Արդյո՞ք սեպտեմբերի 15-ին Աշոտյանն ազատ կարձակվի. նրա կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատարանում, արխիվ

Ավելի քան մեկ տարի անազատության մեջ գտնվող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը կրճատվել է մեկ ամսով։ Նման որոշում է կայացրել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության ընդունել է իրենց փաստարկը, որ Աշոտյանին ավելի քան մեկ տարի բանտային կալանքի տակ պահելուց հետո ևս երեք ամսով կալանքը երկարաձգելը անհամաչափ է։ Սա նշանակում է, որ Աշոտյանի եռամսյա կալանքի ժամկետը, որը երկարացվել էր հուլիսին, կավարտվի սեպտեմբերի 15-ին:

«Մինչև հոկտեմբերի 15-ն էր սահմանված եռամսյա ժամկետը, Վերաքննիչը նշեց, որ այն չափազանց երկար է, և անհրաժեշտ է կրճատել է մեկ ամսով, այսինքն, այս պահի դրությամբ՝ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը ոչ թե հոկտեմբերի 15-ն է, այլ սեպտեմբերի 15-ն է», - ասաց Մելիքյանը:

Արդյո՞ք սեպտեմբերի 15-ին Աշոտյանն ազատ կարձակվի։ Դա կախված է այն հանգամանքից, թե առաջիկայում Աշոտյանի գործով դատավոր Վահե Դոլմազյանը խափանման միջոցի հարցը քննարկելով ինչ որոշում կկայացնի՝ կպնդի, որ Աշոտյանի կալանքը երկարացվի՞, թե՞ այլ խափանման միջոց կընտրի։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հույս ունի, որ Աշոտյանն ազատ կարձակվի:

«Ես հույս ունեմ, որ առաջին ատյանի դատարանը խափանման միջոցը կփոխի», - ասաց փաստաբանը: Հարցին, թե իր հույսը ինչո՞վ է պայմանավորված՝ «քաղաքակա՞ն որոշակի զարգացումներով է պայմանավորված, թե՞ հարցը զուտ իրավական դաշտում է», նա արձագանքեց. - «Ես խոսում եմ իրավական տեսանկյունից, փորձում եմ վերլուծել Վերաքննիչ դատարանի որոշումը, և Վերաքննիչ դատարանի այս որոշման պայմաններում, հատկապես եթե ավարտվի ամենաառանցքային վկայի՝ Կարեն Հակոբյանի հարցաքննությունը, ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր Արմեն Աշոտյանի կալանքը երկարացնել»:

Հանրապետականի փոխնախագահը մեղադրվում է կրթության նախարար եղած ժամանակ փողերի լվացում և հափշտակություն կազմակերպելու և պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելու համար։ Փողերի լվացման մասով, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը դեռ 2023-ին հաստատել էր հիմնավոր կասկածի բացակայությունը:

Աշոտյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում վարչապետ Փաշինյանին քննադատելու համար։ Անցած նիստում էլ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանն իր նկատմամբ պարզապես ոխ ունի. - «Անձնական պատվեր ա, քաղաքական հետապնդում ա, էդ մարդը ոխ ունի իմ հանդեպ, մի էրկու քաղցր բան երևի ավել էլ ասել եմ, էդ ոխը դառել ա վաբշե անբուժելի, պտի նստի Աշոտյանը: Ազնիվ ա: Ազնիվ ա էն իմաստով, որ անարդար ա, բայց ազնիվ ա»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Աշոտյանը կմնա կալանքի տակԱշոտյանը կմնա կալանքի տակ. ընդդիմադիրների երաշխավորությունը դատավորին չհամոզեցԵրաշխավորություն ներկայացրած պատգամավորները պնդեցին՝ Աշոտյանը չի խոչընդոտի քննությանը

Ի դեպ, Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդություններ են ներկայացրել մի քանի տասնյակ նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 35 պատգամավորներ։ Աշոտյանին կալանքից ազատելու միջնորդություն էր ներկայացրել անգամ Հանրապետականի իշխանության տարիներին այդ ուժին ամենաշատը քննադատած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ընդ որում, դատարանում ներկայացնելով Աշոտյանին կալանքից ազատելու իր միջնորդությունը, Զուրաբյանը պնդել էր՝ Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։

«Տեսնելով, որ իրական թալանչիները շարունակում են վայելել ապօրինաբար ձեռք բերված հարստությունը, մինչդեռ ռեպրեսիոն հարվածի տակ է հայտնվել առավել ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղվող գործիչը, որևէ կասկած չունեմ, որ տվյալ դեպքում մենք գործ ունենք քրեական հետապնդման հետ, որի նպատակը ոչ թե կոռուպցիայի բացահայտումն է ու պատժումն է, այլ՝ քննադատության լռեցնելը», - հայտարարել էր ՀԱԿ փոխնախագահը:

Իշխանությունները, սակայն վստահեցնում են՝ իրավապահների գործերին չեն միջամտում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լևոն Զուրաբյան. Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, իսկ իրական թալանչիները ազատության մեջ ենՉնայած շուրջ մեկ տասնյակ երաշխավորությանը՝ Աշոտյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց