Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանից պարզաբանումներ է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Մենք երկկողմ ուղիներով ակնկալում ենք համապարփակ բացատրություններ այն մասին, թե իրականում ինչ է կանգնած Հավաքական անվտանգության պայմանագրին և բուն կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման վերաբերյալ հայտարարությունների հետևում։ Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է, ինչն ակնհայտորեն չի համապատասխանում բարեկամ հայ ժողովրդի շահերին և երկրի անվտանգության ապահովման նպատակներին, հուսով ենք՝ Երևանը կգա այն ըմբռնմանը, որ առկա մտահոգությունները պետք է քննարկվեն և լուծվեն հանգիստ, կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով, այլ ոչ թե դրանք հանրային տարածքում բարձրաձայնելով», - հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը:

Մոսկվան, ըստ ՏԱՍՍ-ի հաղորդագրության, «կտրականապես չի ընդունում Հայաստանի իշխանությունների կշտամբանքները 2021 և 2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ»։

«Ուզում ենք հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին հայկական կողմի խնդրանքով օպերատիվ կերպով կազմավորվել և երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկվել կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի գնահատման առաքելությունը, ինչի արդյունքում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու մասին, մենք մեղավոր չենք և կազմակերպության մյուս անդամները մեղավոր չեն, որ այս հավասարակշռված որոշումը, որը նախատեսում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնության տրամադրում, Հայաստանի իշխանության կողմից շինծու պատրվակներով մերժվել է, ավելին՝ դրա փոխարեն Երևանը ցուցադրաբար նախընտրել է հրավիրել Եվրամիությունից կեղծ դիտորդների, բոլոր փաստերը վկայում են, որ նրանց աշխատանքը զրոյական արդյունավետություն ունի», - հայտարարել են Սմոլենսկայա հրապարակում (ՌԴ ԱԳՆ կենտրոնական շենքը)։

XS
SM
MD
LG