Տավուշի և Ղազախի հատվածում անցած օրերի ընթացքում որքա՞ն տարածք են սահմանազատել Հայաստանն ու Ադրբեջանը։ Այս հարցի պատասխանն առայժմ Ադրբեջանի նախագահն է տվել՝ 2 օր առաջ հայտարարելով, որ 10-12 կմ արդեն կարելի է սահմանազատված համարել։
Հայաստանի իշխանություններն առայժմ ոչ հերքել և ոչ էլ հաստատել են Իլհամ Ալիևի տվյալները։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարևոր չի համարում, թե որքան տարածք է սահմանազատվել, կարևորը, նրա կարծիքով, արձանագրումն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա համաձայնեցված սահման։
«Դա շատ կարևոր դարակազմիկ և շատ լավ իրադարձություն է», - ասաց Սիմոնյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի՝ «պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել»«Ազատության» հարցին՝ այն հատվածներում, որոնք որ հայտարարվել են, դրանք արդեն կարելի՞ է սահմանազատված համարել, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Որտեղ որ տեսնում եք, որ սյուները կան, դրանք, այո, կարելի է համարել սահմանազատված: Եվ այդտեղ կտեղակայվեն սահմանապահները, զորքերի մասով լարվածություն չի լինի: Ես մեծ հույս ունեմ, որ մենք նման ձևով կշարունակենք, մեր ամբողջ սահմանը կսահմանազատենք, կսահմանագծենք»:
Արդյո՞ք սահմանազատված հատվածում ադրբեջանցի սահմանապահներն են տեղակայվելու, թե՞ սկզբից ադրբեջանցի զինվորները։ Ազգային ժողովի նախագահն ասաց, թե չի ուզում նոր մանրամասներ հայտնել։
Մինչ խորհրդարանի նախագահը դարակազմիկ է որակում սահմանազատման գործընթացը, ընդդիմությունը սա միակողմանի զիջում ու կապիտուլյացիա բառերով է բնութագրում։ Ի՞նչ է ստանում Հայաստանը՝ Ադրբեջանին փոխանցելով չորս գյուղերի տարածքները։
«Սահման ենք ստանում: Միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը, միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր հայկական սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է», - նշեց նա:
Դիտարկմանը՝ «ասում եք, որ այս սահմանազատումը նշանակում է, որ մենք ստանում ենք անվտանգություն: Դուք Ալիևին լսե՞լ եք, իր վերջին նախապայմանները, որոնց մասին խոսեց, որ՝ մինչև Սահմանադրության չփոխենք, խաղաղություն չի լինելու, մինչև Արարատը չհանեք ձեր բաներից, չի լինելու այդ խաղաղությունը», Սիմոնյանն արձագանքեց. - «Փաստն այն է, որ մենք ունենք սահմանագծած սահման: Հիմա Ալիևը իր ներքին լսարանի համար, Ռուսաստանի, Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, ինչ շատ քիչ է հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իրողությունները, իրողությունն այն է, որ Հայաստանը և Ադրբեջանը ունեն, իրա ասելով, 10-12 կմ չվիճարկվող սահման: Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է, որ Ադրբեջանն ընդունում է, որ այդ սյունից այն կողմ Հայաստանի Հանրապետություն է, և դրանից լավ բան որևիցե երկրի միջև գոյություն չունի»:
Ի՞նչ երաշխիք է ստանում Հայաստանը, որ Տավուշի հատվածում Ադրբեջանին տարածքներ փոխանցելու հետո, Բաքուն իր համար ավելի բարենպաստ դիրքերից հարձակման չի անցնի։
«Եթե հարձակվելու լինեն, այդ դիրքերը մեծ առումով շատ քիչ տարբերություն են տալու, սահմանն է իմ երաշխիքը, լեգիտիմ սահմանը: Այն, որ Ադրբեջանը ճանաչել է, որ այս թումբից այս կողմ Հայաստանի Հանրապետությունն է, դրանից մեծ երաշխիք, կարծում եմ, աշխարհում որևիցե մեկը չի հորինել», - ընդգծեց ԱԺ նախագահը:
«Ազատության» հարցին՝ որևէ պատրվակ նա չի՞ կարող գտնել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. - «Նույնիսկ եթե մենք մի 10 կմ էլ առաջ լինենք, միշտ ինքը կարա պատրվակ գտնի գա հասնի «Ազատություն ռադիոկայանի» գրասենյակ և ձեզ վերցնի որպես բան զալոժնիկ»:
Եթե իշխանությունը սա դրական զարգացում է համարում, այդ դեպքում ինչո՞ւ են Տավուշի գյուղերի բնակիչները դեմ այդ գործընթացին և օրեր շարունակ բողոքի ակցիաներ են անում։ Ազգային ժողովի նախագահի համոզմամբ՝ պատճառն այն է, որ բնակիչներին սխալ բաներ են ներկայացնում. - «Ճանապարհը շատ արագ կվերականգնվի, բոլոր հնարավոր ճանապարհները՝ Վրաստանից մինչև Պարսկաստան ընկած հատվածում, եթե նման բան կլինի, կվերականգնվի»:
Ինչո՞ւ սահմանազատման գործընթացում Ադրբեջանը չի վերադարձնում Հայաստանից օկուպացված շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածքը։ Ալեն Սիմոնյանը բերում է Բաքվի հակափաստարկը, թե Ադրբեջանը հայկական որևէ բնակավայր չի օկուպացրել։
«Ազատություն». - Հիմա մենք տալիս ենք տարածքներ, որոնք դե ֆակտո գտնվում էին Հայաստանի վերահսկողության տակ, ճի՞շտ է, մենք տալիս ենք այդ տարածքները, ի՞նչ ենք ստանում դրա դիմաց:
Սիմոնյան. - Սահման: Քի՞չ բան է:
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ սահմանը չստանալ համապատասխան այնտեղ, որտեղ որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք:
Սիմոնյան. - Նախ չի ասվում, որ նման բան չի լինելու: Երկրորդ՝ որովհետև իրանց տիրապետության տակ հայկական բնակավայր այս պահին չկա դրա համար նման բան անելն անհնար է:
«Ազատություն». - Բայց կան բնակավայրեր, որտեղ ապրելը անհնար է դարձել, Ներքին Հանդը Ձեզ օրինակ, հիմա այս պահին Ներքին Հանդիպում մարդիկ տառապում են, ջուր չունեն, ջուրը կտրել են ադրբեջանցիները, դպրոցից 700 մետրի վրա են նստած:
Սիմոնյան. - Հիմա կա՞ էդ գյուղը, թե՞ չկա:
«Ազատություն». - Նրանք չգնային Ներքին Հանդից ետ, էնտեղ ունենայինք սահմանագիծ, ինչպես Դուք եք ասում, և նույնը ունենայինք Տավուշի մարզում, Ներքին Հանդում մարդիկ նորմալ ապրեին, Կըզըլհաջիլիում էլ գային ադրբեջանցիները ապրեին:
Սիմոնյան. - Մի քանի անգամ արդեն ասացի, ևս մեկ անգամ կարող եմ կրկնել հատուկ այն մարդկանց համար, ովքեր չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետության սահման ունենք այդտեղ, էդ մասում ունի բնակավայրեր ադրբեջանական կողմը, հայկական կողմը բնակավայր չունի:
Պետք է քննարկենք Ադրբեջանից գազ գնելու հարցը․ Ալեն Սիմոնյան
Ի դեպ, Ազգային ժողովի նախագահն այսօր դրական որակեց Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե հնարավոր է Հայաստանն Ադրբեջանից գազ գնի։ Ալիևը 2 օր առաջ ասել էր, թե Հայաստանը նույնպես կարող է գազ ստանալ Ադրբեջանից հատկապես հաշվի առնելով Վրաստան մատակարարվող գազի արտոնյալ գինը։
«Ե՛վ իրար մոտ լինելու, և՛ ենթակառուցվածքների տեսնակյունից, իհարկե, բնական կլիներ ունենալ այդպիսի համագործակցություն», - ասել էր Ալիևը։
«Շատ լավ բան եմ համարում, դրական են վերաբերում, կարծում եմ, պետք է քննարկենք այդ հարցը: Նենց չի, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասն ադրբեջանական գազ չի, որովհետև վստահ եմ, որ այն պայմանագրով, որով Ռուսաստանից գալիս և մտնում է իրենց մոտ և գնում է Եվրոպա և այլն, այդ նույն գազն է գալիս մեծ հաշվով մտնում մեր մոտ: Եվ շատ լավ տարբերակ է ոչ միայն Ադրբեջանից, այլ նաև Պարսկաստանից գազամուղ անցկացնելն ու գազ գնելը», - ասաց Սիմոնյանը: