«Ոչինչ չի արվում, քանի դեռ ամեն ինչ չի արվել»
Գազայի հատվածում հրադադար սահմանելու հարցով Կահիրեում անցկացվող բանակցություններում որևէ լուծում չի ուրվագծվում: Կողմերը համաձայնել են ևս երեք օրով երկարաձգել քննարկումները, բայց դրանց կմասնակցեն ավելի ցածր դիրք զբաղեցնող պաշտոնյաներ:
Այդ մասին այսօր հաղորդել է The New York Times պարբերականը, որի փոխանցմամբ, ամերիկյան ղեկավարությունը խուսափում է բանակցություններին գնահատականներ տալուց:
Նախօրեին Սպիտակ տան ազգային անվտանգության հաղորդակցության հարցերով խորհրդական և նախագահի օգնական Ջոն Քիրբին ասել է, որ բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանում, բայց մանրամասներ չի հայտնել և միայն բազմիմաստ ավելացրել է, թե «ոչինչ չի արվում, քանի դեռ ամեն ինչ չի արվել»:
Նրա խոսքով, նպատակը երկարատև և կայուն հրադադարն է, որը թույլ կտա ազատել պատանդներին և նվազեցնել բռնությունների աստիճանը:
«Մենք տակավին կենտրոնացած ենք երկարատև մարդասիրական հրադադար հաստատելու հնարավորության վրա: Ես հասկանում եմ ձեր հարցը և հայտնում, որ մենք աջակցում ենք և շարունակելու ենք աջակցել երկարատև մարդասիրական հրադադարի կայացմանը»,- նշել է Քիրբին:
«Լսել, բայց չընդունել «Համաս»-ի առաջարկները»
Իսրայելյան աղբյուրների համաձայն, չի համաձայնեցվել գլխավոր հարցը՝ քանի՞ բանտարկված պաղեստինցիների կազատի Իսրայելը «Համաս»-ի և դրա դաշնակից խմբավորումների կողմից պատանդառված իսրայելցիների դիմաց:
«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին փոխանակումն իրականացվել է «երեք կալանավորված պաղեստինցի մեկ իսրայելցի պատանդի դիմաց» տարբերակով:
Jerusalem Post իսրայելյան պարբերականի պնդմամբ, դեռ Կահիրեում անցկացվելիք բանակցություններից առաջ վարչապետ Բենյամին Նեթանյահուն մերժել է իսրայելյան հատուկ ծառայությունների կազմած բանակցային ծրագիրը և պատվիրակությանը հանձնարարել է «լսել, բայց չընդունել «Համաս»-ի առաջարկները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի վարչապետը մերժել է Գազայում հրադադարի մասին «Համաս»-ի առաջարկըՆեթանյահուն չի հրաժարվում կոշտ դիրքորոշումից
Իսրայելյան թերթը նաև հայտնում է, որ քաղաքական վերնախավում տարաձայնությունները սրվել են: Ընդդիմության լիդեր, նախկին վարչապետ և նախկին արտգործնախարար Յաիր Լապիդը քննադատել է պատվիրակության կեցվածքը Կահիրեում, ինչին ի պատասխան իշխող կուսակցությունը՝ «Լիկուդը» նրան մեղադրել է հանուն քաղաքական շահի բանակցությունների ընթացքին վնաս հասցնելու համար:
Նեթանյահուն պնդում է, որ բանակը չի դադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, քանի դեռ տուն չեն վերադառնա բոլոր պատանդները և ամբողջովին չի ոչնչացվի «Համաս»-ը:
Նա ասել է, թե դեմ չէ «երեք պաղեստինցի-մեկ իսրայելցի» բանաձևով փոխանակմանը, սակայն չի ընդունում հազարավոր պաղեստինցիների միանգամից ազատելու մասին «Համաս»-ի պահանջը:
Պատանդների ազգականներն արդյունք են պահանջում
Մինչդեռ, նրա այդ կոշտ դիրքորոշման դեմ են դուրս գալիս պատանդների ազգականներն, ովքեր ցույցեր են անցկացնում և կառավարությունից պահանջում են ցանկացած, այդ թվում՝ զիջումների գնով ապահովել ահաբեկիչների մոտ պահվող անմեղ մարդկանց վերադարձը:
«Գազայում հասարակական կարգը խաթարվել է»
«Բանակցություններն արդյունավետ չէին, և դա հայտնի դարձավ հենց այն ժամանակ, երբ սպասվում է իսրայելյան բանակի լայնածավալ ցամաքային գրոհը 1.5 միլիոն պաղեստինցի փախստականներ ընդունած Ռաֆահում», - հայտնել է «Ալ Ջազիրա» անգլալեզու արաբական հեռուստակայանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր ասում են չմտնել Ռաֆահ՝ Իսրայելին պարտության են դրդում. ՆեթանյահուՓախստականների վիճակը հիրավի անտանելի է դառնում: Այդ մասին նախօրեին խոսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Ինձ առավելապես անհանգստացնում է Գազայում մարդասիրական օգնության առաքման վատթարացող պայմանները և անվտանգությունը: Հասարակական կարգը խաթարվել է: Իսրայելի կողմից պարտված սահմանափակումներն էլ ավելի են բարդացրել մարդասիրական օգնության բաշխումը», - հայտարարել է Գուրտերեշը:
«Թող հրեշտակները մեր հոգիները տանեն երկինք»
Հուսահատված վիճակում գտնվող դժբախտ փախստականները չգիտեն, թե արդյո՞ք կա ելք:
«Հիմա իսրայելցիները մեզ ուզում են Ռաֆահից էլ վտարել, բայց ո՞ւր գնանք, թռչենք երկի՞նք, թող հրեշտակները գան, վերցնեն մեր հոգիները տանեն երկինք, ազատվենք այս ամենից», - նշել է Ում Նեդալը: