Դատախազությունն անմեղ է ճանաչել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության՝ ցույցերի ժամանակ Զաքար Հովհանիսյանին կյանքից զրկելու համար։ Չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշել են գործը փակել։
«Դատախազը որոշում է կայացրել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին», - ասաց փաստաբան Վաղարշակ Գևորգյանը:
Գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը պատճառաբանել է, թե բավարար ապացույցներ չկան, որ մարտի 1-ին ոստիկանության շտաբի նախկին ղեկավարն է սպանել 31-ամյա Զաքար Հովհաննիսյանին՝ փոխանցեց փաստաբան Գևորգյանը։ Մինչդեռ հեղափոխությունից հետո, երբ այդ մեղադրանքն առաջադրվեց, Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանն «Ազատության» հարցին ի պատասխան խոսել էր ապացույցների մասին, ավելին՝ պնդել, թե այս գործը կբերի մյուս սպանությունների շղթայական բացահայտման:
«Ազատություն»․ - Բայց դուք ունե՞ք ապացույցներ, որ հենց իրեն կցված ատրճանակից է ինքը կրակոցն արձակել և սպանել Զաքար Հովհաննիսյանին:
Խաչատրյան․ - Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով այդ հարցին չեմ ցանկանում պատասխանել: Բայց որ կա ապացույցների բավարար համակցություն՝ դա ակնհայտ է:
«Ազատություն»․ - Իսկ պարկուճների փոփոխությա՞ն հանգամանքը՝ այս մասով նա նույնպե"ս լռում է, ոչինչ չի՞ ասում, քանի որ տեսակետներ կային, որ նա կարծես թե ընդունել է, որ իսկապես պարկուճները փոխվել են, կեղծվել են ապացույցները:
Խաչատրյան․ - Չեմ ցանկանում մեկնաբանել, կրկին ասում եմ, որ բաց աղբյուրներում այդ մասին տեղեկատվություն կա, որը ես չեմ հերքում:
«Ազատություն»․ - Իսկ հաշվի առնելով Գեղամ Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը՝ սա առաջին գործն է սպանության հետ կապված, կարո՞ղ ենք ասել, որ սա կբերի շղթայաձև նաև մյուս սպանությունների բացահայտմանը: Ի վերջո, 11 տարի որևէ մեկը մեղադրված չի եղել սպանությունների գործով:
Խաչատրյան․ - Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի:
«Ազատություն»․ - Ի՞նչը ձեզ օգնեց, որ 11 տարի անց, ի վերջո, կարողացավ Հատուկ քննչական ծառայությունը սպանությունների գործի հետ կապված որոշակի առաջընթաց ունենալ: Ո՞ր գործոնը ձեզ օգնեց:
Խաչատրյան․ - Կարծում եմ՝ հետևողական աշխատանքը: Գիտե՞ք ինչ, հետևողական աշխատանքը, միանշանակ, իր արդյունքը տալիս է: Իմ դիտարկումներից է, որ աշխատանքը դա էներգիայի պես մի բան է՝ այն անհետ չի կորում երբեք, ինչ-որ արդյունք տալիս է: Կարող է այդ արդյունքը լինել տեսանելի, շատ տեսանելի, քիչ տեսանելի, բայց որ արդյունք տալիս է, դա՝ անպայման:
«Ազատություն»․ - Որովհետև նախկինները նշում էին, որ քանի որ շատ տարիներ են անցել՝ տաս տարի է անցել, ութ տարի է անցել, ապացույցներ այլևս չկան, գոյություն չունեն:
Խաչատրյան․ - Դե, հիմա մենք ապացույցներ ձեռք ենք բերել:
Թե ուր են անհետացել այս ապացույցները՝ Գլխավոր դատախազությունը չի պարզաբանում․ «Ազատության» հարցին իրավապահները դեռ չեն արձագանքել։
Ըստ նախաքննության, Զաքար Հովհաննիսյանը սպանվել էր հրազենային վնասվածքից՝ Մաշտոցի պողոտայի շուկայի մոտ։ 2019-ին պաշտպանն էր դատարանում պատմել, որ բարձրաստիճան ոստիկանի դեմ ցուցմունք տվող վկա է ի հայտ եկել․ «Որ իբրև թե Զաքար Հովհաննիսյանը ուզեցել է հարվածել, Գեղամ Պետրոսյանն էլ հանել կրակել ա»։
Ավելին, մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամ, այժմ՝ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հեղափոխությունից հետո «Ազատությանն» ասել էր՝ Պետրոսյանը ժամանակին ցուցմունքներ է տվել ոստիկանության կողմից կրակ բացելու վերաբերյալ, սակայն, նախկին իշխանությունները դրանք չեն քննել։
«Գեղամ Պետրոսյանը և՛ 2008 թվին, և՛ 2018 թվականի իր հարցաքննություններում իրենց կողմից կրակելու, իրենց կողմից հրաման տալու և կրակելու ու մնացած հանգամանքների կապակցությամբ ցուցմունքներ տվել են, ուղղակի քննիչները հետևողական չեն եղել։ Բա որ կրակեցիք, որևէ մեկին կպավ, չկպավ, ինչ եղավ, չեղավ։ Ավերջ ասում ա՝ քանի որ հարկադրված էինք էդ իրավիճակից, մենք ստիպված հրահանգ տվեցինք կրակել», - նշել է Սաֆարյանը։
Նախկինում «Մարտի 1-ի» փաստահավաք խմբի անդամ, այս գործով տուժողների շահերի ներկայացուցիչ Սաֆարյանը 2019-ին նաև «Ազատությանն» ասել էր՝ Գեղամ Պետրոսյանը հեղափոխությունից առաջ և հետո միմյանց հակասող ցուցմունքներ է տվել։
«Երբ հիմա նայում ենք, թե զենքի ինչ տեսակներ են ասել 2018-ին, իսկ 2008-ին ինչ են ասել, տեսնում ես, որ զենքեր են եղել, որոնց վերաբերյալ տեղեկություններ դիտավորյալ չեն տվել։ Ինչո՞ւ չեք ասել, չեք ասել, որովհետև էդ զենքից խնդիր կարա լինի, օբյեկտիվ ապացույց կարա ձեռք բերվի», - նշել է նա։
Ավելին, Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին փաստահավաք խմբի անդամ Սաֆարյանը պնդել էր, թե Գեղամ Պետրոսյանը հեղափոխությունից հետո ցուցմունք է տվել, որ գործը քննող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հետ ապացույցներ է կեղծել, փամփուշտներ փոխել: Ինչպե՞ս է այդ դեպքում նրա դեմ հարուցված գործը կարճվել, ինչո՞ւ այդ ցուցմունքները հիմնավոր չեն համարվել՝ իրավապահները չեն մանրամասնում։
2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարեց «Մարտի 1-ի» քննությանը նոր թափ հաղորդելու մասին, մեղադրանք առաջադրվեց մոտ մեկ տասնյակ նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հայկ Միլիտոնյանին, նրա տեղակալ Հովհաննես Թամամյանին ու նախկին փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանին։ Բոլորն էլ այժմ ազատության մեջ են։ Մի մասն արդարացվել է, մյուսներն էլ՝ հեռացել երկրից։