ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսչափ ամուր չեն եղել. Յուտա Ուրպիլայնեն

ԵՄ միջազգային գործընկեության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնեն, արխիվ

Պատմական հանգրվան ՀՀ-ԵՄ հարաբերություններում

«Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում մենք պատմական հանգրվանի ականատես ենք, դրանք երբեևէ այդքան ամուր չեն եղել»,- այդպիսի ուղերձով է Եվրոպական խորհրդարանում սկսել իր ելույթը Եվրոպական միության միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար, ֆիննուհի Յուտա
Ուրպիլայնենը:

Նրա խոսքով, դա հաստատվել է երկու շաբաթ առաջ Հայաստանի և Եվրամիության գործընկերության խորհրդի 5-րդ նիստում։ Ուրպիլայնենը հիշեցրել է, որ դեռ 2023 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդարանի լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրոպական միության հետ:

«Նախկինում Հայաստանի ընդունած որոշումները հանգեցրել են քաղաքական և տնտեսական դժվարությունների և կախվածության անվտանգային բնագավառում, դրանք չեն կարող մեկ գիշերում հաղթահարվել: Սակայն երկու կողմերի հստակ քաղաքական կամքը կընձեռի առաջ շարժվելու և մեր գործընկերությունը խորացնելու և ընդլայնելու հնարավորություն»,- ասել է Յուտա Ուրպիլայնենը:

Կենսունակության ամրապնդում

Նրա խոսքով, արդեն դրվել է ամուր հիմք՝ դա Հայաստանի և Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է: Եվ հիմա կողմերն աշխատում են գործընկերության նոր հավակնոտ ծրագրի վրա:

Այն հիմնվելու է ընդհանուր արժեքների վրա և կունենա երեք ուղղություններ: Առաջինը Հայաստանի կենսունակության ամրապնդումն է և ենթադրում է առևտրի, էներգետիկայի, կապի և ավիացիայի ոլորտներում համագործակցության խթանում:

Վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր ազդակ կլինի Հայաստանի քաղաքացիների համար և հետագա բարեփոխումների համար կապահովի լծակներ:

Անվտանգության խթանում

Երկրորդ ուղղությունն անվտանգությունն է, այն հետզհետե դառնում է Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների ավելի կարևոր տարր, ասել է հանձնակատարը:

Նա գովեստով է խոսել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության առաջին տարեդարձի մասին, հույս հայտնելով, որ այն կհզորացվի Խաղաղության Եվրոպական հիմնադրամի միջոցով։

Ներդրումների կարևոր դերը

Երրորդ ուղղությունն էլ ներդրումներն են, որոնք կարևոր դեր են կատարելու տնտեսական համագործակցության մեջ: Հանձնակատարի հավաստիացմամբ, Եվրամիությունը սատարելու է Սև ծովում էլեկտրական մալուխի կառուցման և տարածաշրջանային այլ նախագծերին Հայաստանի միանալու ձգտումներին:

Սերտ կապերի ստեղծումը մեծ ներուժ է հաղորդում խաղաղության հաստատմանը: Յուտա Ուրպիլայնենը նաև ասել է, որ Եվրամիությունը շարունակում է աջակցել Ղարաբաղի հայությանը՝ ֆինանսական միջոցներ տրամադրելով նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար։

«Մեր հաստատակամ հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին մնում է անփոփոխ»,- ասել է նա:

Подбрюшье՝ գաղութատիրական կայսրության եզրույթ

Յուտա Ուրպիլայնենի ելույթից հետո կարճ ուղերձներով են հանդես եկել մի շարք օրենսդիրներ: Նրանց խոսքը, վստահ, վրդովմունքի հերթական ալիքը կբարձրացնի Բաքվում, որտեղ վերտին կխոսեն Ադրբեջանի հանդեպ եվրոպական կառույցների միակողմանի և անարդար մոտեցումների մասին: Բոլոր բանախոսները նշել են, որ Հայաստանն ունի եվրոպական հեռանկար:

Լիտվացի Ռասա Յուկնևիչենեին զայրացրել են կրեմլյան լրատվամիջոցներից մեկի ռեպորտաժում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական ձևակերպումները և Հայաստանը Ռուսաստանի "подбрюшье"՝ «որովայնի ստորին հատված» անվանելը:

«Միայն գաղութատիրական կայսրությունները կարող են նման եզրույթ կիրառել», - ասել է Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Յուկնևիչենեն:

Հայաստանի տնային աշխատանքը

Էստոնիայից Մարինա Կալյուրանդը ողջունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հզորացումը, վիզաների ռեժիմի ազատականացման հեռանկարը:

Օրենսդիրի փոխանցմամբ, Հայաստանն էլ իր տնային աշխատանքը պետք է անի՝ խոսքը ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Ռուսաստանից կախվածության և Հայաստանում Ռուսաստանի ռազմակայանի մասին է:

«Հայաստանը՝ եվրոպական է»

Գերմանիայից Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը հիշեցրել է, որ Եվրամիության պայմանագրի 49-րդ հոդվածով Եվրամիության արժեքները կիսող պետությունը կարող է միանալ կառույցին:

«Հայաստանը հիրավի եվրոպական է՝ իր արժեքներով, մշակույթով և համոզված եմ՝ նաև ապագայով», - ընդգծել է պատգամավորը:

«Աստված Հայաստանին պահապան»

Բուլղարացի Անդրեյ Կովաչևի խոսքով, Եվրամիությունը Հայաստանի և խիզախ հայ ժողովրդի հետ է: «Աստված Հայաստանին պահապան», - ասել է բուլղարացի օրենսդիրը հայերեն:

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է երկխոսել

Եզրափակիչ ելույթում Եվրոպական միության միջազգային գործընկերության հարցերով հանձնակատար Յուտա Ուրպիլայնենն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը չափազանց կարևոր է, դրա համար է Եվրամիությունը հզորացրել իր առաքելությունը Հայաստանում:

Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում բարեխղճորեն միասին աշխատել խաղաղության վրա և պատրաստ է սատարել դրան: