Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ընդդիմադիր Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու քննությունը։ Դռնփակ նիստը մոտ մեկուկես ժամ տևեց։
Նիստից հետո փաստաբան Տիգրան Աթանեսյանը փոխանցեց, որ քննությունը դարձյալ ընդմիջվեց, որպեսզի Աշոտյանը ծանոթանա Քննչականի ներկայացրած տեսագրություններին։ Դրանք հիմնականում գործով անցնող անձանց հարցաքննություններն են։
«Դրանք հարցաքննությունների տեսաձայնագրություններ են, որտեղ նաև հրապարակում են այդ ներքին, արտաքին դիտումները։ Պարոն Աշոտյանը կարողացել է քրեակատարողական հիմնարկի պայմաններում ծանոթանալ կեսին, իր խոսքերով՝ հայտնաբերել է լուրջ հակասություններ գրավորի և բանավորի միջև, հետևաբար անհրաժեշտություն կա դրանք մինչև վերջ դիտելու», - մանրամասնեց նա։
48-ամյա ընդդիմադիր գործչին անցած տարի էին մեղադրանք առաջադրել, նա յոթ ամիս ազատության մեջ էր և կալանավորվեց միայն այս հունիսին, երբ քննիչները պնդեցին, որ փորձել է խոչընդոտել գործի քննությանը։
Նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչը մեղադրվում է կրթության նախարար լինելու տարիներին փողերի լվացումը, վստահված գույքը հափշտակելը, պաշտոնեական լիազորություններն անցնելը կազմակերպելու համար։
Մեղքը չընդունող Աշոտյանի թիմակիցները շարունակում են պնդել, որ նա քաղբանտարկյալ է և բանտում է հայտնվել վարչապետ Փաշինյանին Արցախի հարցում վարած քաղաքականությունը կոշտ քննադատելու համար։
«Արմեն Աշոտյանը մեղավոր է մի բանում, որ հայրենասեր է։ Դա մեր երկրում այս պահին, իշխանությունների կարծիքով, ամենաբարձր, ամենածանր հանցագործությունն է, ու բոլոր մարդիկ, ովքեր այդ հանցագործությունը գործում են, փորձում են այսպես կոչված իշխանությունները կոտրել, որն անհնար է՝ այդքան մարդ կոտրել, այդպիսի տոկոնությամբ մարդկանց կոտրել հնարավոր չէ», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետական Հայկ Մամիջանյանը։
Իշխանության շարքերից ի պատասխան հայտարարում են, որ իրենք իրավական գործընթացների վրա չեն ազդում, կա հանցանքի կասկած, և իրավապահները քննություն են անցկացնում։ Քննչական կոմիտեն չի հրապարակել, թե ինչու է ցանկանում դարձյալ անազատության մեջ պահել Աշոտյանին։ Նախկին նախարարի մյուս փաստաբանը՝ Բենիկ Գալստյանն ասաց՝ պատճառաբանությունը նույնն է՝ նախկին իշխանության ներկայացուցիչն ազատության մեջ կազդի գործով անցնող անձանց վրա այնպես, ինչպես դա, ըստ քննիչների, արել է ամիսներ առաջ։
Քննչական կոմիտեն հենց այս փաստարկներն էր դեռ երկու ամիս առաջ ներկայացրել դատարան և հրապարակել մի ձայնագրություն, որտեղ, ըստ իրավապահների, Աշոտյանի համախոհները փորձում են ազդել այս գործով անցնող անձանց վրա, նրանց հարազատներին համոզում, որ իրենց փաստաբանը պաշտպանի նրանց, որպեսզի Աշոտյանը կարողանա վերահսկել քննությունն իր իսկ օգտին։
«Ինչի՞ չես ուզում Արմենի փաստաբանին, ի՞նչն է խնդիրը, ասա, ջոգեմ...», - ասված է ձայնագրության մեջ։
Փաստաբան Բենիկ Գալստյանը, սակայն, պնդում է՝ այդ ձայնագրությունում Աշոտյանի ձայնը չկա, և այն ընդամենը վկայում է գործով մեղադրյալների հարազատների մտահոգությունների մասին. - «Մարդիկ, ովքեր անհանգիստ են մի երիտասարդ աղջկա կալանավորման հարցով, խոսքը վերաբերում է այս գործով Մարթա Սիմոնյանին, երևում է, որ մարդիկ, ովքեր անհանգիստ են, հայ ենք, վերջիվերջո, ջահել աղջկա կալանքով անհանգիստ մարդիկ են, խառնվել են իրար, տարբեր բաներ են խոսում՝ սրան եմ տենալու, նրան եմ տենալու»։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակցի փաստաբանը պնդում է, որ ԱԱԾ-ի իրականացրած այս ձայնագրությունները դեռ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին էին արվել, բայց իրավապահները դրանք պահել էին հարմար առիթի ու դրանց հիման վրա Աշոտյանին կալանավորելու պահանջ ներկայացրել միայն հունիսին։ Քննչական կոմիտեն այս պնդումներին չի արձագանքել։