Մատչելիության հղումներ

«Սահմանազատում գեղեցիկ անվան տակ հերթական կապիտուլյացիան է». Արթուր Խաչատրյան


ԱԺ նիստ, արխիվ
ԱԺ նիստ, արխիվ

«Այս իշխանությունները սահմանազատում գեղեցիկ անվան տակ հերթական կապիտուլյացիայի են տանում մեր ժողովրդին», - հայտարարում է Ազգային ժողովի դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման այլ ճանապարհ ունի։ Առաջարկում է գործընթացը սկսել ոչ թե 91-ի Ալմա Աթայի հռչակագրով, այլ ավելի ուշ՝ 93-ին ընդունված փաստաթղթով։ Նախագիծը ներկայացրեց Արթուր Խաչատրյանը։

«Ո՞րը պետք ա լինի սահմանազատման հիմքը՝ հիմքը, ոչ թե վերջնական թուղթը. ըստ մեզ՝ պետք է լինի 93 թվականի փաստացի գործող սահմանները: Դուք կարող եք ասեք, որ դա սահման չի, դա ընդամենը շփման գիծ է», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

«Հայաստան» խմբակցությունը հայտարարության նախագիծ էր մշակել ու մանրամասն նկարագրել իրավիճակից իր պատկերացրած ելքը, այս նախագիծը քննարկվել էր ապրիլի սկզբին՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։ Նիստը փակ էր լուսաբանման համար։

Այսօր արտաքին հարցերի հանձնաժողովում էր քննարկվում։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որ հարակից զեկուցողն էր, առաջարկեց բացասական եզրակացություն տալ նախագծին։ Հիմնավորեց, թե եթե առաջնորդվեն ընդդիմության առաջարկով, ապա կնշանակի հրաժարվել Արծվաշենից ու 90-ականներին ադրբեջանական վերահսկողության տակ անցած այլ հայկական տարածքներից:

«Եթե Հայաստանը սկսի պաշտպանել 1993 թվականի շփման գիծը, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայաստանի այն տարածքներից, որոնք 93 թվականի դրությամբ և առայսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո՝ Արծվաշենը և Հայաստանի սահմանամերձ գյուղերի կենսական մյուս տարածքները: Եթե ոչ, ապա ինչպե՞ս պետք է Հայաստանը միաժամանակ պաշտպանի թե՛ 91 թվականի պետական սահմանը, թե՛ 93 թվականի շփման գիծը: Այդ հարցի պատասխանը մենք չստացանք», - հայտարարեց Կարապետյանը:

Ընդդիմադիրներից Արմեն Ռուստամյանը հակադարձեց Մարիա Կարապետյանին՝ հաշվարկե՞լ է՝ որքան տարածք է Ադրբեջանը պահանջում այն փաստաթղթով, որ առաջնորդվում է իշխանությունը։

«Դուք որ էդ պարզ համեմատությունը անելուց ենթադրում եք, որ 93 թվականի համար ֆիքսելով՝ մենք մեր համար պրոբլեմ ենք ստեղծում, ոչ մի քննադատության չի դիմանում: Որովհետև թե՛ տարածքների՛ համեմատության առումով, թե՛ դիրքերի ճշտման առումով մենք ունենում ենք շատ ավելի առավելություն վիճակ և շատ ավելի լուրջ խոսելու թեմաներ: Իսկ էսօր միայն Ադրբեջանի պահանջները բավարարման ճանապարհով է գնում գործընթացը», - ասաց Ռուստամյանը:

Ընդդիմության նախագիծը տապալվեց՝ հանձնաժողովում իշխանականները դեմ քվեարկեցին։

«Ամսի 9-ին տեղի ա ունենում սահմանազատման հանձնաժողովների նիստը, ամեն ինչ խաղաղ, մեկ էլ հոպ՝ Շահին Մուստաֆաևը ասում ա՝ «պետք ա դուրս գաք»: Եվ Շահին Մուստաֆաևի «հու»-ից հետո Հայաստանի իշխանություններն ասում են՝ «հա, հա, հա, ճիշտ ա, ճիշտ ա, ձերն ա, ձերն ա, ամեն ինչ ձերն ա, էկեք վերցրեք»: Բայց ձերն ա՝ դե տարեք մի հատ սյուն էլ տնկեք Ջերմուկին: Էդքան քաջ եք, էդքան հայրենասեր եք, էդքան ինքնիշխանություն եք պաշտպանում, տարեք տնկեք ըտեղ», - հայտարարեց Խաչատրյանը:

«Գործնականում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, այդ համաձայնությունը կյանքի է կոչվում, և այդ համաձայնության վերջնանպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է», - ասաց հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Նախագիծը կներկայացվի նաև խորհրդարանի հերթական լիագումար նիստում, բայց որպեսզի օրակարգը հաստատվի ու քննարկվի, ընդդիմության ձայները բավարար չեն։ Ամենայն հավանականությամբ, նիստում էլ այն կտապալվի։


XS
SM
MD
LG