Մատչելիության հղումներ

Ջալալ Հարությունյանի հակահարձակման օպերացիան Փաշինյանի հավանությամբ է իրականացվել. փաստաբան


Ջալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան

Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի քրեական գործից առաջին անգամ մանրամասներ ու հակափաստարկներ է ներկայացնում նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

«Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելու այս գործողությունը վախեցնում ա այն զինվորին, այն հրամանատարին, որն ուզում ա իրա կյանքը կապի բանակի հետ, որովհետև ինքը գիտի, որ մի օր մի հատ տեղ հաջողություն չլինի և ինքը լինի այդտեղ հրամանատար, ասելու են՝ գիտես ինչ, ստեղ որ խնդիր ա էղել, դու էլ որ հրամանատար ես, ուրեմն մեղավոր ես։ Այս սկզբունքը վտանգավոր ա», - այսօր ասաց Սարդարյանը։

Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա ապատերազմի ժամանակ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար, որի հետեւանքով ծանր կորուստներ են եղել։ Ըստ քրեական գործի, հայկական ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, դիրքեր են անցել հակառակորդի հսկողության տակ։

«Երկու դրվագից է բաղկացած Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը», - փոխանցեց փաստաբանը։

Քրեական գործի մի դրվագը վերաբերում է հոկտեմբերի 7-ին Ջալալ Հարությունյանի հակահարձակման օպերացիային։ Ըստ մեղադրանքի, այդ ժամանակ ադրբեջանական զորքը հինգ անգամ ավելի է եղել, և նման պայմաններում անթույլատրելի է հակահարձակման օպերացիան։

Փաստաբան Սարդարյանը պնդում է, թե իրենց տեղեկություններով, զորքը 2,4 անգամ է ավելի եղել, ինչը թույլատրելի է իրավական փաստաթղթերով. - «Այդ ժամանակվա տվյալները, որ ունեցել է Ջալալ Հարությունյանը, եղել է այն, ինչ որ եղել է մինչ այդ այդ գծագրերը կազմելիս, այսինքն՝ մեկը երկուս ու չորսի հարաբերակցությունն ա եղել իր մոտ։ Հիմա պատկերացրեք, պատերազմը ավարտվում ա, դրանից ամիսներ հետո փորձագետները հաշվարկներ են անում, ասում են մեկը հինգի հարաբերակցություն ա եղել։ Նախ շատ վիճելի ա, որ այս փորձագետները ճշգրիտ տվյալ են ստացել...»

Հակահարձակման օպերացիան եղել է Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ։ Ըստ փաստաբանի, Ջալալ Հարությունյանը հստակ տվյալներ է ունեցել, որ իր ղեկավարծ զորքն այդ տարածքում տեղակայված հակառակորդի նկատմամբ առավելություն ունի. - «Այն, որ օպերացիայի ընթացքում հակառակորդը մեզանից մի քանի անգամ ավել կորուստներ ա կրել, սա փաստ է, որը Քննչականը չի էլ կարողանում հերքի»։

Փաստաբանի պնդմամբ՝ օպերացիան տապալվել է այլ պատճառով։ Ձախակողմյան հատվածից եկող զորքը, որի հրամանատարի անունը խուսափեց նշել, տեղ չի հասել զինտեխնիկայի խափանման հիմնավորմամբ։ Իսկ Հարությունյանին զեկուցել են, թե տեխնիկան պատրաստի վիճակում է. -
«Հիմա ստեղ մեղադրանքում գրում են, ասում են՝ Ջալալ Հարությունյանը նախապես չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը։ Հարգելիներս, բանակի հրամանատարը պետք է գնա զորամասի ներսում հերթով զրահատեխնիկան հատ-հատ ստուգի՞... Ներկայացվել ա, որ 99 տոկոսից բարձր պատրաստի վիճակում են եղել բոլոր տեխնիկաները»։

Ըստ Սարդարյանի՝ հակահարձակման օպերացիան իրականացվել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությամբ. - «Այդ պահին, երբ որ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները այդ որոշումը կայացնելու»։

Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի երկրորդ դրվագը Ֆիզուլիում զինվորների շրջափակմանն է վերաբերում։ Ըստ Քննչականի՝ հոկտեմբերի 12-ին Ֆիզուլիի մոտակայքում նկատվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ կրակային դիրքի ուղղությամբ, նրանց շարքերում երևացել են նաև Հայաստանի Զինված ուժերի համազգեստ կրող անձինք: Կասկածելով, որ մոտեցողները հակառակորդի դիվերսիոն խումբ են, ռադիոկապով զեկուցել են այդ մասին։ Սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, առանց համակողմանի ուսումնասիրության նշել է, որ այդ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին: Այս ամենի հետևանքով զինվորները հայտնվել են հակառակորդի թիրախում՝ 20 զինծառայողներ են զոհվել, 7-ը՝ վիրավորվել, զորամասն անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

«Իմ մոտ էլ ա այդ տպավորությունը, որ էդտեղ պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել։ Բայց արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն բանակի հրամանատարն է։ Իհարկե ոչ։ Դիվիզիոնի պաշտպանությունը պետք է պատշաճ ձևի կազմակերպվեր դիվիզիոնի հրամանատարության կողմից», - այս առնչությամբ ասաց Սարդարյանը։

Զոհված զինվորների ծնողները քրեական գործից դեռ մեկ տարի առաջ էին պահանջում հարցաքննել Հարությունյանին։ Նրանց պնդմամբ՝ հոկտեմբերի կեսերին Ֆիզուլիի շրջանում զոհեր և անհետ կորածներ չէին լինի, եթե վերադաս զինվորականների հրամանները հստակ լինեին։

Ջալալ Հարությունյանը ծանր վիրավորվեց հոկտեմբերի վերջին, ապա պաշտոնից ազատվեց։ Նրան մեղադրանք առաջադրվեց երկու ամիս առաջ։

Հարությունյանը ազատության մեջ է։ Այս գործով թե ովքեր են կալանավորված, փաստաբանը չմանրամսնեց, ասաց՝ ստույգ տեղեկություններ չունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG