Մատչելիության հղումներ

Սանկցիաներն այս փուլում կարող են խաթարել խաղաղության գործընթացը. Բունդեսթագի պատգամավոր


Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը Երևանում զրուցում է լրագրողների հետ, 27-ը փետրվարի, 2024թ.
Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը Երևանում զրուցում է լրագրողների հետ, 27-ը փետրվարի, 2024թ.

Գերմանիան ուրախ կլինի նպաստելու տարածաշրջանի կայուն խաղաղությանը։ Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քառօրյա այցի շրջանակում հանդիպել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի թիվս այլ հարցերի վարչապետ Փաշինյանի հետ քննարկել նաև հայ - ադրբեջական հակամարտության հարցը։

«Մենք դրական ենք գնահատում հայկական կողմի ջանքերը՝ ուղղված արևմտյան ժողովրդավարական արժեքների որդեգրմանը։ Ուստի պատրաստակամ ենք գերմանական կողմից մեր աջակցությունը ցուցաբերելու ինչպես խաղաղության գործընթացին, այնպես էլ Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացին», - ասաց գերմանացի խորհրդարանականը:

Վաղը Բեռլինում տեղ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ավելի քան ութ ամիս արևմտյան հարթակներից հրաժարվելուց հետո Բաքուն փետրվարի 28-29-ին բանակցային սեղանի շուրջ կնստի Երևանի հետ։

«Ես չգիտեմ՝ ինչ է փոխվել իրենց դիրքորոշման մեջ, ամեն դեպքում Գերմանիան շարունակում է հաստատակամ լինել՝ երկու կողմերին առաջարկելու հնարավորություն, մեզ մոտ ստեղծել շրջանակ, որը կարող է թույլ տալ առաջ մղել խաղաղության գործընթացը», - նշեց Վինքելմայեր-Բեքերը:

Բունդեսթագի իրավական հանձնաժողովի նախագահին լրագրողները հիշեցրեցին, որ նախքան Լեռնային Ղարաբաղի հայերի տեղահանումը Ադրբեջանը գրեթե մեկ տարի Արցախը շրջափակված է պահել, այսօր ոչնչացվում են պատմամշակութային հուշարձանները, Իլհամ Ալիևը չի դադարեցնում պահանջները։ Այս ամենին հետևող Արևմուտքն ինչո՞ւ որևէ պատժամիջոց չի կիրառում Ալիևի նկատմամբ։ Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերը պնդեց՝ սանկցիաները սահմանափակ հաջողություններ են ունենում, և այս փուլում դրանց կիրառումը կարող է խաթարել խաղաղության գործընթացը։

«Սրանք, անշուշտ, մտահոգիչ կետեր են, մանավանդ երբ խոսում ենք տևական հանցագործությունների մասին։ Ուզում եմ ընդգծել, որ ներկայացված փաստերն արդարացնել հնարավոր չէ։ Մեզ համար խորթ է այդ ամենը։ Ես մի երկրից եմ, որտեղ անհնար է պատկերացնել մարդու իրավունքների այդպիսի խախտում, մարդկանց խմբի, էթնոսի տեղահանում։ Այդ պատճառով է, որ մենք տարակուսում ենք, թե ինչպես այս տարածաշրջանում հակամարտող կողմերը շահախնդիր չեն ի վերջո հասնելու խաղաղության՝ ի շահ մարդկանց բարեկեցության ու բարօրության», - ասաց Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը:

«Խաղաղության գործընթացի այս փուլում մենք պետք է հնարավորինս կարողանանք հանդես գալ որպես ազնիվ գործընկեր, աջակցող, և կարծում եմ, որ հենց Հայաստանի շահերից է բխում, որ մենք կարողանանք մեր հենց այդ գործառույթով նպաստել խաղաղության գործընթացին։ Սանկցիաները սահմանափակ հաջողություններ են ունենում, և այս փուլում դրանց կիրառումը կարող է խանգարել խաղաղության գործընթացի արդյունավետությանը», - ընդգծեց Վինքելմայեր-Բեքերը:

Գերմանացի պատգամավորը շեշտեց՝ Եվրամիության դիտորդական առաքելությունը սահմանին հնարավոր էսկալացիաները կանխելու նպատակով է։ Դիտարկմանը, որ 2021 թվականից Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներ է ներխուժել, այնտեղ դիրքավորվել, ո՞րն է այս դեպքում Արևմուտքի դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության տեսանկյունից, Վինքելմայեր-Բեքերն առանց փակագծեր բացելու արձագանքեց միայն՝ Բաքվում այս հարցերը քննարկելու է։ Ավելացրեց նաև, որ այսօր Հայաստանի արդադատության նախարարի հետ հասցրել են խոսել սահմանազատման և սահմանագծման մասին։

«Հուսով ենք, որ խաղաղության գործընթացում Հայաստանն ու Ադրբեջանը կհասնեն այնպիսի մի հանգրվանի, որ Հայաստանի արդեն միջազգայնորեն հստակեցված, ճանաչված տարածքն այլևս վիճարկման ենթակա չի լինի, և դա հիմք կհանդիսանա կայուն խաղաղության», - ասաց Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը:

Էլիզաբեթ Վինքելմայեր-Բեքերի գխավորած պատվիրակությունը Հայաստանից կմեկնի Վրաստան, հետո՝ Ադրբեջան։

XS
SM
MD
LG