44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։
Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի մոտակայքում նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ կրակային դիրքի ուղղությամբ, նրանց շարքերում երևացել են նաև Հայաստանի Զինված ուժերի համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը, մի քանի անգամ ևս խնդրել է ճշգրտել, սակայն նույն պատասխանն է ստացել։ Հայտնվելով հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ են զոհվել, 7-ը՝ վիրավորվել, փոխգնդապետի գտնվելու վայրը մինչև հիմա անհայտ է։ Զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ` այնտեղ պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերով, հակառակորդը ստացել է տարածքային և ռազմավարական առավելություն տվյալ շրջանում։
Զոհված այս 20 զինծառայողների ծնողների շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանն «Ազատությանն» ասաց՝ ինչո՞ւ է Արցախի պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը։ «Մեղադրանքը շատ մեղմ է, նա պետք է կալանավորվի», - ասաց Սիմոնյանը:
«Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի դիմել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ էլ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Ջալալ Հարությունյանը որևէ մեկից լավը չի, եթե Միքայել Արզումանյանը, Գևորգ Գևորգյանը, եթե նրանց նկատմամբ դիմել են խափանման միջոց կալանավորումը ընտրելու, էդ դեպքում հարց է առաջանում՝ բարեհաճ վերաբերմունք է, թե ինչ է, չգիտեմ, տրամաբանությունը չեմ հասկանում դրա: Ինքը հանդիսացել է պետական բանակի հրամանատար և իր հեղինակությամբ, իր ազդեցությամբ կարող է խոչընդոտ հանդիսանալ անձանց, որպեսզի նրանք կաշկանդվեն, ցուցմունքներ չտան՝ թեկուզ միայն այդ տարբերակը», - ընդգծեց փաստաբանը:
Ծնողները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հարցաքննվի ու պատասխանատվության ենթարկվի, ինչո՞ւ դա չի արվում, նաև հարցնում է նրանց ներկայացուցիչը։
44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին հակահարձակման ժամանակ հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ Այս դրվագն էլ, ըստ էության, Ջաբրայիլի հատվածում Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի մասին է։ Հենց այդ օրն է վարչապետի աշխատակազմը հրապարակել ռուսական РБК-ին տված հարցազրույցը։ Դրանում Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ բառացիորեն այդ վայրկյաններին ադրբեջանական տվյալ կորպուսը ջախջախիչ հարվածներ է ստանում։ Վարչապետը նաև ընդգծել էր, որ այդ պահին, իր տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։
Հիմնական մեղավորները Հայաստանի իշխանություններն են, պնդում է Սեյրան Օհանյանը
Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր Սեյրան Օհանյանը, սակայն, հեգնում է՝ «տեսա՞ք, թե ինչ հաղթանակի գնացինք»։
Ջալալ Հարությունյանին, իսկ դրանից առաջ՝ Պաշտպանության բանակի մյուս հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքները, ըստ նախկին նախարարի, շոու է։ Ասում է՝ թե՛ Հարությունյանն ու թե՛ Միքայել Արզումանյանը ծառայողական լուրջ ճանապարհ են անցել, բանիմաց հրամանատարներ են եղել, բայց ինքը նրանց առավել բարձր պաշտոններում չի կարող գնահատել: Խոշոր հաշվով, ըստ նրա, այս ամենի և ընդհանուր առմամբ 44-օրյա պատերազմի հիմնական մեղավորները Հայաստանի իշխանություններն են:
«Մնացած բոլոր խնդիրները, էդպես, մարտավարական օղակի, պատասխանատվությունը ավելի ցածր օղակի հրամանատարների վրա գցել... Ես հասկանում եմ, որ նաև ռազմական օղակներում երևի շատ բացթողումներ են եղել: Վերևի բացթողումները, որոնք որ նստած թիկունքում՝ պատկերացնում են ռազմական թատերաբեմը կարևոր ուժերի դասավորվածության համատեքստում և իրենք են վերախմբավորում կատարելով բոլոր ճեղքերը, բոլոր անցքերը փակել, ինչո՞ւ չեն արել: Այ դրա պատասխանը պետք է տան, թե չէ շատ կարան, էսպես, տարբեր օղակների մարդկանց վրա քրգործեր հարուցել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Օհանյանը՝ շարունակելով. - «Հիմնական պատասխանատուն այս պատերազմի Հայաստանի Հանրապետության իշխանություններն են և Հայաստանի Հանրապետության վարչապետն է: Ինչո՞ւ խաթարվեց ամբողջ բանակցային գործընթացը, ինչո՞ւ հուլիսյան գործողությունները 2020 թվականին Տավուշում իրականացրեցին, դրանով իսկ նաև հրահրեցին գործողություններ»:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի այս «ինչու»-ները շատ են, ընդդիմադիրները խորհրդարանում դրանք նաև վարչապետ Փաշինյանին են ուղղել, հատկապես՝ Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու ձախողված փորձում իշխանություններին մեղադրելով։
Փաշինյանն արձագանքել էր՝ դրանք կատարյալ անհեթեթություններ են, օպերացիայի առաջարկից մինչև կատարում՝ համաձայնություն տվողները գեներալներ են եղել, ինքն ուղղակի մոդերացրել է այդ քննարկումը։
Ի դեպ, երեկ, երբ հրապարակվեց Ջալալ Հարությունյանի մեղադրանքը, Պաշտպանության նախարարության կայքից հեռացվեց ռազմական համալսարանում միջոցառման ընթացքում արված լուսանկարը, որին նախարարի հետ նաև Հարությունյանն էր մասնակցում։ Գերատեսչության մամուլի խոսնակը չմեկնաբանեց՝ ինչո՞ւ է լուսանկարը հեռացվել։ «Ազատության» հարցին՝ այդ պահին տեղյակ չէի՞ն, որ քրեական գործ է հարուցվել, ու Ջալալ Հարությունյանի պաշտոնավարումը որպես գլխավոր ռազմական տեսուչ կասեցված է, մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը պատասխանեց՝ Պաշտպանության նախարարությունը քրեական վարույթ իրականացնող մարմին չէ ու չէր կարող նախապես տեղեկացված լինել, հավելեց՝ երբ Ջալալ Հարությունյանը ներկա է եղել միջոցառմանը, դեռ նրա պաշտոնավարումը կասեցված չի եղել: