Ընդդիմադիր պատգամավորները երաշխավորում են Աշոտյանին ազատ արձակելու համար

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան, արխիվ

Արդեն տասն ամիս կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանին ազատության մեջ տեսնելու համար ընդդիմադիր պատգամավորները երաշխավորություն են ստորագրել, որը կներկայացնեն առաջիկա դատական նիստին։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 35 պատգամավորներն ակնկալում են, որ այս անգամ դատավոր Վահե Դոլմազյանը կանսա իրենց խնդրանքին։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ չնայած նախորդ անգամ դատարանը մերժել էր իրենց միջնորդությունը, բայց դա չի խանգարում իրենց շարունակել պայքարել Աշոտյանի ազատության համար։

«Մենք փորձում ենք օգտագործել հնարավոր բոլոր հնարավորությունները, ուղղությունները՝ Արմեն Աշոտյանի գործով խափանման միջոցի փոփոխությանը հասնելու, և նաև զուգահեռ այս գործընթացով նաև փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել ոչ միայն Հայաստանում քաղբանտարկյալների առկայությանը, այլ նաև՝ փորձելու ստեղծել նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշումը, հատկապես այն պարագայում, որ խորհրդարանի ընդդիմադիր բոլոր պատգամավորները փաստացի այս գործընթացի մաս են կազմում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը:

Երեք ամիս առաջ էլ էին շուրջ մեկ տասնյակ պատգամավորներ ու քաղաքական գործիչներ երաշխավորություն ներկայացրել դատարան, բայց՝ ապարդյուն։ Դատարանն անփոփոխ էր թողել Հանրապետական կուսակցության փոխնախագահի կալանքը։ Այժմ լրացել է կալանքի երեք ամիսը, և ապրիլի 10-ին դատարանը նորից պետք է քննարկի հարցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չնայած շուրջ մեկ տասնյակ երաշխավորությանը՝ Աշոտյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

«Սա ընդամենը նեղ անձնական փոքրոգի վրեժխնդրության դրսևորում է, մանավանդ՝ հաշվի առնելով, որ այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, Կենտրոնամետ դեմոկրատների միությունը, անվանական բազմաթիվ անգամներ հայտարարություններ և բանաձևեր են ընդունել՝ ճանաչելով Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ», - իր հերթին, նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հանրապետականի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը:

Նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։ Մեղքը չընդունող 48-ամյա Աշոտյանը պնդում է՝ գործը սարքված է, ինքն էլ քաղբանտարկյալ է, նա և նրա թիմակիցները բազմիցս են հայտարարել՝ անազատության մեջ է գտնվում բացառապես իր քաղաքական հայացքների, մասնավորապես՝ Արցախի հարցում իշխանությանը կոշտ քննադատելու համար։

Աշոտյանի կուսակից Մամիջանյանի խոսքով՝ իշխանությունները պարզապես հաշեվահարդար են տեսնում ընդդիմադիր գործչի նկատմամբ, որն ազատության մեջ կարող է խնդիրներ հարուցել իշխանությունների համար։

«Անհնար է թերագնահատել Արմե Աշոտյանին որպես ընդդիմադիր առաջնորդ, որպես Հայաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցություններից մեկի՝ Հանրապետականի փոխնախագահ, և այն փաստը, որ բոլոր ստերը, բոլոր կեղծիքները պարոն Աշոտյանը կետ առ կետ բացատրում էր մեր քաղաքացիներին՝ դրանք ցրելով և բացատրելով իրականությունը, նախ, երկրորդ՝ հաշվի առնելով Արմեն Աշոտյանի միջազգային կապերը, եվրոպական կապերը՝ սա նույնպես կարևորագույն գործոն է իրեն անազատության մեջ պահելու», - պնդեց Մամիջանյանը:

Ստորագրահավաքին միացած՝ «Հայաստան» խմբակցությունից Էլինար Վարդանյանն, իր հերթին, մտահոգվում է կալանքը որպես պատիժ կիրառելու երևույթից։ Ընդգծում է՝ իր ստորագրությունը դնելով երաշխավորության դիմումի տակ՝ ուզում է հավատալ, որ դատավորը կառաջնորդվի օրենքով։

«Թե ինչպիսի որոշում կկայացնի, մենք կտեսնենք արդեն ապրիլի 10-ին, բայց մի բան ակնհայտ է, որ Հայաստանում, այնուամենայնիվ, կալանքը որպես պատժելու մեխանիզմ օգտագործելը արդեն դարձել է ավանդույթ», - «Ազատությանը» ասաց Վարդանյանը:

Գլխավոր դատախազությունից «Ազատության» փոխանցեցին՝ Աշոտյանին կալանքից ազատ արձակելու հարցով դիրքորոշում կհայտնեն դատական նիստի ընթացքում, երբ ներկայացվի ընդդիմադիրների երաշխավորությունը։

Իշխանությունները կտրականապես հերքում են Հանրապետականի փոխնախագահի և նրա թիմակիցների այն պնդումները, թե Աշոտյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, վստահեցնելով՝ դատական իշխանության գործերին չեն միջամտում։

Միջազգային հեղինակավոր կառույցների զեկույցներում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին տվյալներ չկան։