Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Երրորդ ուժերը չպետք է թունավորեն հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը»


Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Անկարայում, 19-ը փետրվարի, 2024թ.
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Անկարայում, 19-ը փետրվարի, 2024թ.

Թուրքիայի նախագահը կոչ է անում երրորդ երկրներին չխանգարել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Այս մասին Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարեց այսօր Անկարայում՝ իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ավարտին։

«Ղարաբաղի զավթման ավարտով տարածաշրջանում հնարավորությունների պատմական պատուհան է բացվել։ Շատ կարևոր է չփակել այն։ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը։ Երրորդ կողմերին ես կոչ եմ անում դրական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, այլ ոչ թե թունավորել այս գործընթացը», - ասում էր Էրդողանը։

Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ հայ - ադրբեջանական համաձայնագրի կնքումը կարող է հեռանկարներ բացել ողջ տարածաշրջանի համար։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կարող է հույսի աղբյուր դառնալ մեր ողջ տարածաշրջանի համար։ Մենք այս պրոցեսում մշտապես լինելու ենք Ադրբեջանի կողքին», - վստահեցնում էր Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Երևանի և Բաքվի հարաբերություններին անդրադարձավ Իլհամ Ալիևի Անկարա կատարած այցի առիթով։ Թեև Ալիևն Անկարա էր ժամանել Մյունխենից, սակայն ֆորմալ առումով սա նրա առաջին պաշտոնական այցն էր փետրվարի 7-ի նախագահական ընտրություններից հետո։ Այս թեման ևս Էրդողանը շրջանցել չէր կարող։

«Փետրվարի 7-ի նախագահական ընտրությունների անցկացումը Ադրբեջանի ողջ ինքնիշխան տարածքում առանձնահատուկ նշանակություն ունի», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Էրդողանի հետ բանակցությունների ավարտին Իլհամ Ալիևը կրկին մի քանի անգամ հրապարակայնորեն իր երախտագիտությունը հայտնեց Թուրքիային՝ ղարաբաղյան խնդրում ցուցաբերած աջակցության համար, անթաքույց գոհունակությամբ խոսելով Հարավկովկասյան տարածաշրջանում Անկարայի աճող դերակատարության մասին։

«Թուրքիան այսօր մեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և համագործակցության երաշխավորն է», - հայտարարում էր Ալիևը։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ իր երկրում երբեք չեն մոռանա այն «եղբայրական աջակցությունը», որ ցուցաբերեց Թուրքիան այս հարցում։

«Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում մեր առանց այդ էլ զարգացած հարաբերությունները նոր մակարդակի բարձրացան», - ասում էր Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարի խոսքով՝ Անկարայի և Բաքվի հարաբերություններում առանցքային է հատկապես ռազմական համագործակցությունը։

«Մեր երկու երկրների բանակներն այսօր միասնական բռունցք են հանդիսանում։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմը, ինչպես նաև հինգ ամիս առաջ մեր կողմից իրականացված հակաահաբեկչական գործողությունը մեկ անգամ ևս վկայեցին՝ թուրքական բանակի մոդելը Ադրբեջանում վերջնականապես արմատավորվել է», - հայտարարում էր Ալիևը՝ որպես «հակաահաբեկչական գործողություն» ներկայացնելով Ադրբեջանի զինված ուժերի սեպտեմբերի 19-ի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։

Խոսելով Ղարաբաղի մասին՝ Ալիևը կրկին հայտարարում էր` Ադրբեջանը չվերահսկվող շրջաններ իր տարածքում այլևս չի հանդուրժի։

«Ղարաբաղում անցկացված հակաահաբեկչական գործողությունն ամբողջությամբ վերականգնեց մեր երկրի ինքնիշխանությունը։ Այսուհետ Ադրբեջանի տարածքում անջատական ուժերը երբեք չեն կարողանա գործունեություն ծավալել», - պնդում էր Ալիևը։

Ալիևի այսօրվա հայտարարություններից, սակայն, պարզ դարձավ, որ պաշտոնական Բաքվի համար ոչ բոլոր անջատականներն են հավասարապես անընդունելի։ Նշելով, որ հուլիսին Շուշիում կայանալու է թյուրքական պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքը, նա ընդգծում էր, թե դրան կմասնակցի նաև Հյուսիսային Կիպրոսի նախագահը։

1983-ին հռչակված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը» ճանաչվել է աշխարհի միայն մեկ պետության՝ Թուրքիայի կողմից։

Վերադառնալով Էրդողան-Ալիև այսօրվա բանակցություններին՝ նշենք, որ կողմերն Անկարայում քննարկել են նաև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն է՛լ ավելի խորացնելու հարցը։ Իլհամ Ալիևի խոսքով՝ «այսօր Բաքուն և Անկարան այս ոլորտում համատեղ արտադրություն ծավալելու նոր պլաններ ունեն»։

Ինչ վերաբերում է տնտեսական կապերի ամրապնդմանը, ապա կողմերի համար առանցքային շարունակում է մնալ էներգետիկան։ «Երկկողմ ապրանքաշրջանառությունը 15 միլիարդ դոլարի հացնելու հարցում մենք հաստատակամ ենք։ Նախորդ տարվա ցուցանիշներով այն կազմել է շուրջ 7.5 միլիարդ», - նշում էր Թուրքիայի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG