Ուկրաինայում անհամբերությամբ են սպասում ԱՄՆ նոր օգնությանը

ԱՄՆ Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Միացյալ Նահանգների Սենատը հավանություն կտա 61 միլիարդ դոլարի օգնության փաթեթին, և ամերիկյան նոր սպառազինությունն արդեն հաջորդ շաբաթ կհասնի Ուկրաինա։ Նման հավաստիացում Զելենսկուն երեկ կայացած հեռախոսազրույցում տվել է նախագահ Բայդենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ամերիկյան զենքը Կիևը կարող է ստանալ մինչև ապրիլի վերջ․ The Washington PostԿիևը և եվրոպական դաշնակիցները ողջունում են ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումըԱՄՆ Ներկայացուցիչների տունը հավանություն տվեց Ուկրաինային օգնելու նախագծին

Ուկրաինացիներն անհամբերությամբ են սպասում են այս նոր օգնությանը:

Ուկրաինային կօգնի նաև Մեծ Բրիտանիան։ Վարչապետ Ռիշի Սունակն արդեն հայտարարել է Կիևին երկրի պատմության մեջ ամենամեծ՝ 617 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթը հատկացնելու մասին։ Ուկրաինական բանակը կստանա 400 մեքենա, 4 միլիոն փամփուշտ, ինչպես նաև 1600 հրթիռ, այդ թվում՝ «օդ-օդ» Storm Shadow հրթիռներ, որոնց հեռահարությունը մոտ 250 կմ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սունակը կհայտարարի Ուկրաինային ռազմական աջակցության ավելացման մասին

Այդուամենայնիվ, արևմտյան որոշ վերլուծաբաններ գրում են, որ արևմտյան այս օգնությունը շատ է ուշացել, և դժվար թե ուկրաինական բանակը կարողանա հարձակման անցնել այս տարում։

Իրավիճակը ռազմի դաշտում դեռ հօգուտ ռուսների է։ Նրանք ինտենսիվ գրոհում են ճակատի մի քանի ուղղություններով ու թեև դանդաղ, բայց առաջ են գնում, հատկապես՝ Դոնեցկի մարզում, որտեղ վերջին օրերին ռուսների վերահսկողության տակ է անցել մի քանի բնակավայր։

Մարտերն այս օրերին ընթանում են Չասով Յար քաղաքի համար, որը, Ուկրաինայի նախագահի պնդմամբ, ռուսներն ուզում են գրավել մինչև Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական բանակը ցանկանում է մինչև մայիսի 9-ը գրավել Չասով Յարը. Ուկրաինայի ԶՈւ

Արևմտյան նոր զենքը կօգնի ուկրաինացիներին առնվազն չնահանջել, կարծում են անկախ փորձագետները: Ռազմական վերլուծաբանների մի մասը, սակայն, հոռետես է և համոզված է, թե այն օգնությամբ, որն Ուկրաինան առաջիկայում ստանալու է, ռուսներին հնարավոր չէ հաղթել։

Քաղաքագետ Միխայիլ Կոմինը, մասնավորապես, ասում է, որ Ռուսաստանի իշխանություններին արևմտյան օգնությունը չի կանգնեցնի, և պատերազմը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ Կրեմլում Պուտինն է նստած:

«Սա առաջին հերթին կախված է Ռուսաստանի քաղաքական ռեժիմի կայունությունից։ Եթե Վլադիմիր Պուտինը շարունակի մնալ իշխանության կամ իշխանության գա որևէ այլ պայմանական «բազե», Ռուսաստանը կունենա բավականաչափ ռեսուրսներ այս պատերազմն առանց խնդիրների շարունակելու համար։ Ռուսաստանը Եվրոպայի ամենամեծ պետությունն է, շատ ավելի մեծ, քան Ուկրաինան, նրա բյուջետային և մոբիլիզացիոն հնարավորություններն անսահման են», - ընդգծում է Կոմինը:

Ըստ քաղաքագետի՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է իրեն զգում Պուտինի ռեժիմը։ Եթե վարչախումբն ունենա վերնախավի զգալի մասի աջակցությունը, ապա ճնշումների ու քարոզչության միջոցով կկարողանա հասնել պատերազմի նկատմամբ բնակչության մեծամասնության չեզոք վերաբերմունքին։ Այսինքն՝ Կրեմլն առանց լուրջ խնդիրների կշարունակի իր այսպես կոչված հատուկ ռազմական օպերացիան այնքան ժամանակ, որքան կամենա։