Մատչելիության հղումներ

Չգիտենք՝ սահմանազատում է, թե ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան


Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև, իսկ դրան պետք է նախորդի երևի ինչ-որ համաձայնագիր, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք չգիտենք՝ ինչ սկզբունքով են հիմա դա անում, և արդյոք դա սահմանազատում է, թե հենց այնպես ուղղակի ճնշման տակ ինչ-որ բան տալ։ Ես չեմ տեսնում, որ այդ պրոցեսը մեզ տանում է խաղաղության, ընդհակառակը՝ ես տեսնում եմ, որ այդ պրոցեսը տանում է հետագա բարդությունների», - նշեց Սերժ Սարգսյանը։

Նախկին նախագահի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը Տավուշի և Ղազախի հատվածում իրականացվող սահմանազատման գործընթացը որակել է «միակողմանի զիջում» և «կապիտուլյանտական քայլ»։

Իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ սրանով անվտանգային ռիսկերն են նվազում։ Վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Ուրբաթ Երևանն ու Բաքուն հաղորդեցին, որ «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա ու, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։

XS
SM
MD
LG