44-օրյա պատերազմի օրերին Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Միքայել Արզումանյանը, որին մեղադրանք է առաջադրվել Շուշիի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնեական անփութության համար, կալանավորվել է։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է գեներալի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նախկին բարձրաստիճան զինվորականը, ով այժմ Արցախի նախագահի խորհրդականն է, ըստ Քննչական կոմիտեի, պատերազմի վերջին տասն օրերին՝ Շուշիի պաշտպանության ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ, ինչի հետևանքով հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքն ու մատույցները, հայկական կողմն ունեցել է զոհեր և վիրավորներ։
Ըստ հաղորդագրության, Արզումանյանը չի հանձնարարել զորք տեղակայել Շուշիի պաշտպանական բնագծի չպահվող հատվածում այն դեպքում, երբ իր ենթակայության տակ ունեցել է համապատասխան ներուժը, այդ թվում 650 զինծառայողներից բաղկացած կանոնավոր բանակի ստորաբաժանումներ։
Իրավապահների պնդմամբ, մինչև 2020 թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ Արզումանյանի ստորագրությամբ օպերատիվ ամփոփագրերում իրադրությունը ներկայացվել է վերահսկելի, մինչդեռ նոյեմբերի 5-ին հակառակորդի խմբերին արդեն հաջողվել էր ներթափանցել Շուշի։
49-ամյա Արզումանյանը Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ պատերազմում ծանր վիրավորվեց Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը։ Գեներալ-լեյտենանտ Արզումանյանը գրեթե մեկ տարի անց ազատվեց պաշտոնից, ապա նշանակվեց Արցախի նախագահի խորհրդական։
Միքայել Արզումանյանը երկու առաջ ձերբակալվել էր, երեկ ազատ արձակվել՝ ձերբակալման ժամկետը լրանալու հիմքով: Նախաքննական մարմինը կալանավորման միջնորդություն էր ներկայացրել: