Վլադիմիր Պուտինն այսօր հինգերորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի նախագահի պաշտոնը։
Ռուսաստանի ժողովրդին հղած իր ուղերձում նա դարձյալ խոսեց ընտանեկան արժեքների, ավանդույթների մասին, որոնք, ըստ Պուտինի, կշարունակեն միավորել հանրությանն ու կրոնական միավորումներին, քաղաքական կուսակցություններին և իշխանությանը։
Նախագահության չորրորդ ժամկետում հարևան պետության դեմ ագրեսիվ պատերազմ սկսած Պուտինը նաև հայտարարեց, թե Ռուսաստանը չի հրաժարվում արևմտյան երկրների հետ երկխոսությունից. - «Ընտրությունը նրանցն է։ Արդյո՞ք նրանք մտադիր են հետագայում էլ խոչընդոտել Ռուսաստանի զարգացմանը, շարունակել ագրեսիայի քաղաքականությունը, մեր երկրի վրա ճնշումը, թե՞ խաղաղության և համագործակցության ճանապարհներ կփնտրեն»։
Կրեմլի Մեծ պալատում անցկացված երդմնակալության արարողությանը մասնակցում էին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և այլ ռուս պաշտոնյաներ ու տարածաշրջանային ղեկավարներ։
Այլ պետությունների առաջնորդներ ներկա չէին, նրանց ներկայացնում էին Ռուսաստանում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագետները։ Բայց՝ ոչ բոլորը, թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ հրավերներ ուղարկվել են Ռուսաստանում հավատամագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին։ Արևմտյան երկրների մեծամասնությունը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Եվրամիության բազմաթիվ պետություններ, ներկա չէին։ Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը մասնակցում էր երդմնակալությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Թրեյսին որոշ ժամանակով հեռացել է Մոսկվայից և չի մասնակցում Պուտինի երդմնակալությանըԱՄՆ-ը Պուտինի երդմնակալությանը ներկայացուցիչ չի ունենա. ՄիլլերՊուտինի երդմնակալության նախօրեին Գերմանիան Մոսկվայից հետ է կանչում իր դեսպանին Չեխիան չի մասնակցի Պուտինի ինագուրացիայինՄարտին կայացած վիճահարույց ընտրություններում ավելի քան 87 տոկոս քվե ստացած Պուտինը Ռուսաստանը ղեկավարում է 2000 թվականից։
Ռուսական ընդդիմությունը, այդ թվում՝ բանտում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան և քաղաքական գործիչ ու լրագրող Վլադիմիր Կարա-Մուրզան, կոչ են արել չճանաչել 2024 թվականի ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքները։ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել «Ռուսաստանում այսպես կոչված նախագահական ընտրությունների ոչ լեգիտիմության մասին»։
Երդմնակալության արարողությունից հետո 71-ամյա Պուտինն իրավունք ունի պաշտոնավարել ևս վեց տարի՝ մինչև 2030 թվականի մայիսը։
Ռուսական ընդդիմության հանգուցյալ առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիան, այսօր տեսաուղերձ է հրապարակել, որում թվարկել է, թե ինչն էր հիշարժան Պուտինի նախորդ նախագահական ժամկետներում։ Մասնավորապես, Պուտինի չորրորդ ժամկետով սկիզբ դրվեց Ուկրաինա ներխուժմանը, որը հանգեցրեց ոչ միայն բազմաթիվ մարդկանց մահվան, այլև Ռուսաստանի մեկուսացմանը:
Նավալնայան նաև հիշեցրել է, որ Պուտինի կառավարման տարիներին երկրում հայտնվել են «մի քանի հարյուր» քաղբանտարկյալներ , ովքեր այսօր գտնվում են «անմարդկային պայմաններում»։
«Անձամբ ինձ համար Պուտինի վեց տարին այն տարիներն են, երբ ամուսինս՝ Ալեքսեյ Նավալնին՝ ազնիվ ու խիզախ մարդ, իսկական հայրենասեր, հալածվել է, թունավորվել քիմիական զենքով, դատվել, խոշտանգվել երեք տարի բանտում, ապա սպանվել։ Այո, սա Պուտինն է արել», - հայտարարել է Յուլիա Նավալնայան:
Նա հավելել է, թե Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ սուտ. - «Սա շարունակվում է արդեն 25 տարի։ Այս անգամ էլ այդպես կլինի։ Յուրաքանչյուր ժամկետի հետ ամեն ինչ միայն վատանում է: Եվ սարսափելի է պատկերացնել, թե ուրիշ ինչ կլինի, քանի դեռ Պուտինը իշխանության ղեկին է։ Նրա հետ մեր երկիրը չի ունենա ո՛չ խաղաղություն, ո՛չ զարգացում, ո՛չ ազատություն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինի խոստումները ոչ միայն դատարկ են, այլև՝ սուտ, և սա շարունակվում է արդեն 25 տարի. Նավալնայա