Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին:

Լըկորնյուին նախարարությունում դիմավորել են հանդիսավոր արարողությամբ՝ պատվո պահակախմբով և զինվորական նվագախմբով, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի պետական օրհներգերը։

Պատմության մեջ սա Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան։

Պապիկյանն ու Լըկորնյուն նախ առանձնազրույց են ունեցել, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով։

Ըստ հայկական կողմի՝ ամփոփվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:

Նախարարները կարևորել են հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հատուկ ուշադրության են արժանացել ռազմական կրթության, մարտական պատրաստության, տարբեր վարժանքների, խորհրդատվական և փորձագիտական աջակցության հարցերը:

Սուրեն Պապիկյանն ու Սեբաստիան Լըկորնյուն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ՝ ընդգծելով, որ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունն ու համատեղ ջանքերը բացառապես ուղղված են հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ՀՀ զինված ուժերի պաշտպանական կարողությունների զարգացմանը:

Նախքան Երևան ժամանելը, ֆրանսիական RTL-ի հետ զրույցում Լըկորնյուին ասել էր, որ Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ կապված Ադրբեջանից հնարավոր կամ բխող սպառնալիքների հետ։

«Ներկայումս կա շարունակվող գործընթաց, սակայն մեր պատասխանատվությունն է, որպեսզի Հայաստանը պարզապես ապահովի զսպող և պաշտպանողական կեցվածք: Մեր առաջարկը զուտ պաշտպանական է, թե ինչպես գործնականում թույլ տալ Երևանին ունենալ «երկիր-երկինք» պաշտպանական համալիրներ, եթե երբևէ հարձակում լինի մայրաքաղաքի վրա, ինչպես կարելի է մատակարարել զրահամեքենաներ, որպեսզի հայ զինվորները վտանգի չենթարկվեն։ Ֆրանսիան երբեք էսկալացիայի դիրքորոշում չի ունեցել՝ սա պատմական դիվանագիտություն է, և ակնհայտորեն մենք դրան հետևում ենք», - ասել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Ադրբեջանը հայ-ֆրանսիական համագործակցությանը շատ ցավոտ է արձագանքում․ Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ է ուղևորվում ոչ միայն Ֆրանսիայի պաշտպանության նախարարը, այլև զենքը. Figaro