Բեռլինում վաղը կայանալիք երկօրյա բանակցություններից առաջ Ադրբեջանի նախագահը զգուշացրեց՝ Հայաստանը մի ճանապարհ ունի և պետք է կատարի Բաքվի բոլոր պահանջները։ Ազգային ժողովի նախագահն այսօր, հակադարձելով Ալիևին, շեշտեց՝ այդ կերպ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա:
«Բոլոր գործողությունները պետք է լինեն հայելային, և պահանջ ներկայացնելը, կարծում եմ, ճիշտ հռետորաբանություն չէ», - ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով, - «ժամանակին, երբ բանակցություններ էին տեղի ունենում, մշտապես Ալիևը կրակում էր մեր զինվորների վրա, մշտապես հարձակումներ էին գործում՝ դրանով փորձելով բանակցությունների վրա ճնշում գործադրել»:
Արձագանքելով Բաքվից հնչող պահանջներին, և մասնավորապես Սահմանադրության փոփոխությանը, Ազգային ժողովի նախագահը պնդեց՝ Հայաստանը իր շահերից ելնելով է որոշում կայացնելու՝ փոխել մայր օրենքը, թե՝ ոչ։ Սիմոնյանը վստահեցրեց՝ Անկախության հռչակագրի դրույթը Սահմանադրությունից հանելու վերաբերյալ որոշում չունեն, այդ հարցն էլ երեկ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը չեն քննարկել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն պնդում է՝ ՀՀ Սահմանադրության հարցը բարձրացրել են հենց սկզբից, Երևանից հակադարձում են՝ Մայր օրենքի փոփոխությունը ՀՀ ներքին գործն է«Ոչ մի որոշում չկա, մենք ինչի՞ ենք այս խոսակցությունը սկսել, մենք այս խոսակցությունը սկսել ենք հանրության հետ, որ մեզ քննադատեն, որ դուք հարց տաք, մենք դրա մասին խոսենք, հասկանանք՝ հասարակության որ մասն ինչ է կարծում, մեկ էլ, եթե ես չեմ սխալվում, ընդդիմության ներկայացուցիչներից մեկը «Ազատության» եթերում ասաց՝ մենք պետք է սահմանադրական հանրաքվեն վերածենք.... ի՞նչ սահմանադրական հանրաքվե, մենք ասել ենք, որ մոտ ապագայում սահմանադրական հանրաքվե է լինելո՞ւ: Կարող է այդ փոփոխությունը ենթադրենք լինի 2030 թվականին՝ օրինակ», - ասաց Սիմոնյանը:
Սահմանադրությունը փոխելուց բացի, Բաքուն նաև պահանջում է Հայաստանից հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից։ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Կհրաժարվի արդյո՞ք Հայաստանն այդ հայցերից։
«Մանրամասները չգիտեմ, բայց եթե իրենք իրենց հայցերից հրաժարվեն, հնարավոր է՝ մենք էլ հրաժարվենք», - նշեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանն ընդգծեց՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկել ցանկացած հարց. - «Այո, մենք պատրաստ ենք Ադրբեջանի Հանրապետության հետ քննարկել բոլոր խնդիրների լուծումը և քննարկում ենք այդ հարցերը ու որևիցե հարց չենք տեսնում, որը մեր համար կտրուկ անքննարկելի է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը շարունակում է աշխատել ՄԻԵԴ և ԱՄԴ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերի ուղղությամբՎարչապետը երեկ խորհրդարանում հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Ազգային ժողովի նախագահն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը պատմել է Ալիևի հետ մյունխենյան հանդիպման մասին։ Արդյո՞ք Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում ինչ -որ համաձայնություն ձեռք բերվել է։ Ի վերջո, հենց այդ հանդիպումից հետո որոշում կայացվեց վերսկսել արտգործնախարարի հանդիպումները։ Միրզոյան- Բայրամով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ավելի քան 8 ամիս առաջ։
Պաշտոնական Երևանն այս տարի արդեն երկու անգամ բարձրաձայնել է, որ Բաքվից ստացած խաղաղության պայմանագրի նախագծի վերջին տարբերակներում որոշակի հետընթաց կա։ Ալեն Սիմոնյանն առանց փակագծեր բացելու նկարագրեց, թե ինչպես է տեղի ունենում այդ հետընթացը. - «Բան ենք պայմանավորվում, գնում ենք թղթին հանձնելու ժամանակ վերադառնում տեսնում ենք թղթի մեջ այլ կերպ է ձևակերպված, դա հետընթաց է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ տեսնում ենք որոշակի հետընթաց. ՄիրզոյանԸնդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի համոզմամբ՝ Փաշինյանը գնում է Ալիևի բոլոր պահանջները կատարելու ճանապարհով։
«Ինքն ուզում է ցույց տալ, որ դա Բաքվի թելադրանք չի, այսինքն, բոլորս լսում ենք չէ՞, ինչ է ասում այնտեղից և ինչ է այստեղ կատարվում: Ասածները սկսում եք կատարել, ու այդ կատարվածները մեզ ուղղորդում են Բաքվից: Եթե մենք այդ բոլոր ի մի բերենք, Ադրբեջանի ուզածն ի՞նչ է, որ՝ «դուք, ուղղակի կատարելով այս բոլոր պահանջները, ձեր ինքնությունից պետք է հրաժարվեք, ձեր ազգային շահերից, ազգային նպատակներից», սա է Ադրբեջանի ուզածը: Էս իշխանություններն էլ մեզ բացատրում են, որ՝ «եթե մենք ուզում ենք՝ պատերազմ չլինի, մենք եկեք չասենք, որ հայկական ինչ-որ բան ենք ուզում այստեղ պահենք, տեսնում եք՝ դա գրգռում է», չասա՞ց, մենք կարմիր շորերով ուզում ենք այլ ցլերի միջով անցնեք, հիմա էլ այդ ցլերին գումարվել են այլ գազաններ», - նշեց Ռուստամյանը:
Վերջին շրջանում խաղաղության պայմանագրի նախագծում հետընթացի արձանագրումից հետո վարչապետ Փաշինյանն այսօր հույս է հայտնել, որ բեռլինյան երկօրյա բանակցություններում առաջընթաց կլինի։