Առաջին անգամ պատմության մեջ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վաղը կայցելի Հայաստան։ Տեղեկությունը ֆրանսիական RTL-ի հետ զրույցում հայտնել է անձամբ պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնյուն։
Պաշտոնյան շեշտել է, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմամթերք է մատակարարում բացառապես պաշտպանական նպատակներով։
«Համագործակցությունը միմիայն պաշտպանական նպատակներ ունի, Ֆրանսիան էսկալացիա չի ցանկանում։ Հայաստանը բարեկամ երկիր է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչը վկայում է երեկ Պանթեոնի միջոցառումը», - ասել է Լեկորնյուն։
Հարց. - Ֆրանսիան ռազմամթե՞րք է մատակարարում Հայաստանին:
Լըքորնյու. – Այո՛, ես հենց հիմա պատրաստվում եմ մեկնել Հայաստան, դա կարևոր խորհրդարանական պատվիրակություն է: Սա առաջին անգամն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության կամ զինված ուժերի նախարարը մեկնում է Հայաստան։
Հարց. - Առաջին անգամ ամբողջ պատմության ընթացքո՞ւմ:
Լըքորնյու – Ամբողջ պատմության ընթացքում, և կարծում եմ՝ արևմտյան երկրի պաշտպանության նախարարի այցը վերջին շուրջ տասը տարվա ընթացքում, և սա ինչ-որ բան ասում է: Հայաստանը, որը բարեկամ պետություն է, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, ինչը երեկ երեկոյան տեսանք Պանթեոնում՝ Էմանյուլ Մակրոնի նախագահած արարողության ժամանակ, առանձնահատուկ հարաբերություններ, հասկանում եք, որ Հայաստանն անվտանգային լուրջ մարտահրավերներ ունի, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, սահմանների պաշտպանությանը՝ կապված Ադրբեջանից հնարավոր կամ բխող սպառնալիքների հետ: Ներկայումս կա շարունակվող գործընթաց, սակայն մեր պատասխանատվությունն է, որպեսզի Հայաստանը պարզապես ապահովի զսպող և պաշտպանողական կեցվածք: Մեր առաջարկը զուտ պաշտպանական է, թե ինչպես գործնականում թույլ տալ Երևանին ունենալ «երկիր-երկինք» պաշտպանական համալիրներ, եթե երբևէ հարձակում լինի մայրաքաղաքի վրա, ինչպես կարելի է մատակարարել զրահամեքենաներ, որպեսզի հայ զինվորները վտանգի չենթարկվեն։ Ֆրանսիան երբեք էսկալացիայի դիրքորոշում չի ունեցել՝ սա պատմական դիվանագիտություն է, և ակնհայտորեն մենք դրան հետևում ենք:
Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ժամանել է Ֆրանսիա, պատվիրակության կազմում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։
Փաշինյանի հետ երկկողմ բանակցություններից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց, որ կշարունակեն համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Ավելի ուշ Մակրոնը նաև X-ում գրառում կատարեց՝ վերահաստատելով Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։
Հայ-ֆրանսիական համագործակցությանն Ադրբեջանը կոշտ է արձագանքում, Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։