Մատչելիության հղումներ

«Պարբերաբար խախտել են օրենքի դրույթները». ՀՌՀ նախագահը՝ «Սպուտնիկ»-ի եթերազրկման մասին


Հաջորդ շաբաթվանից հայաստանյան ռադիոեթերից 1 ամսով կհեռանա ռուսական «Սպուտնիկ» պետական ռադիոկայանը։ Նման որոշում է կայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, որը վերահսկում է հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հեռուստա- և ռադիո եթերը։

«Սպուտնիկ»-ը Հայաստանում վերահեռարձակվում էր «Տոսպա» ընկերության միջոցով, որն էլ զրկվել է եթերից։

Ըստ հանձնաժողովի՝ ընկերությունը խախտել է Տեսալսողական մեդիայի մասին օրենքի մի քանի դրույթներ, այդ թվում՝ 9-րդ հոդվածը, ըստ որի հաղորդումների ընթացքում Հայաստանի օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր չի կարելի անել։

«Լիցենզիան պայմանագրերում խոստանում են օբյեկտիվ լինել, բազմակողմանի և այլն, և՛ այդ բոլոր ու իր վրա վերցրած պատրավորությունը «Տոսպա»-ն, և՛ օրենքի դրույթները արդեն պարբերաբար ու երկար ժամանակ պարզվեց՝ խախտում է», - ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Սպուտնիկ»-ի եթերազրկման պատճառը «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» ռուսերենով հեռարձակվող հաղորդումն է եղել, որի նոյեմբերի 17-ի թողարկումը հայտնվել էր մոնիտորինգի տակ։ Քեոսայանը ուղիղ եթերում, ըստ հանձնաժողովի, «ծաղրական և նսեմացուցիչ ձևակերպումներով է անդրադարձել Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի մասին՝ տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի, քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի»։

Քեոսայանն ուղիղ եթերում վիրավորական բառերով է արտահայտվում Հայաստանի մասին, վարչապետի մասին, որին նաև անուղղակիորեն սպառնում է, թե «իրո՞ք կարծում է, որ ողջ կմնա»։

Հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ նույն հաղորդաշարի ավելի վաղ թողարկումները ևս խնդրահարույց են եղել, կրկին պարունակել վիրավորական բառեր կամ ատելության խոսք, սակայն մոնիտորինգի համար պատահականության սկզբունքով ընտրվել էր նոյեմբերի 17-ի եթերը։

«Պիտակավորվում է Հայաստանի Հանրապետությունը և հարգանքը չի պահվում հայ ժողովրդի հանդեպ, այն ընտրողների, որոնք ընտրել են այդ վարչապետին», - ասաց Հակոբյանը:

«Ազատությունը» վերջին 2 օրերին շարունակ փորձեց կապ հաստատել «Սպուտնիկ» ռադիոկայանի հետ պարզելու եթերազրկված ընկերության տեսակետը տեղի ունեցածի մասին, սակայն մեզ հետ հետադարձ կապ չհաստատեցին։

ՌԴ դեսպանատունն արձագանքել է ՀՌՀ որոշմանը

Մինչ այդ հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը. - «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա»:

Հանձնաժողովում վստահ են հայաստանցի ունկնդիրը իրենց որոշումից չի տուժի։

«Որևէ իրեն հարգող պետություն, ցանկացած՝ ամենադեմոկրատականից մինչև ամենաավտորիտար, գեթ մեկ ժամ թույլ չէր տա, որպեսզի իր սահմանափակ ռեսուրս օգտագործող ռադիոկայանն օտար, այն էլ պետական մեդիակազմակերպության կողմից այդպիսի բովանդակություն տարածեր», - ասաց Տիգրան Հակոբյանը:

Ռուսաստանի դեսպանատունը նաև հիշեցրել էր, որ Հայաստանում հանրային մուլտիպլեքսով եթեր գնացող ռուսական ալիքների վերաբերյալ վերջերս էին խորհրդակցություն անցկացրել 2 երկրների փոխնախարարները ու «պայմանավորվել լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը», ինչը փաստորեն, ըստ ՌԴ դեսպանատան, տեղի չունեցավ։ Երկու երկրների միջև արդեն 3 տարի գործում է Զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագիր, որն էլ թույլ է տվել Հայաստանում եթեր տալ ռուսական 3 հեռուստաալիքի, Երևանում համաձայնագրի կողմ է հանդիսանում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

Հարց է առաջանում՝ եթե 1 ամսով Հայաստանում եթերազրկվում է «Սպուտնիկ» ռադիոն օրենքը խախտելու պատճառով, ապա ի՞նչ է սպասվում ռուսական 3 հեռուստաընկերություններից առնվազն 1-ին, որի եթերից ևս վերջին ամիսներին թողարկվել է այնպիսի բովանդակություն, որն արգելված է հայ-ռուսական համաձայնագրով։

«Այն մեր կարգավորող լիազորություններից դուրս է և այդ համաձայնագրի մեջ, որը կնքվել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև, մեր վրա դրված է միայն մեկ գործառույթ՝ մշտադիտարկել այդ հեռուստաընկերությունների բովանդակությունը, որը մենք պարբերաբար անում ենք և ուղարկում ենք Հայաստանի կողմից լիազոր մարմին, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն», - նշեց ՀՌՀ նախագահը:

Տիգրան Հակոբյանը բացատրում է, երբ գործում է միջպետական համաձայնագիր, տեղական օրենքի փոխարեն արդեն այդ համաձայնագիրն է կարգավորում ռուսական հեռուստաալիքների եթերին վերաբերող հարցերը, հետևաբար ոչ թե հանձնաժողովը, այլ նախարարությունը կարող է որոշել եթերից ժամանակավոր կամ մշտական զրկել ռուսական հեռուստաալիքները, կամ՝ ոչ։

Վերջին նման դեպքերից հետո նախարարությունը, սակայն, բավարարվել էր ռուս փոխնախարարի հետ անցյալ շաբաթ տեղի ունեցած խորհրդակցություններով, որի ընթացքում, ըստ հայկական կողմի, «Ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը»։

XS
SM
MD
LG