Քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այս պահին պլանային բուժզննում է անցնում բժշկական հաստատություններից մեկում, առաջին նախագահի գրասենյակից սահմանազատման գործընթացի վերաբերյալ պարզաբանում ստանալ չհաջողվեց:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանազատման գործընթացի շուրջ առ այս պահը որևէ հրապարակային գնահատական չի հնչեցրել: Նրա գրասենյակի ղեկավարը հեռախոսազանգերին չի պատասխանում:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կոշտ քննադատել է տեղի ունեցող գործընթացը՝ այն որակելով «միակողմանի զիջում» և «կապիտուլյանտական քայլ»:
Իրավիճակը Տավուշում լարված է. տեղում հավաքվածները դեմ են արտահայտվում այսկերպ սահմանազատման գործընթացին՝ այն անվանելով միակողմանի զիջում։ Նախկին պաշտոնյաներ էլ են այս օրերին նման գնահատական տվել այս քայլերին։
Վարչապետ Փաշինյանը երեկ հույս է հայտնել, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։
Ուրբաթ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Իրավապահ գերատեսչությունները հայտնել են, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման աշխատանքներ, իսկ կառավարությունից հավելել են, որ երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։