Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ կամ պայմանագիր չկա, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են ռուս զինվորականները տեղակայված Սյունիքի Ներքին Հանդում:
Ռուս սահմանապահները այս համայնքում տեղակայվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ 44-օրյա պատերազմից հետո, այնտեղ անցակետ ու հենակետ տեղադրել:
«Շատ իրադրություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել ձեզ հայտնի իրադրությունների բերում: Եվ ես կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ռուս սահմանապահների ներկայության մանդատ ու պայմանագիր գոյություն չունի: Եթե սա նշանակում է, որ ռուս սահմանապահները էնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել, ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն նաև համապատասխան հետևություններ», - ասաց Փաշինյանը:
Մոտ երկու շաբաթ առաջ Ներքին Հանդի դիրքերի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով հայկական կողմը չորս զոհ ունեցավ: Դրանից հետո Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե այնտեղ տեղակայված ռուս սահմանապահները ոչ միայն միջադեպը չեն կանխել, այլ նաև խոչընդոտում են ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ: Պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի տարածքում մի երկրի ներկայացուցիչներ խոչընդոտում են մեկ այլ կառույցի ներկայացուցիչների: Վարչապետ Փաշինյանը հարցին ուղիղ չպատասխանեց:
«Հնչել է ահազանգ ու այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը, կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա նման խոչընդոտ, ու այդ քննության արդյունքներով որոշակի եզրակացություններ կարվեն», - ասաց վարչապետը:
Թե ի՞նչ քննության մասին է խոսքը, Նիկոլ Փաշինյանը չպարզաբանեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավական ի՞նչ հիմքով և մանդատով են ռուսները Ներքին Հանդում. իշխանությունը չի պարզաբանումՎարչապետը չի բացառում ՀԱՊԿ-ից ընդհանրապես դուրս գալու հեռանկարը
Վարչապետն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցման վերաբերյալ իր հայտարարությանը։ Ասաց՝ ՀԱՊԿ-ին հարց են տվել և պատասխան մինչ օրս չկա: Եվ դրա բացակայությունը, ըստ Փաշինյանի, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար, չբացառեց նաև դաշինքից ընդհանրապես դուրս գալու հեռանկարը:
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը փոխանակ կատարելու Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները անվտանգային ոլորտում, դիմակայելու, ընդհակառակը, անվտանգային խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար: Այդ դիրքորոշումը ես, այո, ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը: Հետևաբար այս հանգամանքի բերումով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր Հայաստանի Հանրապետության անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե- ֆակտո սառեցրել ենք ու եթե այս պրոցեսը շարունակվի, դե-յուրե էլ պիտի սառեցնենք, բա ի՞նչ անենք», - ընդգծեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը հայտարարում է՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է. Կրեմլից արձագանքում ենՍահմանազատման հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը. Գրիգորյան
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների ընթացքին: Ասաց՝ հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը, որի ավարտից հետո երկու երկրին էլ այն կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ:
«Եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակներում մնանք, և մեր աշխատանքները և տրամաբանությունը նախագծման փաստաթղթի բխի Ալմաթիի հռչակագրից, մենք կարող ենք 2-3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի մեթոդաբանությունը աշխատանքի: մեթոդաբանությունը հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջի բուն գործընթացը՝ թե՛ դելիմիտացիայի, թե՛ դեմարկացիայի, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված», - ընդգծեց Գրիգորյանը:
Թե ե՞րբ տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը, հստակ չէ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման հանձնաժողովի հաջորդ հանդիպման հստակ ժամկետ առայժմ չկա