Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային, ԲՏԱ նախարարը՝ նամակ ռուս գործընկերոջը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան, արխիվ

Պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային՝ զանգվածային հաղորդակցության երկկողմ համաձայնագիրը խախտելու համար։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը խախտումն արձանագրել է օրերս ու դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

«Հայաստանի Հանրապետությունը չի կարող տոլերանտ լինել այնպիսի բովանդակություն ունեցող հաղորդումներին, որոնք կարող են հարցականի տակ դնել մեր պետության և ժողովրդի արժանապատվությունը», - հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին. Մխիթար Հայրապետյան

Իսկ փետրվարի 25-ին «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդման ընթացքում մի քանի անգամ հիշատակվել է Հայաստանի ու նրա ղեկավարության անունը, և մի շարք վիրավորական արտահայտություններ են հնչել։ Հաղորդման մի դրվագում, երբ քննարկվում էր, թե ինչպես է աշխարհում փոխվում հանրության վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, հաղորդավարի ձևակերպմամբ՝ ինչ աղետալի հետևանքներ է թողնում արևմտյան միջամտությունը, զրուցակիցներից մեկն ակնարկեց՝ լավ կլիներ Հայաստանի իշխանությունները մտածեին այս մասին։ Ապա Կրեմլի ամենահայտնի քարոզիչներ Վլադիմիր Սոլովյովն ու Մարգարիտա Սիմոնյանը պնդեցին՝ դեռ 2008-ին պետք է հարցը լուծվեր, և ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի հետ սահմաններ չէին լինի։

«Հայաստանի հետ ոչ մի խնդիր չէր լինի, եթե 2008-ին մենք չկանգնեինք։ Այ եթե մենք 2008-ին լուծեինք Վրաստանի խնդիրը, Ռուսաստանը ցամաքային սահման կունենար Հայաստանի հետ, իսկ կյանքը բոլորովին այլ կլիներ Հայաստանում», - ասաց Սոլովյովը:

«Սահման ընդհանրապես չէր լինի՝ ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի հետ, ինչը և պետք է լինի», - հավելեց Սիմոնյանը:

Հաղորդման կեսից կրկին հիշում են Հայաստանին: Սոլովյովը, Հայաստանի իշխանության հասցեին վիրավորական բառապաշար օգտագործելով, ասում է՝ ղեկավարության հետ խոսել պետք չէ, այլ՝ ժողովրդի։ Հետո էլ՝ հիշում, թե հենց այդ ժողովուրդը պատերազմի պարտությունից հետո նորից Փաշինյանին ընտրեց։

Նախարար Մխիթար Հայրապետյանը խորհրդարանում տեղեկացրեց՝ բողոքի նոտայից բացի, մի նամակ էլ ինքն է ուղարկել իր ռուս գործընկերոջը՝ առաջարկելով անհապաղ խորհրդակցություն անցկացնել Երևանում կամ Մոսկվայում։

«Միայն այն, որ երկու ամիս անց այդօրինակ խախտումները կրկնվում են, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միջպետական համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի», - հայտարարեց Հայրապետյանը:

Ռուսական ալիքների հետ կապված խնդիրը նոր չէ. 2023-ի հոկտեմբերի 23-ին էլ ռուսական քարոզչամեքենայի առաջատար Առաջին ալիքն էր եթեր հեռարձակել Հայաստանի վարչապետին, մեղմ ասած, քննադատող ծրագիր՝ «Նիկոլ Փաշինյան. աղետ բերողը» վերնագրով: Դեկտեմբերին էլ տուգանվեց «Սպուտնիկ Արմենիա»-ն:

Տարեվերջին Բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդեց, որ ռուսական կողմն ընդունել է Հայաստանի հետ զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտման փաստը:

Նախարարությունից այս պահին ավելին չեն ցանկանում հաղորդել. մի քանի օր կսպասեն ռուսական կողմի արձագանքին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Պարբերաբար խախտել են օրենքի դրույթները». ՀՌՀ նախագահը՝ «Սպուտնիկ»-ի եթերազրկման մասին«Ռուսական հեռուստաալիքները խախտումներ են թույլ տվել». հակասական հայտարարություններ կողմերի միջև Վերջին 2.5 տարում Հայաստանում ռուսական երեք հեռուստաալիքները հեռարձակվել են անօրինական. մասնագետներ

Փաստացի՝ ոչ մի հետևանք

Իսկ ի՞նչ հետևանքներ ունեցավ միջպետական համաձայնագրի խախտումը։ Փաստացի՝ ոչ մի:

ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյան

«Հետևանք վաղուց պետք է ունենար՝ նախ՝ Հայաստանը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի հանրային մուլտիպլեքսում չհայտնվեն ռուսական հեռուստաալիքներ և ընդհանրապես օտարերկրյա հեռուստաալիքներ, թող ցանկացողները դրանք դիտեին, ասենք, տարբեր կաբելային ծառայություն մատուցողների փաթեթներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նավասարդյանը հիշում է՝ սա նոր խնդիր չէ, արդեն ավելի քան 10 տարի ռուսական ալիքներով ամեն հարմար առիթով կոշտ ձևակերպումներ են հնչում Հայաստանի հասցեին։

«Մենք արդեն պիտի ունենայինք տասնյակ քրեական գործեր հարուցված Դատախազության կողմից, և տասնյակ անգամներ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետք է նախաձեռներ այդ խնդիրների քննարկումը: Եվ եթե այդ բոլորը արձանագրված լինեին, և դրանից ամեն անգամ հետևություններ չէր արվելու ռուսական կողմի կողմից, մենք հիմա փաստորեն կունենայինք բոլոր հիմքերը՝ այդ համաձայնագիրը չեղյալ համարել և ազատել տեղերը հայկական հեռարձակողների համար հանրային մուլտիպլեքսում», - ընդգծեց ԵՄԱ պատվավոր նախագահը:

Եթե հիմա էլ համաձայնագիրն ամբողջությամբ չի չեղարկվում, ապա, փորձագետի կարծիքով, պետք է գոնե քաղաքական, տեղեկատվական, քարոզչական հաղորդումների հեռարձակումը դադարեցվի, քանի որ դրանք ամեն օր խախտում են Հայաստանի օրենքը, ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը, վիրավորում խորհրդանիշները, ինչը ոչ իրավական և ոչ էլ բարոյական դաշտում չի կարելի հանդուրժել։