Ռուսական զորքերն ինտենսիվ հարձակվում են Խարկովի մարզի ուղղությամբ

Ուկրաինա - Վոլչանսկի բնակիչների տարհանումը, 12-ը մայիսի, 2024թ․

Արդեն երրորդ օրն է՝ ռուսական զորքերն ինտենսիվ հարձակում են սկսել Խարկովի մարզի ուղղությամբ, որտեղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մի քանի բնակավայրեր էին գրավել՝ հասնելով Վոլչանսկ (ուկրաիներեն՝ Вовчанськ) քաղաքի ծայրամասեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե այս պահին էլ մարտեր են մղվում Վոլչանսկ քաղաքի համար։

«Հյուսիսային զորքերի խմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական իրավիճակը և Խարկովի շրջանի Վոլչանսկ, Նեսկուչնոյե, Լիպցի և Վեսելոյե բնակավայրերի շրջանում», - ասված է հաղորդագրությունում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է ռուս զինվորականների մարտավարական հաջողությունները Վոլչանսկի շրջանում։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ իրավիճակը բարդ է, միաժամանակ վստահեցրել է, որ Ուկրաինայի զինված ուժերն ամեն ինչ անում են Խարկովի մարզում պաշտպանական գծերն ու դիրքերը պահպանելու համար։

«Մենք գիտենք հակառակորդի ծրագրերը և ճկուն ենք արձագանքում նրա բոլոր գործողություններին։ Պաշտպանությունն ուժեղացնելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, և արագ որոշումներ են կայացվում՝ ներառյալ կադրային որոշումներ», - ասել է Սիրսկին։

Մարզային իշխանությունները տարհանում են բնակչությանը մարտական գոտուն մոտ գտնվող շրջաններից։ Վերջին տվյալներով՝ մոտ 6 հազար մարդ արդեն տարհանվել է, բայց ոչ բոլորն են համաձայնում հեռանալ:

Վոլչանսկի ոստիկանապետ Մաքսիմ Ստեցինան ասում է, թե չնայած ռուս զինվորականների և ուկրաինացի լրագրողների հաղորդագրություններին քաղաքի մատույցներում մարտերի մասին, ռուս զինվորականները Վոլչանսկ չեն մտել։ Պաշտոնյան միաժամանակ նշել է, որ ներկայումս շարունակվում է Վոլչանսկի բնակիչների տարհանումը։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության եթերում Վոլչանսկի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թամազ Ղամբարաշվիլին խոստովանել է, որ քաղաքի շրջակայքում պաշտպանական կառույցներ ամուր չէին․ - «Դրանք հեշտ չէր կառուցել ռուսական զորքերի մշտական գնդակոծության պատճառով։ Թերևս այդ և նաև այն պատճառով, որ քաղաքը մոտ է Ռուսաստանի հետ սահմանին, այդ ամրությունները բավականաչափ չեն կառուցվել»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ կիրակի երեկոյան տեսաուղերձում ասել է, որ այսօր ուկրաինացի զինվորականների թիվ մեկ խնդիրն է ձախողել «ռուսական հարձակողական ծրագրերը»։

«Մեր խնդիրն ակնհայտ է՝ պետք է հնարավորինս շատ կորուստներ պատճառել օկուպանտին։ Մասնավորապես, Վոլչանսկի մատույցներում իրավիճակը ծայրահեղ ծանր է. քաղաքը գտնվում է ռուսական մշտական կրակի տակ», - հայտարարել է Զելենսկին։

Վոլչանսկի համար մղվող ճակատամարտը կարող է դառնալ Խարկովի մարզում ռուսական բանակի նոր հարձակման առաջին խոշոր ճակատամարտը, գրում է Forbes-ը:

Վոլչանսկ քաղաքը ռուսներն այս պատերազմի ժամանակ մի անգամ արդեն գրավել էին՝ 2022-ին ներխուժման առաջին օրերին։ Քաղաքը յոթ ամիս գտնվում էր օկուպացիայի տակ։ Նույն թվականի աշնանը Ուկրաինայի զինված ուժերն հակահարձակման արդյունքում ռուսները դուրս էին եկել Վոլչանսկից, Բալակլեայից, Իզյումից և Խարկովի մարզի մի շարք շրջաններից։

Վոլչանսկը ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի պաշտպանական գծերի համար, այն ընդամենը 77 կիլոմետր է հեռու երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական հարձակումը Խարկովի ուղղությամբ շարունակվում էՈւկրաինան հայտարարել է, թե կանխել է «ռուսական կողմի նախապատրաստած ահաբեկչական հարձակումներ» ԿիևումԱվելի քան 4 հազար բնակիչ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզից