Մարտի 1-ի զոհերի ծնողների մոտ 18-ի հեղափոխությունից հետո արթնացած հույսը վերափոխվել է զայրույթի՝ ինչո՞ւ չիրականացավ 2008-ի արյունալի դեպքերը բացահայտելու վարչապետ Փաշինյանի խոստումը։
«Մենք սպասել էինք իշխանափոխության, մենք հեղափոխությունն ընդունել ենք երջանկությամբ, որ պետք է Մարտի 1 բացահայտվի», - ասաց Ալլա Հովհաննիսյանը՝ շարունակելով, - «Ես պահանջում եմ, որ ով այդ հրամանը արձակել է, ով ապօրինի որոշում է կայացրել ժողովրդի, անմեղ կանգնած իմ որդուն կրակելու համար, նա ենթարկվի պատժի»։
16 տարի առաջ մայրաքաղաքի կենտրոնում «Չերյոմուխա 7»-ից զոհված Տիգրան Խաչատրյանի ընտանիքը, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից որևէ ակնկալիք չուներ և հեռացել է Բելգիա, հուսադրվել էր Փաշինյանի խոստումներից։ Կարծում էին՝ մոտ է օրը, երբ ճաղերի հետևում կտեսնեն բոլորին, ովքեր որոշեցին կրակ բացել 2008-ի նախագահական ընտրությունները վիճարկող ցուցարարների վրա, կյանքից զրկեցին 10 մարդու։
«16 տարի Մարտի 1-ից հետո անհույս վիճակով եմ, չեմ ընդունում այս կառավարությանը՝ զուտ Մարտի 1-ի գործը, շատ պատճառներ կան, բայց ես իմ մասով եմ ասում, գործը կասեցնելու, Մարտի 1-ի էջը փակելու համար», - նշեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դեռ որքա՞ն է ձգվելու այս քննությունը». «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել քննիչինԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարտի 1-ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի խոստումը դեռ հնչում է Ալլա Հովհաննիսյանի ականջներում։
«Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է», - ասել էր Փաշինյանը։
Վարչապետի բնորոշմամբ բացահայտված գործով, սակայն, չկա գեթ մեկը, որը պատիժ է կրում իր արարքի համար։ Կա ընդամենը 4 մեղադրյալ, 4-ն էլ հետախուզվում են, միայն մեկի՝ քննիչի գործն է դատարանում, որը մեղադրվում է ապացույցները կեղծելու համար։
Վաղեմության ժամկետներ, խոտանված զենքեր, ապացույցները հավաքելու բարդություն. դատախազ
«Ժամանակը հոսում է և հոսել է նախկինում, վաղեմության ժամկետները լրացել են, այստեղ բախվելու խնդիր չկա, ժամանակը գնացել է, անցել է», - նշում է գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։
Դեպի ո՞ւր է գնում քննությունը՝ փակո՞ւղի, թե՞ ի վերջո բացահայտում, գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը փակման մասին չի խոսում։
«Գործը կարող է ավարտվել մեղադրական եզրակացությամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով կամ առիթը կարճելով, այս պահի դրությամբ ձեզ հուզող դրվագներով այդ որոշումներից որևէ մեկը կայացնելու հիմքեր չունենք, հետևաբար քննությունը շարունակելու ենք այնքան, մինչև դրական արդյունքներ ունենանք», - շեշտում է նա։
Դատախազն ասում է՝ խնդիրների են բախվում՝ վաղեմության ժամկետներն են անցնում, առգրավված զենքերը խոտանված են, ապացույցներ հավաքելու բարդություն կա, վկաները չեն հիշում դեպքի մանրամասնրը։ Չնայած այս ամենին՝ Հայկ Հովհաննիսյանը պնդում է, թե ակտիվ քննություն է ընթանում։
«Կատարվում են տարբեր ստորաբաժանումներին հատկացված, ամրակցված զենքերի առգրավումներ, ներկայացվում են փորձագետին։ Այն զենքերն են, որոնք հիմա խմբաքանակներով առգրավում ենք ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից և ներկայացնում փորձաքննության, քանի որ ինչպես Մարտի 1-ի զոհերի դիակների մարմիններից, այնպես էլ դեպքի վայրից հայտնաբերվել են գնդակներ, պարկուճներ, որոնք, հույս ունենք, որ կկարողանանք այս եղանակով նույնականացնել», - շեշտեց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սասուն Խաչատրյանը չի բացահայտում Մարտի 1-ին կրակ բացելու հրաման արձակած հրամանատարին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զուրաբյան. «Փաշինյանը ինչ-ինչ քաղաքական նպատակներով ըստ էության փակեց «Մարտի 1»-ի գործը»
Բոլոր մեղավորները պետք է մեղադրվեն սահմանադրական կարգը տապալելու, իշխանության յուրացման ու դրան օժանդակելու համար. Եգորյան
Ընդամենը ամիսներ առաջ նույն դատախազությունն արդարացրեց 10 զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող նախկին բարձրաստիճան ոստիկան Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, որ անցնում էր սպանությունների գործով, բայց քննության ընթացքում անմեղ ճանաչվեց։ Դատախազությունը եզրակացրել էր՝ բավարար ապացույցներ չկան։
2018-ին Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման համար մեղադրանք առաջադրվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, տարիների քննությունից հետո նա ևս արդարացվեց, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց նրան վերագրվող հոդվածը։ Դատախազության բողոքարկումից հետո, սակայն, Վճռաբեկը դիմել է ՍԴ, որպեսզի Քոչարյանի մեղադրանքը վերաորակելու հնարավորությունը ստուգեն։
«Պարբերաբար և ժամանակ առ ժամանակ հայտնել ենք, որ այստեղ այսպիսի պրոբլեմ կա, անհրաժեշտ է, օրինակ, քրեական քաղաքականության շրջանակներում այսինչ կարգավորումներն օրենսդրական մակարդակում փոփոխել, որովհետև դրանք չեն նպաստում Սահմանադրության սահմանված կարևորագույն իրավունքների լիարժեք պաշտպանությանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց զոհերի հարազատների փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա, իր հերթին, դեռ դեկտեմբերին է դատախազությանը ներկայացրել իր դիրքորոշումը. - «Սա մի իրադարձություն է՝ բազմաթիվ իրադարձություններով դրա մեջ ամփոփված, որ ուղղված է եղել պետական սահմանադրական կարգի տապալմանը, և այդ նպատակին հասնելու շրջանակներում գործադրվել են տարաբնույթ գործիքներ»։
Եգորյանը պնդում է՝ մարտյան արյունալի իրադարձությունների բոլոր մեղավորները՝ հասարակ ոստիկանից մինչև բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, պետք է մեղադրվեն հենց սահմանադրական կարգը տապալելու, իշխանության յուրացման ու դրան օժանդակելու համար։ Իսկ դա, ըստ նրա, հնարավոր կլինի, եթե նման կամք լինի։