Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի Սենատն այսօր կհաստատի Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլար տրամադրելու Ներկայացուցիչների տանը ապրիլի 20-ին ընդունված օրինագիծը։ Այն ընդհանուր առմամբ նախատեսում է 95 միլիարդ դոլարի տրամադրում սերտ դաշնակիցների անվտանգության համար, Ուկրաինայից բացի նաև Իսրայելին ու Թայվանին։
Նախագահ Բայդենը ավելի վաղ ասել էր, որ Կոնգրեսի երկու պալատներում ընդունվելուց հետո անմիջապես կստորագրի օրինագիծը։ Ապրիլի 22-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ռազմական օգնությունը կտրամադրի հնարավորինս արագ։
Ներկայացուցիչների տունը ամիսներ շարունակ քվեարկության չէր դնում օրինագիծը։ Հանրապետականները, հատկապես Թրամփի կոշտ թևը առաջ էր քաշում ԱՄՆ-ի հարավային սահմանների պաշտպանության խնդիրները։ Կիևը հայտարարում էր, որ առանց արևմտյան օգնության պարտվում է ռուսական ուժերին։