Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ռուսական կողմին. Մխիթար Հայրապետյան


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր բողոքի նոտա է հղել ռուսական կողմին՝ Ռուսաստանի կառավարության և Հայաստանի կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասով։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ արձագանքելով թեմայի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի դիտարկմանը, թե ռուսական հեռուստաալիքներով շարունակում են վիրավորական արտահայտություններ հնչել։

«Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի հայտագիր է հղել ռուս գործընկերներին», - նշեց Հայրապետյանը։

Նախարարի փոխանցմամբ՝ փետրվարի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից այդ խախտումների վերաբերյալ գրություն են ստացել, իրենք ևս անցկացրած խորհրդակցությունից հետո արձանագրել են, որ խախտումները տեղի են ունեցել։

«Բավականին զգայուն հարց է, մենք պետք է առիթ չտանք, որ տարատեսակ խմբերի կողմից հարցը քաղաքականացվի, որովհետև այստեղ անիմաստ է փնտրել քաղաքական ենթատեքստեր, ես իմ կողմից նամակ եմ ուղարկել իմ ռուս գործընկերոջը՝ Կապի և թվային զարգացման նախարարին՝ առաջարկելով անհապաղ կոնսուլտացիաներ անցկացնել։ Եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն այդ համաձայնագրին հավատարիմ են, բայց խախտումները շարունակվում են, ապա լեգիտիմ հարց է առաջանում անդրադառնալու այդ փաստաթղթի դրույթներին, արդյոք վերախմբագրելու անհրաժեշտություն չունի», - հավելեց պաշտոնյան:

Անցած տարվա վերջին Բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդեց, որ ռուսական կողմն ընդունել է Հայաստանի հետ զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության երկկողմ համաձայնագրի խախտման փաստը:

2020 թվականի դեկտեմբերից Հայաստանի ու Ռուսաստանի միջև գործող այդ համաձայնագրի համաձայն՝ Հայաստանում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքները չպետք է անդրադառնան տեղական ներքաղաքական թեմաներին, չպետք է տարածեն ատելության խոսք և այլն։ Ռուսական պետական երկու հեռուստաալիքները, մինչդեռ, հատկապես անցած տարվա աշնանը ակտիվորեն քննադատում էին Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ սուտ տեղեկություններ տարածելու միջոցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG