Մատչելիության հղումներ

Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրվել


Քննչական կոմիտեն Միքայել Արզումանյանին նոր մեղադրանք է առաջադրել։

Գեներալ-մայորը մեղադրվում է նաև պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետևանքով, ըստ իրավապահների, «հակառակորդն առանց դիմադրության առաջացել և վերահսկողության տակ է վերցրել» բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները և ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը:

Զինվորական պաշտոնական անփութության համար մեղադրվող Արզումանյանը նոր հոդվածով նաև իշխանությունը չարաշահելու մեջ է մեղադրվում, ինչն ավելի ծանր հանցանք է և պատժվում է 7-13 տարի ազատազրկմամբ։

ՊԲ նախկին հրամանատարին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար, նա կալանավորվել է։

Նախկին բարձրաստիճան զինվորականը, որն այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։

Ըստ Քննչական կոմիտեի` պատերազմի վերջին տասն օրերին՝ Արզումանյանը Շուշիի պաշտպանության ընթացքում, անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։

Իրավապահների հաղորդմամբ՝ Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժ, այդ թվում` 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։

XS
SM
MD
LG