Մատչելիության հղումներ

Եթե Ադրբեջանը հրաժարվի ՀՀ-ի դեմ հայցերից, հնարավոր է Հայաստանն էլ հրաժարվի․ ԱԺ նախագահ


Եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային դատարան ներկայացրած հայցերից, հնարավոր է Հայաստանն էլ հրաժարվի, «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք պատրաստ ենք Ադրբեջանի Հանրապետության հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումները և քննարկում ենք, որևիցե հարց չենք տեսնում, որը որ կտրուկ մեզ համար անքննարկելի է՝ էս պահին սեղանի վրա տենց հարց չկա», - ասաց Սիմոնյանը։

Բաքուն խնդրահարույց է համարել Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերը։ Օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ հանդիպմանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ոչ միայն պնդել էր, որ դրանք իր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող պահանջներ են, այլև ընդգծել էր այդ հայցերից հրաժարվելու կարևորությունը:

Այդ հայցերը ներկայացրած Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակից օրերս «Ազատության»-ը փոխանցել էին, որ Հայաստանի՝ ներկայացված հայցերից հրաժարվելու վերաբերյալ տեղեկություն չկա, և հայկական կողմը շարունակում է դրանց ուղղությամբ աշխատել։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 միջպետական գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ, ևս մեկ գանգատ էլ ընդդեմ Ադրբեջանի քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում:

«Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց»-ից»

Ճիշտ կլինի, որ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից, այսօր նաև հայտարարեց Սիմոնյանը՝ շեշտելով՝ դա իր անձնական կարծիքն է, իսկ նման քննարկումներից ինքը տեղյակ չէ։

Սիմոնյանը չբացառեց, որ գուցե իրավապահ մարմինների հետ քննարկումներ եղել են, սակայն ինքը նման քննարկումների մասնակից չի եղել։

Խոսելով պատճառների մասին՝ ԱԺ խոսնակն ընդգծեց՝ վստահ չէ, որ ռուս սահմանապահները Հայաստանի սահմանները կպաշտպանեն։

«Մենք մեր երկրի սահմանները կպաշտպանենք, իսկ ես վստահ չեմ, որ իրենք մեր երկրի սահմանները կպաշտպանեն։ Դուք վստա՞հ եք։ Ապացուցվեց մի քանի անգամ, որ իրենք չպաշտպանեցին, հլը չեմ ասում, որ հաճախ նաև ամեն ինչ արեցին, որ էդ սահմաններն ավելի խոցելի լինեն։ Եկան Լեռնային Ղարաբաղ ի՞նչ արեցին, հայ ժողովրդին դուրս ուղեկցեցին, հետո էլ հինգ հոգի մարդ, երկու-երեք ժամ հետո` իրադարձությունների ավարտից հետո, մահացան ռուս խաղաղապահներից, ասեցին՝ «տեսաք, մենք ոնց էինք աշխատում, մեր խաղաղապահներն էլ մահացան», hինգ ժամ հետո։ Եկան հայերին ուղիղ գցեցին դուրս, է՞դ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոց»-ից ինձ ու ձեզ ուղեկցեն դուրս», - ասաց Սիմոնյանը։

Ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում

«Ազատության» հարցին, թե ի՞նչ հիմքով են ռուս զինվորականները կանգնած Ներքին Հանդում, Սիմոնյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ՝ իրավական հիմքի վերաբերյալ, բայց պետք է ասեմ, որ դա նույնպես քննարկման առարկա է»։

Ճշտող հարցին՝ նրանք այնտեղ ի՞նչ են անում, եթե սահմանը հայ զինվորն է պահում, ԱԺ խոսնակը պատասխանեց․ - «Ինչ-որ ժամանակահատվածում, երբ որ իրավիճակը լարված էր, այդտեղ ինչ-որ մաս՝ պատասխանատվության գոտի, այսպես ասած, վստահվել է, եթե չեմ սխալվում, ու, կարծում եմ, այդ իրավական հարցը մենք պետք է լուծենք»։

Ներքին Հանդում արունալի բախումներից հետո, երբ հայկական կողմը չորս զոհ և մեկ վիրավոր ունեցավ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց, թե ռուսական կողմն է այնտեղ ներկա, բայց չի կանխել արյունալի բախումը։

«Ներքին Հանդում վերջին միջադեպը, որը եղել է, Եվրամիության դիտորդական առաքելությունը այդտեղ հասանելիություն չունի, և միայն Ռուսաստանը այդտեղ հասանելիություն ունի, և Ռուսաստանը ներկա է այնտեղ, և Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը», - հայտարարել է Գրիգորյանը:

«Ազատության» հարցին ի պատասխան ԵՄ առաքելության ղեկավարը Մարկուս Ռիտերն էր նաև հաստատել, որ առաքելությունը կարող է այցելել «Հայաստանի ամբողջ տարածք՝ բացառությամբ Ներքին Հանդի տարածքը, որը ФСБ-ի պատասխանատվության գոտում է գտնվում»։

«Եթե լինի, դա կլինի տարածաշրջանային այց»

Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան այցի մասին լուրերին, ԱԺ խոսնակն ասաց, որ նման տեղեկություն այս պահին դրությամբ գոյություն չունի։

«Բայց, եթե նման այց լինի, ես կարծում եմ, որ դա պետք է լինի, կլինի տարածաշրջանային այց, այլ ոչ թե Հայաստան», - ասաց Սիմոնյանը։

«Ազատության» աղբյուրների փոխանցմամբ, Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Սա կլինի Զելենսկու առաջին այցը տարածաշրջան։ Երևանյան այցը, ըստ աղբյուրի, հավանաբար տեղի կունենա մարտի 4-ին։

Ուկրաինայի գործերի հավատարմատարն ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունը։ «Ազատության» հարցին Վալերի Լոբաչն ընդամենն արձագանքել է՝ «գարունը դրական իրադարձություններ կբերի Հայաստանին»։

«Նոր ընտրությունները անթույլատրելի են»

Նոր ընտրությունները անթույլատրելի են, դա պատասխանատվությունից փախչել է, այսօր ասաց Սիմոնյանը՝ շեշտելով՝ Հայաստանի քաղաքացիները արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում և չի քննարկվել։

ԱԺ խոսնակը նաև պնդեց՝ այս դիրքորոշումը թիմի միասնական դիրքորոշումն է։

«Անթույլատրելի է, մենք վերցրել ենք պատասխանտվություն և մինչև վերջ կտանենք։ Մենք առաքելություն ունենք՝ Հայաստան և տարածաշրջան խաղաղություն բերելը, դրանից հետո ժամանակը կգա ընտրությունների և մենք կներկայացնեն մեր տեսլականը», - ասաց Սիմոնյանը։

Վերջին շաբաթներին շրջանառվում է հնարավոր արտահերթ ընտրությունների թեման, մասնավորապես՝ առաջիկայում ենթադրվող Սահմանադրության փոփոխության հանրաքվեի համատեքստում:

Օրերս «Ազատության» հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նշեց, թե Սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ավելին, Սարգսյանը, որ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդում է՝ նման ազդակներ ստացել է հենց իշխանությունից: Մինչդեռ իշխանությունները հերքում են, թե արտահերթ ընտրությունների օրակարգ կա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG