Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը երեկ խորհրդարանի ամբիոնից մի շարք մեղադրանքներ ներկայացրեց Շուշիի անկման գործով ավելի քան երկու տարի կալանքի տակ գտնվող Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին։
«Մենք և՛ օրենքի, և՛ մեր խղճի առաջ շատ պարզ ենք էդ հարցում: Ես ճանաչում եմ Միքայել Արզումանյանին անձամբ ու իմ համար մարդկային շփումներն ու անձնական հարաբերությունները շատ բարձր նշանակություն ունեն», - ասել է Քյարամյանը:
44-օրյա պատերազմի ժամանակ Միքայել Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվել էր Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Պատերազմից շուրջ երկու տարի անց, 2022-ի սեպտեմբերին Արզումանյանը կալանավորվեց և նրան մեղադրանք ներկայացվեց Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունքի համար։
«Պարոն Քյարամյան, պարոն Աբազյան, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան, դուք բոլորդ սպաներ եք, ես պարբերաբար այցելում եմ Միքայել Արզումանյանին, ուղղակի սպայի պատվի համար ամեն ինչ արեք, որ նրա խափանման միջոցը փոխվի, ուղղակի դա ահավոր բան է», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվելԱրգիշտի Քյարամյանը նշեց. - «Նախաքննության ընթացքում պարոն Արզումանյանը տասնյակ փաստարկներ է բերել, տասնյակ մարդկանց է վկայակոչել, որոնք ստուգվել են ու պարզվել է, որ օբյեկտիվ իրականության հետ կապ չունեն: Սա էլ եղել է վերջինին կալանքի տակ պահելու հիմքերից մեկն, ու էդ վարույթն իրականացնող մարմնին խեղաթյուրելու ու վկաների վրա ազդեցություն ունենալու հանգամանքը ոչ միայն հարցաքննություններով է հիմնավորվել, այլ նաև այլ գործողությունների արդյունքում»:
Միքայել Արզումանյանի փաստաբանը հակադարձում է
Միքայել Արզումանյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մինչդեռ հակադարձում է Քննչական կոմիտեի նախագահին՝ քրեական գործի նյութերում կոնկրետ փաստ չկա, որ Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը փորձել է վկաների վրա ազդեցություն գործադրել։
«Միայն հիմքը, որ դնում են, ասում են, դու եղել ես ՊԲ հրամանատար, հետևաբար ունես հեղինակություն, քո հեղինակությունն օգտագործելով կարող ես ազդել, սա է հիմքը: Չկա, որ՝ դու ազդել ես, փորձել ես ազդել», - ասաց փաստաբանը:
«Ազատության» հարցին՝ որևէ ապացույց, փաստ չե՞ն ներկայացրել, նա պատասխանեց. - «Ոչ թե չեն ներկայացրել, քրեական գործում չկա այդպիսի փաստական տվյալ ու ապացույց»:
Երեմ Սարգսյանի խոսքով՝ իրենք շահագրգռված են, որ գործով շուրջ 160 վկաները դատարանում իրական ցուցմունքներ տան, քանի որ, ըստ փաստաբանի, այդպես բացահայտվի Արզումանյանի անմեղությունը։
Քննչական կոմիտեն մինչդեռ պնդում է, թե գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ը, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել, ինչի հետևաքով ադրբեջանական զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, իսկ հայկական ստորաբաժանումներն ունեցել են զոհեր և վիրավորներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համարՔննչական կոմիտեի պնդմամբ՝ Միքայել Արզումանյանը Շուշիի հարակից շրջանների պաշտպանական բնագծի չպահվող հատվածում չի հանձնարարել զորք տեղակայել, Շուշի-Լիսագոր ավտոմայրուղու հատվածում անհրաժեշտ պաշտպանություն չի կազմակերպել։ Ավելին մինչև 2020-ի նոյեմբերի 6-ը նա իր կողմից ստորագրված օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, այն դեպքում, երբ նոյեմբերի 5-ին ադրբեջանական խմբերն արդեն ներթափանցել էին Շուշի։
«Ինքը Շուշին ազատագրողներից է, այլ ոչ թե Շուշին կորցնելու մեղավորներից»
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը չի ընդունում իրեն վերագրվող անփութության մեղադրանքը։ Դեռ անցած տարի մեկուսարանից «Արմլուր»-ին տված հարցազրույցում նա հայտնել էր, թե «2020-ի հոկտեմբերի 27-ին «ծայրահեղ ծանր իրավիճակ էր, թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա»:
«Թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ էր կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը», - ասել էր նա։
Միքայել Արզումանյանի գործով դատավարությունը դռնփակ է ընթանում։ Հրապարակային դատ անցկացնելու գեներալ - լեյտենանտի միջնորդությունը մերժվել է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը նշում է, որ իրենք անհավասար վիճակում են հայտվել, հավի առնելով նաև այն, որ նախաքննության փուլից սկսած տարբեր պաշտոնյաներ հնարավորություն են ունեցել այս գործով տարբեր հայտարարություններ անել, մինչդեռ իրենց նախաքննության գաղտնիությամբ, պետական գաղտնիքով պայմանավորված, արգելված է գործի փաստական տվյալների վրա հինելով կոնկրետ դիրքորոշումներ հայտնել։
«Ինքը Շուշին ազատագրողներից է, այլ ոչ թե Շուշին կորցնելու մեղավորներից», - նշեց փաստաբանը:
Ինքը՝ 51-ամյա Միքայել Արզումանյանը դեռ անցած տարի մեկուսարանից տված հարցազրույցում ասել էր՝ որպես թիրախ է ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք իրենց ուղղված մեղադրանքները փաթաթեն իր վրա։ Արցախի ՊԲ հրամանատարը, սակայն, անուններ չէր տվել։