Մատչելիության հղումներ

Բորել. Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, Բրյուսել, 13-ը փետրվարի, 2024թ.
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին, Բրյուսել, 13-ը փետրվարի, 2024թ.

Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին, անդրադառնալով հայ - ադրբեջանական սահմանի այսօրվա միջադեպին՝ հայտարարեց Եվրամիության արտգործնախարարը Հայաստանի արտգործնախարարի հետ ճեպազրույցի ընթացքում։ Այսօրվա բախման հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր։

«Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, բայց կարծես թե Ադրբեջանի արձագանքն էլ դրան անհամաչափ էր, այն անտեսեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպը կհետաքննվեր Հայաստանի կողմից», - ասաց Ժոզեպ Բորելը:

Սահմանային վերջին լարվածությունը Հայաստանի ու Եվրամիության արտգործնախարարների այսօրվա հանդիպման օրակարգի առաջին թեմաներից էր, որը երկու դիվանագետները սկսեցին քննարկել անգամ մինչև հանդիպման մեկնարկը՝ լրագրողների համար բաց հատվածում, Բորելը հետաքրքրվեց՝ «կրկին խնդիրնե՞ր կան սահմանին», Միրզոյանն ասաց՝ «ցավոք սրտի, այո»։

Փակ հանդիպումից հետո արդեն Արտգործնախարարությունը հայտարարեց, որ Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ այսօրվա միջադեպն «ի ցույց է դնում, որ Ադրբեջանը սահմանային էսկալացիաներ ծավալելու համար պատրվակներ է փնտրում և փորձում վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը»։

Բորելի հետ ճեպազրույցում էլ Հայաստանի արտգործնախարարը մանրամասն խոսեց բանակցային գործընթացից, վերահաստատելով՝ Երևանն ակնկալում է Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, դելիմիտացիան էլ՝ Խորհրդային Միության վերջին քարտեզների համաձայն։

«Սա նշանակում է, որ ոչ թե նոր սահման պետք է ստեղծվի երկրների միջև, այլ Ալմա-Աթայի հռչակագրով հաստատված ու հետագայում կողմերի կողմից վերահաստատված սահմանները պետք է գործեն նաև գետնի վրա», - ասաց Միրզոյանը:

Խոսելով երկկողմ օրակարգից՝ Բորելը հայտարարեց, որ Երևանի ու Բրյուսելի հարաբերություններն այս պահին ավելի ուժեղ են, քան՝ երբևէ, և կողմերը հետաքրքրված են՝ առաջ շարժվելու ավելի հավակնոտ օրակարգով, ինչի մասին նաև Հայաստանի վարչապետն էր հայտարարել անցած տարի Եվրոպական խորհրդարանում։

Սկսվելու են աշխատանքներ «համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա»

«Այս համատեքստում այսօր մենք որոշեցինք սկսել աշխատանքներ համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա։ Այս որոշումը մեզ դրդում է երկկողմ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերություններում հասնել ռազմավարական փուլի։ Մենք կապահովենք ավելի հստակ ճանապարհային քարտեզ ու տեսլական առաջ շարժվելու համար։ Ապագան սկսվում է այսօր», - ասաց Ժոզեպ Բորելը:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն անդադարձավ նաև անցած տարվա ընթացքում Հայաստանի կատարած քայլերին ու ձեռքբերումներին, շնորհավորեց հայկական կողմին Հռոմի ստատուտին միանալու կապակցությամբ։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան նաև շեշտեց, որ Երևանի հետ աշխատելու են Հայաստանի դիմադրողականության բարձրացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունն անվտանգային ոլորտում, սակայն այլ մանրամասներ Միրզոյանը կամ Բորելը չհայտնեցին։

Հայտնի է միայն, որ Եվրամիությունը լրացուցիչ 5.5 միլիոն եվրո կհատկացնի Լեռնային Ղարաբաղի հայերի հրատապ կարիքների համար։

XS
SM
MD
LG