Մատչելիության հղումներ

Զուրաբյան. «Փաշինյանը ինչ-ինչ քաղաքական նպատակներով ըստ էության փակեց «Մարտի 1»-ի գործը»


Երևան, 1-ը մարտի, 2008թ.
Երևան, 1-ը մարտի, 2008թ.

«Երկրի ներսում էդ փամփուշտը մենք չենք օգտագործել, էդ փամփուշտը օգտագործել է իրավապահ մարմինը և օգտագործել է ճիշտ տեղին և ժամանակին». - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս արդարացրել էր իր իսկ ընտրությունը վիճարկող ցույցերում իրավապահների գործողությունները, որ տասը մարդու կյանք խլեցին։ 2008-ին Սարգսյանի մրցակցի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Լևոն Զուրաբյանը համարում է, որ երրորդ նախագահը նման կարծիք չէր կարողանա հայտնել, եթե բացահայտված լիներ «Մարտի 1»-ը։

«Սա ամենամեծ հանցագործությունն է, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կատարել է», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Զուրաբյանը:

Փաշինյանը, որ 2018-ին հեղափոխությամբ եկավ իշխանության, խոստացել էր բացահայտել 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների մեղավորներին, ապա հավաքներից մեկում հայտարարել, թե գործը բացահայտված է։

«Սա գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ քաղաքական նպատակներով ըստ էության փակեց «Մարտի 1»-ի գործը։ Ես վստահ եմ, որ դա արել է նրա համար, որովհետև իրեն հարմար է ունենալ ի դեմս նախկինների՝ ընդդիմություն խորհրդարանում, սա ամենահարմար ընդդիմությունն է», - ընդգծեց Զուրաբյանը:

Սերժ Սարգսյանը, իր ճեպազրույցում թեման շարունակելով, մահաբեր կրակոցները նաև այսպես էր արդարացրել. - «Էդ գործով ինչ որ եղել է՝ եղել է ի պատասխան էն մարդկանց, ովքեր չկարողացան էն ժամանակ իրենց նպատակին հասնել, իսկ 18 թվին հասան»։

Ում նկատի ունի Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, որ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առանցքային անդամներից էր, թե՞ հենց առաջին նախագահին։

«Համարյա 100 տոկոսով վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը մեզ նկատի չունի, բայց ես չեմ կարող նրա մեկնաբանը լինել, պետք է իրեն հարցնեք: Իսկ եթե պարզվի, որ մեզ նկատի ունի, ապա նա դրանով կմիանա Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատրյանի անփառունակ թիմային ջանքերին, որոնք մտային մի խարդախությամբ փորձում են նույնացնել Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում», - նկատեց Լևոն Զուրաբյանը՝ վստահություն հայտնելով՝ «Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, տարբերում է ուժի դիրքից Ադրբեջանի հետ «արժանապատիվ խաղաղության գնալու Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան Նիկոլ Փաշինյանի անգլուխ ղարաբաղյան քաղաքականությունից, ով սկզբից «ոչմիթիզական» և բանակցությունները մերժող դիրքորոշմամբ հայկական կողմին ներքաշեց կործանարար պատերազմի մեջ, հետո զոհաբերեց Արցախը, իսկ հիմա զբաղված է Ալիևից խաղաղություն մուրալու ի սկզբանե անհույս ու նոր կորուստներ բերող գործով»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը հիշեցնում է «Մարտի 1»-ի քննության հետհեղափոխական ժամանակագրությունը՝ գործընթացն այնքան դանդաղ էր, որ անցան վաղեմության ժամկետներն, ու չբացահայտվեցին նախկին բարձրաստիճան շատ պաշտոնյաների գործողությունները, չքննվեցին ապացույցները, հանցանշանները կեղծելու գործերը, ի վերջո՝ չբացահայտվեցին սպանությունները։

Անցած տարիներին սպանության համար միայն մեկ մեղադրյալ կար՝ Ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը 4 տարվա քննությունից հետո անմեղ ճանաչվեց։ Դատախազությունը եզրակացրել էր՝ բավարար ապացույցներ չկան։

«Ցուցմունքներ են տրվել, որ նա է հրամանները տվել, բայց էդ դեպքում էդ հրամանի շղթայով պետք է գնային ու հասնեին վերջնական պատասխանատուների և կազմակերպիչների, ինչը, ի դեպ, ԵԽԽՎ-ն ժամանակին մի քանի բանաձևով հորդորել է անել», - նշեց ՀԱԿ փոխնախագահը:

Պետրոսյանը միակը չէր, որ ազատվեց պատասխանատվությունից, շարունակում է Զուրաբյանն ու հիշեցնում է սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների արդարացումը, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց նրանց վերագրվող հոդվածը։

«Սա՝ ամբողջը, Նիկոլ Փաշինյանի կատարածն է, և ես իմ մեղադրանքը, նաև՝ այս հայտարարության պատճառով, առաջին հերթին մղում եմ Նիկոլ Փաշինյանին: Ինքը թույլ է տալիս, որ լեզուներ երկարեն, որ արդեն մարդիկ անմեղ լինեն», - ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ հավելելով. - «Եվ ես մի բան էլ ասեմ՝ խոսքը ինչի՞ մասին է, «Մարտի 1»-ը ի՞նչ սիմվոլ է. «Մարտի 1»-ը ա սիմվոլ է, որ ժողովրդի վրա առաջին անգամ իշխանությունները կրակեցին»:

Մինչդեռ կան «Մարտի 1»-ի գործերով Եվրոպական դատարանի վճիռները, ըստ որոնց՝ ընդդիմադիր գործիչները զանգվածային անկարգություններ չեն կազմակերպել, նրանց արարքներում պատժելի գործողություններ չեն եղել, իսկ Հայաստանի կառավարությունը 2008-ին խախտել է հավաքներ անցկացնելու իրավունքը։

Ի դեպ, մոտ մեկ տարի առաջ, երբ լրագրողները վարչապետին հիշեցրել էին իր հայտարարությունը, թե «Մարտի 1»-ը բացահայտված է, Փաշինյանը դարձյալ պնդել էր՝ գործը, այո, բացահայտված է, ու մեկ լրացում էր արել՝ մեղավորները պատժված չեն իրավական տարբեր խնդիրների պատճառով։

XS
SM
MD
LG