Միջպետական ճանապարհը բացվեց

Վաղ առավոտից Վրաստան տանող ճանապարհի Կիրանց գյուղի հատվածը փակած տավուշցիները բացեցին ճանապարհը։

Կիրանցի գյուղապետի փոխանցմամբ, պայամանավորվել են, որ երկուշաբթի օրը հանդիպում կլինի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հետ։

«Կգանք ու արդեն կհասկանանք ինչի հետ գործ ունենք ու կսկսենք մեր գործերը՝ սահմանը ճշտենք ճիշտ պահենք», - «Ազատության» հետ զրույցում ասացին բնակիչները։

Տավուշցիները նշեցին, որ փոխվարչապետի հետ պատրաստվում են քննարկել այս հատվածում սահմանազատմանն առնչվող խնդիրներին։

Գյուղացիներն ասացին, որ իրենք Երևան չեն գալու և ակնկալում են, որ պաշտոնյաներն իրենք կժամանեն Տավուշ ու կպատասխանեն իրենց հարցերին։

Փակ ճանապարհը մեծ խցանում էր առաջացել այս հատվածում, մեքենաները շրջանցում էին ճանապարհը Աճարկուտով։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ու Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ավելի վաղ հանդիպել ու զրուցել էին բնակիչների հետ, սակայն քաղաքացիները հրաժարվել էին բացել ճանապարհը՝ պնդելով, որ այս հատվածում սահմանազատում իրականացնելը հայկական կողմից միակողմանի զիջում է։

«Թող մարզպետարանն էլ բերեն դնեն էդտեղ, Ազգային ժողովն էլ ու ընտեղ էլ աշխատանքի գնան, տեսնենք իրենց հաճելի է։ Զորքն ուզում են հետ քաշել, խի՞ ես հետ քաշում, քաշես որ թուրքը գա նստի՞», - մտագոհություն էին հայտնել «Ազատության» զրուցակիցները՝ նշելով՝ «անվտանգության ոչ մի երաշխիք իրենց չեն տալիս, իշխանությունների խոսքերին չեն հավատում, ճանապարհն ազատել չեն պատրաստվում»։

Բնակիչները նշում են՝ եթե պաշտոնյաների պատասխաններն իրենց չգոհացնեն, դարձյալ ճանապարհ կփակեն։

Your browser doesn’t support HTML5

Միջպետական ճանապարհը բացվեց

Երեկ հաղորդվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Ոսկեպարից երեկ «Ազատության»-ը հատնել էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն նախնական համաձայնեցրին սահմանագծի 4 առանձին հատվածները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան