտինի խոսնակը դեռ անցած անցյալ շաբաթ էր հայտարարել, թե Կրեմլն անհանգստացած չէ Մոնղոլիա այցով, որն, ի դեպ, վերջին 5 տարիների ընթացքում առաջինն էր, և Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ ակնհայտ է՝ այցի բոլոր ասպեկտները հանգամանորեն քննարկվել են։
Այսօր էլ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն է հայտարարել, թե Միջազգային քրեական դատարանի որոշումն «անօրինական է»: Նա Պուտինին ձերբակալելու կոչ անողներին մեղադրել է «խելագար» լինելու մեջ։
Ավելի քան 5 տասնյակ ռուսաստանցի պահանջում է կալանավորել Պուտինին
Ավելի քան 50 ռուսաստանցիներ, որոնք արտերկրում են գտնվում, բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով Մոնղոլիայի կառավարությանը «անհապաղ կալանավորել Վլադիմիր Պուտինին»։ Ստորագրողների թվում է նաև ռուսաստանցի ընդդիմադիր հանրային գործիչ, Կրեմլի խիստ քննադատ, լրագրող, հրապարակախոս Վլադիմիր Կարա-Մուրզան, որ օգոստոսին գերիների փոխանակման գործարքի արդյունքում ազատվել էր ռուսական բանտից։
«Եթե Մոնղոլիան իրեն համարում է իրավական պետություն և ցանկանում է դառնալ քաղաքակիրթ աշխարհի մի մաս, պետք է կատարի միջազգային համաձայնագրի պահանջները, որոնց տակ ստորագրել է։ Միջազգային իրավունքի տեսանկյունից սա ընտրության կամ ցանկության հարց չէ, այլ իրավական պատասխանատվության, որը միանշանակ պետք է իրականացվի», - ասել է նա։
Ռուսաստանը դիտարկում է Մոնղոլիային գազ մատակարարելու հարցը՝ «Սոյուզ Վոստոկ» խողովակաշարի շինարարության շրջանակներում
Իսկ այս ընթացքում Վլադիմիր Պուտիին ու Ուհնաագիյնա Հուրելսուհան ջերմ մթնոլորտում քննարկումներ են ունեցել։ Պուտինը նշել է, որ Մոնղոլիայի հետ հարաբերությունները Ասիայում արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթություններից են։
Համատեղ ասուլիսի ժամանակ արդեն Պուտինը խոսել է համագործակցության ծրագրերի մասին՝ ընդգծելով, որ երկրները գազային և էներգետիկ համագործակցության ներուժ ունեն։ Մոնղոլիայի նախագահն էլ ընդգծել է Պուտինի այցի կարևորությունը փոխշահավետ համագործակցության համար։
Երկօրյա պետական այցով Մոնղոլիայում գտնվող Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը դիտարկում է մոնղոլ սպառողներին գազ մատակարարելու հարցը՝ «Սոյուզ Վոստոկ» խողովակաշարի շինարարության շրջանակներում։ «Սոյուզ Վոստոկ»-ը մտնում է «Power of Siberia 2» նախագծի՝ Ռուսաստանը և Չինաստանը միացնող խոշոր խողովակաշարի մի մասի մեջ:
«Power of Siberia 2» Ռուսաստանի ռազմավարության մի մասն է՝ փոխհատուցելու Եվրոպայում իր գազի վաճառքի մեծ մասի կորուստը ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր: Այն համանուն գործող խողովակաշարի ծրագրված իրավահաջորդն է, որն արդեն ռուսական գազ է մատակարարում Չինաստանին և 2025 թվականին պետք է հասնի տարեկան 38 միլիարդ խորանարդ մետր հզորության:
«Լավ հեռանկարներ ենք տեսնում գազային համագործակցության մեջ: «Սոյուզ Վոստոկ» գազատարի նախագծային փաստաթղթերը, որն ունի ավելի քան 1000 կիլոմետր երկարություն, որը կմիացնի Ռուսաստանը, Մոնղոլիան և Չինաստանը, վերջնական տեսքի է բերվել», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի այցը, ի դեպ, համընկնում է 1939 թվականին Խալխին Գոլում ճապոնական բանակի նկատմամբ խորհրդային և մոնղոլական զորքերի հաղթանակի 85-ամյակի հետ։