Մատչելիության հղումներ

Ովքեր ասում են չմտնել Ռաֆահ՝ Իսրայելին պարտության են դրդում. Նեթանյահու


Գազայի հատված - Պաղեստինցիները սգում են հարազատների մահը, Ռաֆահ, 12-ը փետրվարի, 2024թ.
Գազայի հատված - Պաղեստինցիները սգում են հարազատների մահը, Ռաֆահ, 12-ը փետրվարի, 2024թ.

Ցամաքային գործողությունը՝ մահացու վտանգ բնակիչների համար

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել է, որ բանակը պատրաստ է ցամաքային գործողություն իրականացնել Եգիպտոսի սահմանի մոտ գտնվող Ռաֆահում:

Գազայի հատվածի հարավում այդ ավանում ապաստանել են հարյուր հազարավոր պաղեստինցիներ, ովքեր չորս ամիս շարունակվող պատերազմի ընթացքում հեռացել են Գազա քաղաքից և մշտական գրոհների ենթարկվող մյուս բնակավայրերից:

Ռաֆահը հիմա էլ է հրթիռակոծվում: Ամեն օր տասնյակներով մարդիկ են զոհվում: Միայն անցած 24 ժամում իսրայելյան հարվածից, ըստ պաղեստինյան աղբյուրների, ավելի քան 90 մարդ է սպանվել: Վերջին թիրախներից մեկն Աբու Յուսուֆ Ալ-Նաջար հիվանդանոցն էր, որտեղ մեծ թվով վիրավորներ են եղել:

Երբեմնի 180-հազարանոց Ռաֆահի բնակիչների թիվն ավելի քան 7 անգամ է ավելացել՝ այսօր ավանում գտնվում է 1 միլիոն միլիոն 400 հազար մարդ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և մի շարք երկրների լիդերներ Նեթանյահուին կոչ են անում հրաժարվել Ռաֆահում ցամաքային գրոհից, քանի որ այն անխուսափելիորեն կհանգեցնի մեծ կորուստների խաղաղ բնակչության շրջանում:

Իսրայելի թիրախը «Համաս»-ի 4 գումարտակներն են

Բայց Նեթանյահուն պնդում է, որ Ռաֆահում ապաստանել են ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև «Համաս»-ի 4 գումարտակներ, ուստի Իսրայելի բանակի խնդիրն է ոչնչացնել զինյալներին:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ահաբեկչական կառույց է ճանաչվել:

Իսրայելի բանակը հավատացնում է, թե ամեն բան անում է քաղաքացիական բնակչության կյանքի անվտանգության համար. բանակը նախազգուշացնում է հարձակումների մասին, օգնում է տարհանմանը, խուսափում է քաղաքացիական նշանակության շենքերին հարվածելուց:

Նեթանյահուն հայտարարել է, թե իսրայելական բանակի մարտավարությունն է խաղաղ բնակիչներին չենթարկել վտանգի, իսկ «Համաս»-ինը հենց հակառակն է՝ հնարավորինս մեծ վտանգի տակ պահել բնակիչներին:

«Նրանք, ովքեր պահանջում են, որ մենք ոչ մի դեպքում չմտնենք Ռաֆահ, գործնականում ասում են՝ պարտվեք այս պատերազմում, թողեք, որ «Համաս»-ը մնա այնտեղ», - ասել է Իսրայելի վարչապետը:

Այսօրվա դրությամբ, ըստ արաբական աղբյուրների, Գազայի հատվածում սպանվել է առնվազն 28 հազար 340 պաղեստինցի: Եվս մոտ 68 հազար մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Գազան վերածվել է ավերակների: Զոհերի մեծամասնությունը երեխաներ են և կանայք:

Նեթանյահուն պնդում է, որ իսրայելցիների հարվածներից զոհվել է «Համաս»-ի մոտ 20 հազար ահաբեկիչ:

Նա ասել է, թե Իսրայելի պարտությունից բոլորը կպարտվեն, հետևաբար, չի կարելի հրեից պետությանը դրդել պարտության:

Նրա խոսքով, Ռաֆահում ապաստանածները կարող են շարժվել դեպի Գազայի հատվածի հյուսիսային շրջան:

Վիրավորանք Նեթանյահուի հասցեին

Վաշինգտոնն էլ է իսրայելցիներին զսպվածության կոչ անում, ինչը, վերլուծաբանների փոխանցմամբ, լարվածություն է առաջացրել Նեթանյահուի և Սպիտակ տան հարաբերություններում:

NBC հեռուստակայանի փոխանցմամբ, Բայդենը նեղ շրջապատում ասել է, թե վերջին շաբաթներին ինքը պարբերաբար զրուցում է Իսրայելի վարչապետի հետ և չի կարողանում նրան համոզել՝ դադարեցնել կրակն, ինչն ահավոր բարդացնում է կարգավորման աշխատանքը:

Հեռուստակայանը պնդում է նաև, որ Բայդենը քննարկումներից մեկի ընթացքում «հիմար» է անվանել Նեթանյահուին:

Քեմփ-Դեյվիդի պատմական համաձայնագրերը՝ վտանգի տակ

Մինչդեռ հետզհետե ավելի մեծ նյարդայնություն և վրդովմունք է նկատվում հարևան Եգիպտոսում:

Ռաֆահը մի ավան է, որը երկու մասի է բաժանվել 1982 թվականին, երբ իսրայելյան բանակը հեռացել է Սինայի թերակղզուց: Մի մասը մնացել է Եգիպտոսին, մյուսը հայտնվել է Գազայի հատվածում:

Այդպես Ռաֆահը դարձել է անցակետ, վերածվել Մերձավոր Արևելքի «Բեռլինի պատի», որը միմյանցից անջատել է նույն համայնքի ընտանիքների անդամներին:

Կահիրեն այսօր կարևոր նախազգուշացում է արել՝ Ռաֆահ Իսրայելի բանակի ներժխուժան դեպքում Եգիպտոսը կչեղարկի 1979 թվականի Քեմփ-Դեյվիդի պատմական համաձայնությունն Իսրայելի հետ, որով երկու երկրները Միացյալ Նահանգների հովանու ներքո խաղաղություն են կնքել:

XS
SM
MD
LG