Գազայի հատվածում յուրաքանչյուր բնակիչ այսօրվա դրությամբ թերսնված է, և աշխարհի ամենասոված մարդկանց մեծ մասը գտնվում է հենց Գազայում: Այդ մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Գազայում ոչ ոք բավարար սնունդ չունի: Նայեք աշխարհի 700 հազար ամենասոված մարդկանց, այդ մարդկանցից հինգից չորսն ապրում են այս փոքրիկ տարածքում», - ասել է Գուտերեշը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բաց բանավեճի ժամանակ:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է անցյալ տարվա հոկտեմբերի 7-ից, երբ «Համաս»-ը Գազայի հատվածի տարածքից հարձակվեց Իսրայելի խաղաղ բնակավայրերի վրա: «Համաս»-ը Միացյալ Նահանգների և Եվրամիության կողմից ահաբեկչական կառույց է ճանաչվել:
Ի պատասխան այդ հարձակման, Իսրայելը նախաձեռնեց լայնածավալ ռազմական գործողություն, որի նպատակն է ամբողջությամբ ոչնչացնել «Համաս»ը:
Պատերազմը շարունակվում է արդեն չորս ամսից ավելի: Պաղեստինյան աղբյուրների համաձայն՝ այս ընթացքում Գազայում զոհվածների թիվը գերազանցել է 28 հազար 400-ը, ավելի քան 68 հազար մարդ վիրավորվել է: